Վալերի Օսիպյանի և մյուս ոստիկանների ցուցմունքը՝ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով վճռի հիմքում. դատարանի վճիռը
Հոկտեմբերի 17-ին հրապարակված վճռով՝ Շանթ Հարությունյանը և նրա ընկերները մեղավոր ճանաչվեցին՝ դատապարտվելով տարբեր ժամանակահատվածով ազատազրկման: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ երկու ամբաստանյալներ՝ Ալբերտ Մարգարյանը և Մկրտիչ Հովհաննիսյանն անմեղ ճանաչվեցին իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ. այս հոդվածով մեղավոր ճանաչվեց Վահե Մկրտչյանը, իսկ Հայկ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց առանց իրացնելու նպատակի զգալի չափով հոգեմետ նյութ ապօրինի պահելու մեջ:
Նշենք, որ այս քրեական գործով բոլոր տուժողները ոստիկաններ են, ընդ որում, նրանց մեծ մասը տուժող էին ճանաչվել միայն այն բանի համար, որ նրանց աչքերն արցունքոտվել էին, մի քանի ամբաստանյալներ զրկվեցին վերջին խոսքի իրավունքից, դատավճիռը հրապարակվեց աշխատանքային ժամի ավարտից հետո՝ 7:30-ին, իսկ մինչև դատավճռի կայացումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Շանթ Հարությունյանը խուլիգանություն է կատարել:
Datalex դատական տեղեկատվական համակարգում օրերս տեղադրվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված վճիռը:
Ինչ է հաստատված համարել դատարանը
Վճռում դատարանը նշել է, որ ապացուցված է համարում, որ 2013թ. հոկտեմբերի 30-ից, Շանթ Հարությունյանն իր համախոհների հետ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպել է նստացույց, փակցրել է «Ես սկսում եմ հեղափոխություն, Շանթ Հարությունյան» պաստառը, հայտարարել է, որ նոյեմբերի 5-ին կազմակերպելու է «Գայ Ֆոքսին» նվիրված հանրահավաք։ Ըստ վճռի՝ ամբաստանյալը նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակում հավաքված բազմությանն անհնազանդության կոչերով տրամադրել և նախապատրաստել է խուլիգանության կատարման` այդ ընթացքում հայտարարելով նաև. «Հա, պտի էթանք, բա ի՞նչ պտի անենք, բենզինի շշերով, պտի ոչ թե նախագահականը հրդեհեմ, այլ պաժառ տամ…», այնուհետև նա կոչ է արել հավաքվածներին՝ մասնակցել երթին` Ոստիկանության աշխատակիցներին նախապես տեղյակ չպահելով երթի ուղին և ժամանակացույցը։
Դատարանն ապացուցված է համարել, որ Շանթ Հարությունյանի համախոհները վերցրել են հրատեխնիկական միջոցներ, փայտյա մահակներ և հետևելով Շանթ Հարությունյանին` նրա հետ միասին դուրս են եկել Մաշտոցի պողոտայի երթևեկելի մաս։ Ըստ դատարանի՝ Ոստիկանության աշխատակիցները փորձել են նրանց դուրս հրավիրել երթևեկելի գոտուց և վերականգնել հասարակական կարգը, սակայն երթի մասնակիցների մի մասը, այդ թվում՝ ամբաստանյալներից մի քանիսը, քարերով լիցքավորված ինքնաշեն հրատեխնիկական միջոցները նետել են Ոստիկանության աշխատակիցների ոտքերի տակ, որն ուղեկցվել է պայթյունների ուժգին ձայնով, ծխի և այրվող արգասիքների անջատումով։
«Այդ գործողությունների պատճառով նշված վայրում գտնվող հասարակության անդամների մոտ առաջացել է վախ և սկսվել է իրարանցում, որի հետևանքով տևական ժամանակ կազմալուծվել է մայրաքաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող գլխավոր պողոտայի երթևեկությունը, խոչընդոտվել է հետիոտների տեղաշարժը»,- նշել է դատարանը: Դատարանը ապացուցված է համարել նաև, որ քրեական գործով ամբաստանյալներից մի քանիսը հարվածել են ոստիկանների, ինքնաշեն հրատեխնիկական միջոցներ նետել ոստիկանների ուղղությամբ:
Ինչով է դատարանն ապացուցված համարել իր կողմից հաստատված հանգամանքները
Որպես ապացույց՝ դատարանը ներկայացրել է մի խումբ ոստիկանների ցուցմունքներ: Դրանց շարքում են տուժողների՝ Երևան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ Անդրանիկ Առաքելյանի, ՊՊԾ ոստիկանության գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ավագ ոստիկան Պետրոս Հայրապետյանի, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ Վալերի Օսիպյանի, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հրամանատար Խաչատուր Ավետիսյանի, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայության տեսուչ Ազատ Հովսեփյանի, Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գևորգյանի, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 3-րդ բաժանմունքի պետ Էդգար Ալեքսանյանի, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի հատուկ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայության տեսուչ Արա Մարտիրոսյանի, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին հրամանատար Արթուր Վարդգեսյանի ցուցմունքները, Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայության տեսուչ Արսեն Սարգսյանի, Ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան Ազիզ Միրզոյանի, Ոստիկանության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ոստիկան Ռազմիկ Խառատյանի՝ դատաքննության ընթացքում տված ցուցմունքները, Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 2-րդ բաժանմունքի ավագ օպեր-լիազոր Հարություն Ալեքսանյանի նախաքննական ցուցմունքները:
Վճռում որպես ապացույց՝ վկայակոչվել են վկաների ցուցմունքներ, որոնց մեծ մասը ևս ոստիկաններ են:
Ըստ դատարանի վճռի՝ դատապայթյունատեխնիկական փորձաքննության համաձայն՝ փաթեթներում առկա համապատասխանաբար՝ թվով երկու և մեկ, թղթով և պոլիմերային նյութով փաթեթավորված օբյեկտները հանդիսանում են ինքնաշեն եղանակով պատրաստված հրատեխնիկական միջոցներ և բաղկացած են ինքնաշեն հրատեխնիկական խառնուրդից` կալիումի պերմանգանատից (KMnO4) (օքսիդիչ), բրոնզե փոշուց (վառելիք) և կայծի աղբյուր հանդիսացող ողորկ քարերից, իսկ «17» գրառմամբ փաթեթում առկա երկու քարերը և պոլիմերային և թղթյա կտորի կիսաայրված բացված փաթեթը հանդիսանում են ինքնաշեն եղանակով պատրաստված հրատեխնիկական միջոցների բաղադրիչներ` փաթեթներ և քարեր, որոնց վրա առկա են հրատեխնիկական խառնուրդի` կալիումի պերմանգանատի (KMnO4) և բրոնզե փոշու հետքեր։ Նշված հրատեխնիկական միջոցները և դրանց բաղադրիչներն իրենց մեջ պայթուցիկ սարքավորման հատկանիշներ չեն պարունակում և ռազմամթերք չեն հանդիսանում: Որպես ապացույցներ՝ վկայակոչվել են տուժող ճանաչված ոստիկանների նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննությունները, Շանթ Հարությունյանի նկատմամբ իրականացված ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունը, որի համաձայն՝ նա չի տառապել և չի տառապում հոգեկան հիվանդությամբ, մեղսագրվող արարքի նկատմամբ նրան հարկ է ճանաչել մեղսունակ: Որպես ապացույց՝ դատարանը վկայակոչել է նաև տեսանյութերի զննության արձանագրությունները:
Ինչ ցուցմունք են տվել ամբաստանյալները
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում մեջբերել է ամբաստանյալների ցուցմունքները: Ըստ դատարանի՝ նրանք տվել են հետևյալ ցուցմունքները.
1. Ամբաստանյալ Շանթ Հարությունյանն «առաջադրված մեղադրանքի շուրջ նախաքննության ընթացքում դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ սկզբից Միսակին և Ալբերտին կանչել և ասել է, թե ինչ պետք է անեն, և հայտնել է, որ ցանկանում է, որ իր հետ լինեն։
Նրանք գնացել և մի օր շուտ մնացել են իրենց տանը։ Հաջորդ օրը միասին գնացել են Ազատության հրապարակ։ Կատարվածի շարժառիթը եղել է իշխանությունների պահվածքը։ Քանի որ յուրաքանչյուր օր իշխանությունն է կարգը խախտում, մի օր էլ իրենք են կարգը խախտել։ Ինքը որոշել է գնալ Մաշտոցի պողոտա, այդտեղից բարձրանալ Կառավարության շենքի դիմաց և ցույց անել, որից հետո հետ գնալ Օպերա։ Քանի որ իրենց ասել են, որ պրովոկացիա է լինելու` որոշել է Վ. Օսիպյանին չհայտնել իրենց երթուղին, որպեսզի ոստիկանները չփակեն իրենց ճանապարհը։
Երբ Վ. Օսիպյանի հետ զրուցել է, վերջինիս հարցին պատասխանել է, որ չի գնալու Երևանի Բաղրամյան 26 հասցե։ Փայտերն ու պայթուցիկներն ինքն է բերել Ազատության հրապարակ, որպեսզի ոստիկանների կողմից ուժ գործադրելու դեպքում հակադրություն կատարեն։ Իրենց զրույցի ընթացքում Վ. Օսիպյանն ասել է, որ ուղեկցելու են իրենց, և որևէ կոնֆլիկտային տրամադրություն չկա։ Իրենց ոչ մի ոստիկան չի դիմել, որպեսզի դուրս չգան երթևեկելի մաս, քանի որ իրենք պայմանավորվել էին և երթի էին դուրս եկել Վ. Օսիպյանի հետ։ Մաշտոցի պողոտա դուրս գալիս` հետևից բռնել են իր ուսից և հետ հրել։ Դա իր համար շատ վիրավորական է եղել։ Իրեն քաշելու հետ զուգահեռ՝ ասել են, որ դուրս գա մայթ։
Իրեն և տղաներին Ոստիկանության բաժնում տարել են առանձին սենյակներ»:
2. Ամբաստանյալ Լիպարիտ Պետրոսյանը «նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ 2013թ. հանդիպել է Շանթին և իմացել է նրա անելիքների մասին։ Հոկտեմբերի 31-ից եղել է Ազատության հրապարակում։ Նոյեմբերի 5-ին որոշել են երթը սկսել։ Որոշակի սադրանքներից և Շանթի ելույթներից հետո սկսել են երթը։ Տղաները շարժվել են, իսկ ինքն իրենց մոտ գտնվող կիթառը որոշել է տանել և դնել ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ։ Կիթառը բեռնախցիկ դնելու պահին լսել է պայթյուններ։
Շրջվել և տեսել է, որ խառնաշփոթ է։ Այդ ժամանակ ձեռքին փայտ չի եղել։ Վազել է դեպի տղաները, և այդ ժամանակ իր դիմաց դուրս է եկել կարմիր բերետով ոստիկան, ով ձեռքի փայտով ժողովրդին հրել է դեպի հետ։ Մոտեցել է, գոռացել և ձեռքից քաշելով` վերցրել է փայտը։ Դրանից հետո դուրս է եկել դեպի փողոց և մխրճվել ամբոխի մեջ։ Երբ տղաները մի քանի անգամ հարվածել են սադրիչին` ինքը փորձել է դաստիարակչական աշխատանքներ տանել այդ անձի նկատմամբ։ Ինքը երկու կամ երեք հարված է հասցրել։
Դրանից հետո մի քանի հոգի մոտեցել են իրեն և ձեռքից վերցրել փայտը։ Այնուհետև սկսել է տղաներին ազատել ոստիկանների ձեռքից։ Երբ ոստիկանները Շանթի ձեռքերը ոլորել են և տարել դեպի ավտոմեքենան` ինքը գնացել է նրա հետևից, որից հետո իրեն նույնպես բռնել և տարել են ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին»:
3. Ամբաստանյալ Վարդան Վարդանյանը «նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ Շանթն իր մանկության ընկերն է։ Երթի ժամանակ քայլել է Շանթի կողքով։ Չեն իմացել, թե ուր են գնալու։ Միակ տեղը, որ ոստիկանները չեն փակել, և իրենք կարող էին քայլել` դա փողոցի երթևեկելի մասն է եղել։ Երթևեկելի մասում մարդիկ են եղել, և, քանի որ Վ. Օսիպյանն ասել էր, որ ուղեկցելու են իրենց` դրա համար մտածել է, որ ճանապարհ են տալիս, որպեսզի իրենք անցնեն։
Ոստիկանության բաժնում ոստիկանապետը քննիչների և այլ անձանց հետ ծեծի է ենթարկել իրեն։ Չորս հոգի ձեռքերից են բռնել, մեկը` վզից, իսկ ոստիկանապետը հարվածել է իրեն։ Բացի այդ, երկու նախագահների կողմից տրված կառավարական պարգևներն իր դոշից պոկել և տարել են»։
4. Ամբաստանյալ Ավետիս Ավետիսյանը «նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի շուրջ դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ 2013թ. հուլիսի վերջին ծանոթացել է Շանթի ընկերների հետ և տեղեկացել նրանց գաղափարներից ու անելիքներից։ Հավանել է նրանց գաղափարներն ու անելիքները և գտել է, որ ճիշտ լուծումը միայն հեղափոխությունն է։
2013թ. հոկտեմբերի 31-ին, ժամը 8։30-9։00-ի սահմաններում գնացել է տուն, վերցրել է այն, ինչ իրեն անհրաժեշտ է։ Ժամը 11։00-ին զանգահարել է Վարդանին և տեղեկանալով, որ նրանք Օպերայում են` գնացել է այնտեղ։ Այդ օրը մնացել է Օպերայում և զրուցել նրանց հետ։ Չի գնացել միայն նոյեմբերի 3-ին, քանի որ այդ օրը հարսանիքի է մասնակցել։ Նոյեմբերի 5-ին գնացել է Օպերա և տեղեկացել, որ պետք է երթ լինի։ Երթի մասին բոլորը տեղյակ են եղել։ Ինքն անձամբ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է, որ այդ օրը և ժամին երթ է լինելու։ Պայմանավորված ժամին երթը սկսվել է, սակայն ոստիկանները կռիվ են սարքել, իսկ իրենք պաշտպանվել են։ Ինքը պայթեցրել է երկու պայթուցիկ։ Մի պահ տեսել է Սևակին` գետնին ընկած վիճակում։ Մի պահ էլ տեսել է, որ նրան նստեցնում են ավտոմեքենան»:
5. Ամբաստանյալ Սևակ Մնացականյանը «նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի շուրջ դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ 2013թ. նոյեմբերի 5-ին գնացել է Օպերայի մոտ։ Երթից մի փոքր անց պայթյուններ են սկսվել։ Վազել է այդ ուղղությամբ և տեսել, որ մարդիկ հարվածում են իրար։ Ինքը փնտրել է Ավետիսին, որի ժամանակ քաղաքացիական հագուստով մի տղամարդ բռնել է իր ձեռքից` ասելով. «արի էս կողմ, տենամ՝ դու ո՞վ ես»։ Նրան հրել է մի կողմ և վազելով գնացել։ Տեսել է, որ 10-15 հոգի Ավետիսին գցել են գետնին։ Մոտեցել է նրան և հանել նրանց միջից։ Զգացել է, որ Ավետիսը լարված վիճակում է։ Փոխադարձ հարցրել են իրավիճակի մասին, որից հետո ինքը վազել է մի կողմ, իսկ Ավետիսը` մյուս կողմ։ Դրանից հետո տեսել է, որ Ավետիսը գնացել է ընկերներին օգնելու, սակայն նրան գցել են գետնին։ Ինքն էլ մոտեցել է, որպեսզի օգնի Ավետիսին, սակայն իրենց տարել են Ոստիկանության բաժին»։
6. Ամբաստանյալ Միսակ Առաքելյանը «նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի շուրջ դիրքորոշում չի հայտնել և հրաժարվել է ցուցմունքներ տալուց, իսկ դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ ինքը Մաշտոցի պողոտա մտել է ավելի ուշ, երբ միջադեպն արդեն սկսված է եղել։ Այդ ժամանակ տոպրակներով պայթուցիչներն անմիջապես պայթել են իր կողքին։ Ինքը գտնվել է ծխի մեջ, որից դուրս գալով` տեսել է Շանթ Հարությունյանին՝ գետնին ընկած վիճակում։ Ոստիկանները փորձել են Շանթ Հարությունյանին պառկեցնել գետնին։ Ինքը շրջվել է, տոպրակների միջից վերցրել է պայթուցիկներ և նետել է նրանց վրա։ Տեղի են ունեցել պայթյուններ, որից հետո ոստիկանները փախել են, իսկ Շանթ Հարությունյանը վերադարձել է իր մոտ։ Դրանից հետո ինքը կրկին մի քանի պայթուցիկ է նետել, և իրեն բերման են ենթարկել։ 8-9 պայթուցիչները պատահական են պայթել, քանի որ տոպրակը պոկվել է, և դրանք ընկել են գետնին»։
7. Ամբաստանյալ Ալբերտ Մարգարյանը «նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ Շանթ Հարությունյանին ճանաչում է 1990 թվականից և նրա հետ գտնվում է ընկերական հարաբերությունների մեջ։ 2013թ. հոկտեմբերի 28-ին կամ 29-ին իրենց ընդհանուր ընկեր Միսակ Առաքելյանը զանգահարել և հայտնել է, որ Շանթ Հարությունյանն իրենց կանչել է Երևան քաղաքի Ազատության հրապարակում հոկտեմբերի 31-ին կազմակերպած նստացույցին մասնակցելու համար։
Համաձայնվել է և հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Շանթ Հարությունյանի, նրա որդի Շահեն Հարությունյանի, իրենց համախոհներ Միսակ Առաքելյանի, Վարդան Վարդանյանի, Վահիկի, Տիգրանի, Հայկի և մի քանի այլ անձանց հետ մասնակցել է Ազատության հրապարակում կազմակերպված նստացույցին, որի ընթացքում գիշերել են այնտեղ։ Նստացույցի ժամանակ բոլորով որոշել են նոյեմբերի 5-ին երթ իրականացնել և իրենց հետ վերցնել փայտե մահակներ՝ անհրաժեշտության դեպքում ինքնապաշտպանվելու համար։
2013թ. նոյեմբերի 5-ին, ժամը 14։30-ի սահմաններում, արթնացել, մոտեցել է Ազատության հրապարակի հարթակի մոտ հավաքված իրենց համախոհներին և տեսել, որ այնտեղ 2 կապոցով դրված են 20-30 հատ՝ բահի համար նախատեսված, 1,5-1,6 մետր երկարությամբ փայտե բռնակներ, իսկ դրանց կողքին` պոլիմերային տոպրակի մեջ դրված են եղել բրոնզի փոշուց և մարգանցովկայից պատրաստված կլորավուն ինքնաշեն պայթուցիչներ։ Դրանք տեսնելով` զարմացել է և Միսակին հարցրել, թե ինչու են դրանք բերել, իսկ վերջինս պատասխանել է, որ պետք են։
Շանթ Հարությունյանը բարձրանալով հարթակ` հայտարարել է, որ շուրջ կես ժամից երթ է լինելու։ Այնուհետև ինքը, Շանթ Հարությունյանը, նրա որդի Շահենը, Հայկը, Միսակ Առաքելյանը, Վարդան Վարդանյանը, Ալիկը, Վահիկը, Տիգրանը, ինչպես նաև իրենց մի քանի այլ համախոհներ մոտեցել և վերցրել են փայտե մահակները և պայթուցիկները։ Ինքը վերցրել է մեկ հատ փայտ և երկու պայթուցիկ։ Շանթ Հարությունյանը փայտը ձեռքին շարժվել է դեպի Մաշտոցի պողոտա, իսկ իրենք հետևել են նրան։ Մաշտոցի պողոտա դուրս գալու հատվածում Շանթ Հարությունյանին մոտեցել է մի ոստիկան։
Քանի որ գտնվել է նրանցից 2-3 մետր հեռավորության վրա` չի լսել նրանց խոսակցությունը, սակայն հասկացել է, որ ոստիկանը փորձում է խոսել նրա հետ, քանի որ ընկել էր Շանթի թևը։ Այդ պահին իրարանցում է սկսվել, ստեղծվել է խառը իրավիճակ և քաշքշուկ, լսել է պայթյուններ, և ծուխ է բարձրացել։ Ինքը հանել է իր մոտ եղած երկու պայթուցիչները և նետել ոստիկանների կողմը։ Այդ ժամանակ նկատել է, որ Շանթը, Շահենը, Վարդանը, Միսակը, Վահեն, Հայկը, Ալիկը և իրենց մյուս կողմնակիցները կռվում են ոստիկանների հետ, քաշքշում են միմյանց և փայտերով հարվածում են ոստիկաններին։ Իր ձեռքի փայտով սկսել է խառը հարվածներ հասցնել ոստիկաններին։
Նկատել է, որ իրենց տղաներից մի քանիսը, որոնցից հիշում է Վարդան Վարդանյանին, իրենց ձեռքերի փայտերով հարվածում են գետնին ընկած մի ոստիկանի, որն իր հիշելով՝ քաղաքացիական հագուստով է եղել։ Ինքը մեկ անգամ իր ձեռքի փայտով հարվածել է գետնին ընկած այդ տղային։ Այդ պահին տեսել է, որ Շահենն ընկած է գետնին, իսկ ոստիկանները փորձում են նրան քաշել։ Նրա մոտ տեսել է գետնին ընկած բջջային հեռախոս և մտածելով, որ այն Շահենինն է` վերցրել է։ Այդ պահին ոստիկանները բռնել են իրեն և տարել Ոստիկանություն։
Ինքը մասնակցել է խաղաղ երթի։ Ի սկզբանե խուլիգանություն կատարելու կամ իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու դիտավորություն և նպատակ չի ունեցել։ Այդ ամենը եղել է սադրանքի արդյունք։ Ոստիկանության աշխատակիցները, որոնց ինքն իբրև թե հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել` եղել են քաղաքացիական հագուստով։ Ինչպես՝ իր, այնպես էլ՝ մյուսների համար պարզ չի եղել, որ նրանք Ոստիկանության աշխատակիցներ են։ Քանի որ նախապես մտածել են, որ խաղաղ երթը խափանելու համար կարող էին իրենց դեմ սադրանքների դիմել, ուստի իրենք նրանց ընդունել են՝ որպես սադրիչ քաղաքացիների, և ոչ թե՝ Ոստիկանության աշխատակիցների։ Տեսանյութը դիտելուց հետո համոզված է, որ իր հարվածներից որևէ մեկը մարմնական վնասվածք չի ստացել:
Ամբաստանյալ Ալբերտ Աբելի Մարգարյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ դեռևս ամիսներ առաջ հեռուստացույցով լսել է Շանթի հայտարարության մասին։ Հետո ինքն ու Միսակը մի քանի անգամ հանդիպել են։ Միսակը հոկտեմբերի 30-ին գնացել է Ազատության հրապարակ, իսկ ինքը` հոկտեմբերի 31-ին։ Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը համարյա չի քնել։ Առավոտյան փորձել է ավտոմեքենայի մեջ քնել, սակայն չի կարողացել։ Երբ առավոտյան վերադարձել է հարթակ` փայտերն արդեն այնտեղ են դրված եղել։ Դրանից հետո սկսվել է երթը։ Այդ ընթացքում մի սադրիչ է եկել և խոսել։
Շանթը զգուշացրել է, որ սադրիչներ կան, և ասել է, որ զգույշ լինեն։ Տեսել է, թե ինչպես են Շանթն ու Օսիպյանը միասին քայլում։ Ինքը գտնվել է նրանցից 3 մետր հեռավորության վրա։ Դրանից հետո Օսիպյանը հետ է մնացել և ձայն է տվել Շանթին, սակայն վերջինս չի լսել։ Դրանից հետո իրեն հետևից քաշել են, և բազմություն է հավաքվել։ Ինքը շրջանցել է և մինչև Մաշտոցի պողոտա դուրս գալը` երկու-երեք պայթյուն է հնչել։ Մտել է պողոտա և հիշել, որ իր մոտ նույնպես երկու պայթուցիկ կա։ Հանել է և գցել պողոտայի մեջտեղի հատվածում կամ ոստիկանների ոտքերի տակ։ Հետո ծուխ է եղել, բայց իր աչքերը չեն մրմռացել։ Երբ մի քիչ ծուխը ցրվել է` տեսել է, որ քաղաքացիական հագուստով մի տղամարդ պառկած է գետնին։ Հետագայում իմացել է, որ նա ոստիկան է։ Սկզբում մտածել է, որ նա սադրիչ է, և մոտեցել ու թեթև հարվածել է նրա ուսին։ Ինքը հետ է շրջվել ու տեսել, որ Շահենն ընկած է, և մի քանի ոստիկաններ նրա կողքին են։ Ցանկացել է մոտենալ նրան, սակայն ոստիկանները բռնել են իր ոտքերից և տարել Ոստիկանության բաժին, որտեղ իր գրպանում պահվող դանակը տվել է ոստիկաններին»։
8. Ամբաստանյալ Վահե Մկրտչյանը «նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ մշտապես կապի մեջ գտնվելով Շանթ Հարությունյանի հետ` նրանից տեղեկացել է, որ նա նստացույց է կազմակերպելու Երևանի Ազատության հրապարակում, իսկ 2013թ. նոյեմբերի 5-ին դուրս են գալու երթի։ 2013թ. հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել է նստացույցին։ Նոյեմբերի 3-ին Շանթ Հարությունյանի հետ միասին, Երևան քաղաքի Նոր Նորքի 1-ին զանգվածի մի քանի շինանյութի խանութներից գնել են 90 հատ բահի փայտե բռնակներ, որոնց դիմաց վճարել է Շանթ Հարությունյանը։ Դրանք իր «ՎԱԶ 2121» մակնիշի, 02 ՕՍ 196 պետհամարանիշի ավտոմեքենայով տեղափոխել են Ազատության հրապարակ։ Բացի այդ, դեղատնից գնելով մարգանցովկայի փոշի և տնից վերցնելով բրոնզի փոշի (կալիումի պերմանգանատ), նստացույցի ժամանակ, հենց Ազատության հրապարակում, Շանթ Հարությունյանի իմացությամբ և համաձայնությամբ՝ այդ նյութերով և քարի կտորներով պատրաստել է 10 հատ պայթուցիչներ։
Նախապես նշված փայտերը գնելով և պայթուցիչները պատրաստելով` նպատակ են ունեցել նոյեմբերի 5-ի երթի ժամանակ զինվել այդ փայտերով և պայթուցիչներով՝ անհրաժեշտության դեպքում ոստիկանների և սադրիչների դեմ դրանք որպես ինքնապաշտպանության միջոց կիրառելու նպատակով։ Երթը սկսվելուց առաջ երթի մասնակիցները զինվել են փայտերով և պայթուցիչներով։ Վերցրել է մեկ փայտե մահակ և մեկ պայթուցիչ։ Ազատության հրապարակից երթը սկսվել է ժամը 17։00-ի սահմաններում, և շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա, որի մայթեզրին խառնաշփոթ է սկսվել և վերածվել է ժողովրդի ու ոստիկանների միջև կռվի։ Լսվել են պայթյունների ձայներ, և փողոցի նշված հատվածը լցվել է ծխով։ Նկատել է, որ Շանթ Հարությունյանը և նրա որդի Շահենն ընկած են գետնին, և ոստիկանները հարվածում են նրանց։ Փորձել է ոստիկաններին հրելով` դուրս հանել Շանթին, սակայն ոստիկաններն իրեն հետ են հրել։ Դրանից հետո իր մոտ եղած պայթուցիչը գցել է գետնին, որպեսզի ոստիկանները հետ գնան ծխի ազդեցությունից։
Պայթյունից հետո բոլորը հետ են քաշվել, և Շանթն ու նրա որդին ոտքի են կանգնել։ Այդ պահին ծոծրակի մասում ցավ է զգացել, և ոստիկանները ոլորել են ձեռքերը։ Շուրջ 5 րոպե քաշքշուկ է եղել իր, ոստիկանների և ժողովրդի միջև, որի ընթացքում իրեն հաջողվել է ազատվել ոստիկաններից և ցանկացել է հարևանությամբ գտնվող ցայտաղբյուրից ջուր խմել, սակայն Ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Ինքը որևէ մեկի չի հարվածել, այլ միայն հրել է Ոստիկանության աշխատակիցներին։
Ամբաստանյալ Վահե Մկրտչյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ վաղ հասակից Շանթի հետ մտերիմ է եղել։ Ինքը դժգոհ է եղել իշխանությունների կառավարումից, որի համար դուրս է եկել պայքարի` ժողովրդի մեջ ոգի արթնացնելու նպատակով։ Ինքն Էդգար Ալեքսանյանին չի հարվածել։ Նա ցանկացել է փայտը վերցնել, ինքն էլ տվել է, բայց նա թափով քաշել է, և փայտը դիպչել է նրա աչքին։ Էդգար Ալեքսանյանն իրեն չի ներկայացել որպես ոստիկան։ Ինքն էլ չի լսել, որ ասել են` «միլիցայա, խփեք»»:
9. Ամբաստանյալ Արմեն Հովհաննիսյանը «նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2013թ. նոյեմբերի 1-ին սոցիալական կայքի միջոցով տեղեկացել է, որ Շանթ Հարությունյանը Երևանի Ազատության հրապարակում սկսել է «Արժեքների հեղափոխություն»։ Հաջորդ օրը՝ նոյեմբերի 2-ին, գալով Ազատության հրապարակ` հանդիպել է վերջինիս և մյուս ընկերներին։ Զրուցելով նրանց հետ` տեղեկացել է, որ նոյեմբերի 5-ին դիմակներով երթ են կազմակերպելու դեպի Նախագահի նստավայր։ Նոյեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 5-ը մասնակցել է Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների կողմից Ազատության հրապարակում կազմակերպված նստացույցին և գիշերել է այնտեղ։ Նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակ են բերել խանութից գնված շուրջ 20 հատ բահի փայտե բռնակներ։ Ժամը 17։00-ին, երթը սկսվելուց առաջ երթի մասնակիցները, ինչպես նաև՝ ինքը, վերցրել են մեկական փայտեր, որոնք դրված են եղել Ազատության հրապարակի հարթակին։ Երթի դուրս գալուց անմիջապես առաջ երթի մասնակիցներից մեկը, ում չի հիշում, իրեն և մյուսներին բաժանել է ինչ-որ գնդեր և ասել, որ վերցնեն, դրանք անհրաժեշտ են լինելու իրենց վրա հարձակման դեպքում մարդկանց վախեցնելու համար։
Մեխանիկորեն վերցրել է, իսկ հետագայում իմացել է, որ այն բրոնզի և մարգանցովկայի փոշուց պատրաստված պայթուցիչ է։ Երթը սկսվել է ժամը 17։00-ին, սակայն Ազատության հրապարակից դուրս գալով Մաշտոցի պողոտա` տեսել է Շանթ Հարությունյանին՝ գետնին պառկած։ Ցանկացել է վազել նրա ուղղությամբ, սակայն ընկել է քաշքշուկի մեջ։ Երբ սկսվել է քաշքշուկը` վախեցել է, որ իր մոտ գտնվող պայթուցիկը կարող է քաշքշոցից և իրեն հարվածելուց պայթի և վնասի իրեն, ինչպես նաև չի ցանկացել այն դեն նետել` մտածելով, որ դրա վրա կանգնելու արդյունքում կարող է այն պայթել և վնասել ինչ-որ մեկին։ Այդ պատճառով կուտակված մարդկանցից 5-6 մետր հեռավորության վրա, իր մոտ եղած պայթուցիչը գետնին հարվածելով` վնասազերծել է այն։ Որևէ մեկի չի հարվածել, փայտը վերցրել է ինքնապաշտպանության համար, իսկ պայթուցիչը որևէ մեկի նկատմամբ կիրառելու մտադրություն չի ունեցել։
Ամբաստանյալ Արմեն Միշայի Հովհաննիսյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ սոցիալական կայքերից տեղեկանալով Շանթ Հարությունյանի հեղափոխության մասին` եկել է Երևան և միացել Շանթին։ Նոյեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում ընկերների հետ գտնվել է Ազատության հրապարակում։ Այդ ընթացքում իրենց են մոտեցել բազմաթիվ քաղաքացիներ, հարցեր են տվել և ցանկացել են պարզաբանումներ ստանալ, թե ինչ է նշանակում՝ արժեքների հեղափոխություն, իրենք էլ պատասխանել են նրանց հարցերին։ Իրենց շարքերում եղել են նաև սադրիչներ, որոնք զրույցի են բռնվել իրենց հետ և հորդորել են խաղաղ երթի ժամանակ բախում կազմակերպել ոստիկանների հետ։ Նույնիսկ հավատացրել են, որ ճիշտ տարբերակն է՝ ծեծել, ջարդել և սատկացնել ոստիկաններին, որ ժողովուրդն իրենց միանա։
Իրենք նրանց պատասխանել են, որ իրենց ակցիան քաղաքական ակցիա է, հետապնդում է քաղաքական նպատակներ, իրենք չեն պատրաստվում բախման մեջ մտնել իշխանության հետ, սակայն իշխանության կողմից իրենց հանդեպ բռնություն գործադրելու դեպքում՝ կպաշտպանվեն իրենց հասանելի միջոցներով։ Նոյեմբերի 4-ին իրենց են մոտեցել երկու հոգի և ասել, որ բախվեն ոստիկանների հետ, և նրանք նույնպես շուրջ հարյուր հոգով կմիանան։ Քանի որ վստահ են եղել, որ իշխանություններն ընդունակ են դիմել բոլոր միջոցների, այդ թվում` բռնության, իրեն պաշտպանված զգալու համար ինքը վերցրել է բահի բռնակ և պայթուցիկներ։
Ինքը շարժվել է դեպի Օպերայի ծառայողական մուտքի մոտ և գտնվել է Շանթից շուրջ 10 մետր հեռավորության վրա։ Տեսել է, որ ոստիկանները շարված են եղել մայթեզրին, իսկ փողոցի երթևեկելի մասում եղել են քաղաքացիական հագուստով անձինք, սակայն չգիտի, թե նրանք լրագրո՞ղ են եղել, թե՞ ոչ։ Երբ Շանթը մոտեցել է մայթեզրին` այդ ոստիկաններն առանց որևէ ժեստի և հորդորի՝ կողքի են անցել և ճանապարհ տվել, որպեսզի Շանթը դուրս գա երթևեկելի մաս։ Ցանկացած տրամաբանություն ունեցող մարդու համար հասկանալի է, որ այդկերպ իրենց թույլատրել են անցնել ճանապարհը` երթը դիմացի մայթով շարունակելու համար, սակայն, երբ Շանթը դուրս է եկել մայթ` ոստիկան Գեղամ Խաչատրյանը հետևից մոտեցել է Շանթին և ձեռքից քաշել, որից էլ առաջացել է այդ բախումը։ Ինքն էլ տեսել է, որ ոստիկանները ոչ թե երթն են ցրում, այլ բռնություն են գործադրում, ուստի ստիպված է եղել պաշտպանվել։ Ինքն իրեն մեղավոր չի ճանաչում, քանի որ ոչ մեկին չի հրել և ֆիզիկական ցավ չի պատճառել։ Իշխանության ներկայացուցիչներն իրենց չեն հորդորել դուրս չգալ փողոցի երթևեկելի մաս»։
10. Ամբաստանյալ Ալեք Պողոսյանը «նախաքննության ընթացքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ շուրջ 10 տարի ճանաչում է Շանթ Հարությունյանին և նրա հետ գտնվում է ընկերական հարաբերությունների մեջ։ 2013թ. հոկտեմբերի 30-ին Շանթ Հարությունյանից տեղեկացել է, որ վերջինս ցանկանում է նստացույց կազմակերպել Երևան քաղաքի Ազատության հրապարակում։ Ինքը ցանկություն է հայտնել մասնակցել դրան, ինչպես նաև որոշել են նոյեմբերի 5-ին դիմակներով երթ կազմակերպել։ 2013թ. հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Ազատության հրապարակում և մասնակցել նստացույցին։
2013 թվականի նոյեմբերի 5-ին, ժամը 15։00-ի սահմաններում, գալով Ազատության հրապարակ` Թումանյանի արձանի հետնամասում, աստիճանահարթակի վրա տեսել է շուրջ 200 դիմակներ, 20 հատ բահի փայտե բռնակներ և պոլիէթիլենային տոպրակի մեջ լցված շուրջ 30 հատ ինքնաշեն պայթուցիչներ։ Երթը սկսվելուց առաջ վերցրել է մեկ հատ փայտ և մեկ հատ պայթուցիչ։ Երթը սկսվել է Ազատության հրապարակից, և շարժվել են Մաշտոցի պողոտայի ուղղությամբ, որն ուղեկցել են Ոստիկանության աշխատակիցները։ Շանթ Հարությունյանը մայթից իջնելով` շարժվել է դեպի ճանապարհի երթևեկելի հատված, սակայն Ոստիկանության աշխատակիցները նրան հետ են կանչել։ Այդ ժամանակ երթի մասնակիցների և ոստիկանների գտնվելու հատվածում պայթյուններ են տեղի ունեցել, որից անմիջապես հետո քաշքշուկ է սկսվել ոստիկանների և երթի մասնակիցների միջև։ Իր ուշադրությունը հիմնականում ուղղված է եղել դեպի Շանթ Հարությունյանի որդու՝ Շահեն Հարությունյանի կողմը, և ցանկացել է նրան դուրս բերել այդտեղից, սակայն ոստիկանները մոտենալով իրեն` բերման են ենթարկել Ոստիկանություն։ Այնտեղ, իր անձնական խուզարկությամբ, իր բաճկոնի գրպանից հայտնաբերվել է պայթուցիչը։ Մինչև բերման ենթարկվելը` ոստիկանի պահանջով նրան է տվել իր ձեռքի փայտը։ Չի տեսել, թե ովքեր են պայթեցրել պայթուցիչները, և ով ում է հարվածել։ Ինքը որևէ մեկի չի հարվածել և պայթուցիչ չի պայթեցրել։
Ամբաստանյալ Ալեք Ռազմիկի Պողոսյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ ինքն իր արժեքների համար է կանգնել Շանթ Հարությունյանի կողքին։ Երթը սկսվելուց հետո Շանթը իջել է դեպի երթևեկելի մաս, իսկ նրա հետևից` երթի մասնակիցները։ Այդ ժամանակ Վ. Օսիպյանը հետևից Շանթին ձայն է տվել, սակայն Շանթն առաջ է շարժվել։ Դրանից հետո մոտեցել է մի ոստիկան և բռնել Շանթի ձեռքից»:
11. Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանը «նախաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքի շուրջ դիրքորոշում չի հայտնել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ համացանցից տեղեկացել է, որ Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին Ազատության հրապարակից երթ է կազմակերպելու։ Դրան մասնակցելու նպատակով, ժամը 16։00-ի սահմաններում գնացել է Ազատության հրապարակ, որտեղ հրապարակի աստիճանահարթակին տեսել է դիմակներ և բահի փայտե բռնակներ։ Երթը սկսվել է ժամը 17։00-ին, որին մասնակցել է շուրջ 100 մարդ, որոնցից շուրջ 15-ը, այդ թվում` ինքը, վերցրել են փայտե մահակներ և դիմակներ ու շարժվել են դեպի Մաշտոցի պողոտա։ Այնուհետև տեսել է, որ մայթեզրին վիճաբանություն է տեղի ունենում։ Երբ ցանկացել է մոտենալ Շանթին` պայթյուն է տեղի ունեցել, որից հետո հրմշտոց է սկսվել։ Ծխի պատճառով չի տեսել, թե ով ում է հարվածում։ Տեսել է գետնին ընկած Շանթին և ձեռքի փայտը գցելով` օգնել է նրան՝ վեր կենալ։ Երբ երկրորդ անգամ տեսել է, որ Շանթ Հարությունյանը կրկին ընկել է գետնին` ցանկացել է նրան օգնել, սակայն ոստիկաններն իրեն տարել են ոստիկանական ավտոմեքենան և բերման են ենթարկել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին։ Այդ ամենը տևել է 10-15 րոպե։ Ինքը որևէ մեկի չի հարվածել և չի տեսել, թե ով ում է հարվածում։ Չգիտի, թե ովքեր են պայթուցիչներ պայթեցրել։
Ամբաստանյալ Տիգրան Պետրոսյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ տղաներին միացել է գաղափարական պատճառներով։ Դեպքի մանրամասներն առկա են տեսագրության մեջ։ Երթի ժամանակ քաղաքացիական հագուստով մի անձ եկել և սադրել է։ Սադրանքը սկսվել է դեռևս Ազատության հրապարակում, երբ Շանթին վիրավորել են` ասելով, որ նա չի կարողանում գրական խոսել։ Հետագայում հրմշտոց է սկսվել, և իրենք ոստիկաններին համարժեք պատասխան են տվել։ Ոստիկանները հրել են, իրենք էլ նրանց են հրել, իսկ հարվածելու դեպքում` նույնպես համարժեք պատասխան են ստացել»:
12. Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը «նախաքննության ժամանակ իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2013թ. հոկտեմբերի վերջերին իր մտերիմներ Շանթ Հարությունյանից, Վարդան Վարդանյանից և Տիգրան Պետրոսյանից տեղեկացել է, որ 2013թ. հոկտեմբերի 31-ին Շանթ Հարությունյանի գլխավորությամբ նստացույց է կազմակերպվելու Երևանի Ազատության հրապարակում, որին մասնակցելու ցանկություն է հայտնել նաև ինքը։ Բացի նշված անձանցից` նստացույցին մասնակցել են նաև իր մտերիմներ Ալբերտը, Վահեն և Ավետիքը։ Հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում գտնվել է Ազատության հրապարակում և մասնակցել նստացույցին, գիշերել է այնտեղ, իսկ նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը գիշերել է տանը։
2013թ. նոյեմբերի 5-ին, ժամը 12։00-ի սահմաններում եկել է Ազատության հրապարակ, որտեղ աստիճանահարթակին տեսել է արկղով սպիտակ դիմակներ և բահի փայտե բռնակներ, որոնք որպես ջահեր՝ պետք է օգտագործվեին նույն օրը կայանալիք երթի ժամանակ։ Նստացույց անող ընկերներով մինչ այդ որոշել են նաև երթի ժամանակ իրենց մոտ պայթուցիչներ ունենալ` դրանցով վախեցնելու և ոստիկանների ուշադրությունը շեղելու համար։ Իր մոտ ունեցել է երկու պայթուցիչ։ Ժամը 16։00-ի սահմաններում, երթը սկսվելուց առաջ հարթակից վերցրել է դիմակ և փայտե ձող։ Երթը սկսվել է ժամը 17։00-ի սահմաններում։ Իրենք շարժվել են Մաշտոցի պողոտայի ուղղությամբ, ցանկացել են անցնել հակառակ մայթ, սակայն ոստիկանները թույլ չեն տվել առաջանալ, որից հետո քաշքշուկ է սկսվել, և լսվել են պայթյունի ձայներ։ Տեսել է, որ Շանթ Հարությունյանն ընկած է գետնին, և ոստիկանները փորձել են բռնել նրան։ Անմիջապես մոտենալով` ձեռքով մի կողմ է հրել ոստիկաններից մեկին, իսկ վերջիններս փորձել են բռնել իրեն։ Կարողացել է ուժով ազատվել նրանցից և մտել է իրար քաշքշող բազմության մեջ, որտեղ տեսել է գետնին ընկած Ալիկին, ում փորձել են բռնել ոստիկանները։ Մոտեցել է, որպեսզի օգնի Ալիկին, սակայն ոստիկանները բռնել են իրեն և բերման ենթարկել Ոստիկանության բաժին:
Ամբաստանյալ Հայկ Հարությունյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ պատերազմից հետո տեսնելով կործանված երկրի վիճակը` միացել է Շանթ Հարությունյանի «Արժեքների հեղափոխությանը»։ 2013թ. նոյեմբերի 1-ից եղել է Ազատության հրապարակում և գիշերել է այնտեղ։ Տեսել է, թե ինչպես է Շանթը տարբեր լրագրողների տեղեկացնում իր անելիքների մասին։ Տեսել է նաև սադրիչների։ Դեպքից մեկուկես ժամ առաջ ինչ-որ մեկը որոշել է կատարել իր պարտականությունները և իրենց այդտեղից հանել։ Դրանից հետո լարվածություն է սկսվել, որից հետո Վ. Օսիպյանն է եկել և Շանթի հետ առանձին խոսել։ Ինքը լսել է, որ Վ. Օսիպյանը հարցրել է Շանթին, թե ո՞ր կողմ են շարժվելու, և հնարավո՞ր է արդյոք՝ գնա Բաղրամյանի պողոտա։ Շանթը պատասխանել է, որ դա վատ միտք չէ, իսկ վերջում ասել է, որ կարող է զեկուցել, որ չի գնալու Բաղրամյան պողոտա։
Հետո Շանթն ու Վ. Օսիպյանը քայլել են, որի ընթացքում Վ. Օսիպյանը հետ է մնացել, իսկ Շանթը դուրս է եկել փողոց։ Վ. Օսիպյանը Շանթին ձայն է տվել, սակայն Շանթն այդ ժամանակ փողոցի մեջտեղում է եղել և չի լսել, քանի որ աղմուկ է եղել։ Հավաքվել են շատ մարդիկ և հեռախոսով նկարել։ Երբ սկզբից բախում է տեղի ունեցել Գեղամ Խաչատրյանի հետ` իրենք մտածել են, որ շուտով կանցնի բախումը։ Հետո մյուս փոխգնդապետն է եկել և հետևից քաշել։ Այդ ժամանակ տղաները գոռացել են ոչ թե՝ «միլիցայա, խփեք», այլ` «պռավակատոր ա»։ Շրջվել է և տեսել, որ ինչ-որ մեկը Վահեի մեջքի վրա է բարձրացել և փաթաթվել է։ Վահեն հրել է նրան, ինքն էլ վազելով մոտեցել է, որից հետո գետնին են ընկել, և ծուխ է բարձրացել։ Հետ են գնացել, և այդ պահին գետնին փայտ է նկատել է, որով հարվածել է, որպեսզի հեռացնի նրան։ Այդ ժամանակ մի ոստիկան ձեռքից քաշել է փայտը, վերցրել է, և իրեն տարել են նստարանի մոտ։ Տեսել է, որ երկու ոստիկաններ Վահեի մեջքից սեղմում են, իսկ քաղաքացիական հագուստով մի անձ կախվել է նրա վզից և խեղդում է։ Ոստիկաններին ասել է, որ քաղաքացիական հագուստով անձին ասեն, որպեսզի չխեղդի Վահեին, սակայն ոստիկանները ձայն չեն հանել։ Ինքը փորձել է քաշել ձեռքը, սակայն իր ձեռքերը ոլորել են և տարել Ոստիկանության բաժին»։
13. Անչափահաս ամբաստանյալ Շահեն Հարությունյանը «նախաքննության ժամանակ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2013թ. հոկտեմբերի 31-ին, իր հայր Շանթ Հարությունյանն ընկերների հետ միասին նստացույց է կազմակերպել Երևանի Ազատության հրապարակում, իսկ նոյեմբերի 5-ին` պլանավորել է երթ կազմակերպել։
2013թ. նոյեմբերի 5-ին, ժամը 16։15-ին եկել է Ազատության հրապարակ, որտեղ հավաքված են եղել 300-400 քաղաքացի։ Հրապարակ են բերված եղել փայտեր։ Մյուսների նման՝ վերցրել է փայտը, ինչպես նաև` բարձրախոսը։ Երթը սկսվելուց հետո ցանկացել են Օպերայից դուրս գալ՝ դեպի օղակաձև խաչմերուկի մոտ։ Փողոցն անցնելիս նկատել է, որ ոստիկանը քաշում է հորը, սակայն հայրը չի ընկել։ Քաշքշոց է սկսվել, իսկ ինքը մոտեցել, հրել է ոստիկանին, սակայն նրանց չի հարվածել»:
Շահեն Հարությունյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ 2013թ. հոկտեմբերի 31-ին դասից տուն է գնացել և տեղեկացել, որ հայրը գտնվում է Ազատության հրապարակում։ Գնացել է այնտեղ և տեսել, որ հայրը նստացույց է անում։ Հինգ օր շարունակ օրվա մեծ մասն անց է կացրել այնտեղ։ Նոյեմբերի 5-ին իմացել է, որ երթ է լինելու, և գնացել է Ազատության հրապարակ։ Տեղյակ չի եղել երթի ուղղության մասին։ Դա իրեն չի էլ հետաքրքրել, քանի որ ուր էլ գնար հայրը` գնալու էր նրա հետևից։
Երթը սկսվելուց հետո պայթյուն է լսել, որից հետո խառնաշփոթ իրավիճակ է եղել։ Շատ բան այժմ չի հիշում։ Տեսել է, որ հորը հարվածում են։ Ինքն էլ է հարվածել այդ ոստիկանին, որից հետո իրեն բերման են ենթարկել։ Տաքսու մեջ վերցրել են իր մոտ գտնվող ֆոտոխցիկը և գումարը։ Դրանից հետո իրենց տարել են Ոստիկանության բաժին։ Մի քանի րոպե անց տեսել է հորը, որից հետո իրենց տարել են առանձին սենյակներ։ Այնտեղ ոստիկաններն իրեն հավատացրել են, թե հայրը և նրա ընկերները մահացել են, մի քանի հոգի վերակենդանացման բաժանմունքում են, իսկ մնացածն էլ երկար տարիներ բանտում են անցկացնելու։ Ինքը չի հավատացել, սակայն ոստիկանները շարունակել են այդ մասին խոսել իրար հետ։
Երթը սկսվելուց հետո եղել է հոր կողքին։ Խաղաղ երթ է եղել։ Հայտարարություն է եղել, որ սադրիչներին հեռու պահեն։ Ոստիկանին հարվածել է` հորը պաշտպանելու համար, քանի որ հորը գցել են գետնին և հարվածել են։ Դրանից հետո ոստիկանը վազել է իր հետևից, որից հետո մի քանի հոգի իրեն գցել են գետնին, անիվների տակ և սկսել են ոտքերով հարվածել»:
14. Ամբաստանյալ Մկրտիչ Հովհաննիսյանն «առաջադրված մեղադրանքի շուրջ նախաքննության ժամանակ դիրքորոշում չի հայտնել և ցուցմունքներ է տվել այն մասին, որ 2013թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքին մասնակից է դարձել ակամայից։ Չի ժխտում, որ մասնակցել է դեպքին։ Տեսագրության կադրերում ինքն է՝ փայտե մահակը ձեռքին, և հարվածել է ոստիկան Վարդան Գևորգյանին։
Ամբաստանյալ Մկրտիչ Հարությունի Հովհաննիսյանը դատարանում ցուցմունք տվեց այն մասին, որ 2013թ. նոյեմբերի 5-ին անցել է Ազատության հրապարակի մոտակայքով։ Տեսել է հավաքված մարդկանց և մոտեցել է նրանց։ Այնուհետև պայթյուններ են տեղի ունեցել, որից հետո իրեն տարել են Ոստիկանության բաժին։ Մինչև մոտեցել է ոստիկան Հարություն Ալեքսանյանին` նա արդեն ընկած է եղել գետնին։
Դատական վիճաբանությունների փուլում ամբաստանյալ Մ. Հովհաննիսյանը հայտարարեց, որ առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչում»: