Բաժիններ՝

«Մենք կախարդական փայտիկ չունենք, սակայն ունենք կամք». Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց 2015թ. պետբյուջեն

Այսօր Ազգային ժողովում մեկնարկել են 2015թ. պետական բյուջեի նախագծի քննարումները: 2015 թ-ի համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է ավելի բարձր 2014 թ-ի համեմատությամբ` 4.1 %-ի չափով, եկամուտները կկազմեն 1 տրլն 184.47 մլրդ դրամ, ծախսերը` 1 տրլն 298.60 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 114.12 մլրդ դրամ:

«2015թ. պետական բյուջեն ունի հստակ սոցիալական ողղվածություն»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ սոցիալական բնագավառի ծախսերի տեսակարար կշիռը բյուջետային ծախսերի ամբողջ ծավալում կազմում է 45.9%:

Ըստ նրա՝ պատշաճ մակարդակ է նախատեսված պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտներին (ծախսերի 21.4%-ն է կազմում): Միաժամանակ շարունակվելու է Լեռնային Ղարաբաղի ֆիանանսավորումը՝ 45.5 մլրդ դրամի չափով:

Վարչապետը ներկայացրեց բյուջեի տնտեսական շեշտադրումները՝ գործարար միջավայրի բարելավում, հենքային ոլորտների զարգացում, արտահանման ուղղությունների զարգացում և այլն: Հ.Աբրահամյանը կարևորեց գործարարների վստահության ամրապնդում, հավասար պայմանների ապահովումն ու երաշխավորումը: Նշելով, որ ԱԺ-ում է ԱԱՀ փոփոխությունների մասին օրինագիծ, որով նախատեսվում է երկակի ստանդարտների բացառում, Հ.Աբրահամյանը հայտարարեց, թե հեղափոխություն չի լինի հաջորդ տարի, բայց տեղին ու արդյունավետ քայլ է: Երկակի ստանդարտների բացառմանն է ուղղված նաև վարչական բարեփոխումների շարունակումը, նշեց վարչապետն ու հաելեց. «Իմ կարծիքով՝ ինչքան քիչ ստուգումներ, այնքան լավ»:

Կարդացեք նաև

«Մենք կախարդական փայտիկ չունենք, որ տարիներ շարունակ ձևավորված արատավոր պրակտիկան վերացնենք: Սակայն ունենք կամք, որ քայլ առ քայլ բարեփոխումները իրականացնենք: Մեր թիրախը խոշոր բիզնեսն է,- ասաց Հ.Աբրահամյանը՝ փոքր բիզնեսից խնդրելով համբերություն,- փոքրը մենք դիտարկում ենք որպես զբաղվածության աբղյուր: Մեր թիրախը խոշորն է, այստեղ վերացնելու ենք ստվերը: Համբերատար: Հաստատակամ»:

Հ.Աբրահամյանը նշեց, որ գյուղն իր խնդիրներով կմնա կառավարության ուշադրության կենտրոնում, կշարունակեն վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման, ագրարային ոլորտում տարեբեր ուղղություններով զարգացման ծրագրերը: Ըստ նրա՝ կշարունակվեն ջրամբարների նախագծման և շինարարության աշխատանքները. «Դրանք պահանջում են մեծ ներդրումներ, որոնք իրականացնում ենք դոնորների միջոցով»: Վարչապետը նշեց, որ կշարունակեն խոշոր ծրագրերը՝ Հյուսիս-հարավի, կենսական նշանակության ճանապարհների, սահմանային անցակետերի կառուցումն ու արդիականացումը:

Վարչապետը խոսեց նաև Սևանա լճի էկոլոգիական խնդիրների կարգավորման, անօրինական հորերի փակման հարցում հետևողական լինելու, էներգետիկ անվտանգության ապահովման խնդիրներից, նաև անդրադարձավ հղիության նպաստի փոփոխությանը ու նշեց, որ իր կարծիքով՝ մեկ տարի աշխատած կանանց 40%-ի փոխարեն պետք է փոխհատուցել 60%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս