Չի կարելի ահագնացող ցուցանիշների ֆոնի վրա հանգիստ, լուրջ տեսքով փորձես ինչ-որ 3-4 տարվա ռեժիմով բարեփոխումներ անես. Միքայել Մելքումյան (տեսանյութ)
«Արդեն հայեցակարգը կա, սկսվել են քննարկումները, կարծում եմ՝ շատ առաջարկներ կլինեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ խոսելով Սահամանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Լ. Ալեքսանյանի կարծիքով՝ Սահմանադրության մեջ շատ ավելի քիչ են տնտեսական բլոկին վերաբերող կետեր. «Իմ անձնական կարծիքով՝ այսօրվա մարզպետարանները չարդարացրեցին իրենց, եթե ժամանակին ինչ-ինչ խնդիրներ լուծել են, արդեն ժամանակն է, որ մենք մտածենք ավելի ուժեղ տարածքային կառավարում իրականացնելու համար: Ինքս Սահմանադրության մեջ տնտեսական բլոկին վերաբերող որոշակի փոփխություններ ակնկալում եմ»:
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը էլ նշեց, թե պատահական չէ, որ այսօր իրենք անընդհատ արձանագրում են, թե ինչպիսին է հանրային, սոցիալական վիճակը, տնտեսական վիճակը. «Դա պատահական չենք ասում՝ աղքատության մակարդակ, գործազրկության մակարդակ, նվազագույն աշխատավարձ և այլն, որի հետևանքով մենք ունենք արտագաղթի անպատկերացնելի ծավալներ: Պետք չէ այդ ամենին շատ հանգիստ նայել: Մի կողմից այդ ցուցանիշները կտրուկ վատանում են, մյուս կողմից՝ մենք հանգիստ ուզում ենք չափավոր ռեֆորմներ անել: Սա մեկը մյուսի հետ անհամապատասխան են: Այսինքն՝ չի կարելի այդ ահագնացող ցուցանիշների ֆոնի վրա՝ դու հանգիստ, լուրջ տեսքով փորձես ինչ-որ 3-4 տարվա ռեժիմով բարեփոխումներ անես, այդ թվում՝ սահմանադրական: Այդ առումով մենք ասում ենք, որ այսօր առայժմ խնդիրը այդ արյունահոսությունը կանգնեցնելն է:
Այսօրվա Սահմանադրությունը թույլ է տալիս, որ մենք այդ հարցերը լուծենք՝ առանց Սահմանադրությունը խախտելու: Դրա համար խոսքը ոչ միայն ժամանակավրեպի մասին է, այլ խոսքն այն մասին է, թե որն է արդյունավետ այս փուլում ՀՀ-ի համար՝ հաշվի առնելով ազգային անվտանգության, տնտեսական, սոցիալական, ժողովրդագրական և մյուս բոլոր խնդիրները»:
Լ. Ալեքսանյանը նկատեց, որ իրենք, այդ թվում և ԲՀԿ-ն, կողմնակից են համակարգային փոփոխությունների: Ինքը, համակարգային փոփոխություններ ասելով, հասկանում է արմատական փոփոխություններ.
«25 տարի մենք հատվածային խնդիրներ ենք դրել: Բայց եթե մենք արմատական փոփոխությունների գնայինք՝ հաշվի առնելով, որ մենք շրջափակված երկիր ենք, եթե ժամանակին մեր սահմանադրությունների մեջ լինեին արմատական փոփխությունների հետ կապված լուծումներ, մենք այսօր կունենայինք ավելի բարձր գյուղատնտեսություն, արդյունաբերություն: Այն բնագավառները, որտեղ մենք փորձեցինք արմատական լուծումներ տալ՝ քննադատվեց, բայց արդյունք ունենք՝ առողջապահությունը, կրթությունը, իսկ այն բնագավառները, որտեղ Սահմանադրությամբ մենք արմատական փոփոխությունների չգնացինք, մենք այսօր ունենք խնդիրներ: Այո, պետք է կանգնեցնել արյունահոսությունը, բայց պետք է նաև ժամանակին գնալ արմատական փոփխությունների»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:
Համաձայնելով Լ. Ալեքսանյանի հետ, որ անհրաժեշտ են համակարգային փոփոխություններ՝ Մ. Մելքումյանը նկատեց, որ գահավիժող ցուցանիշներով տնտեսությունում, կամ գրեթե արտահանում չունեցող երկրներում, քաղաքականությունն է որոշում տնտեսական բարեփոխումները և տնտեսական զարգացումները.
«Զարգացած երկրներում տնտեսաական բաղադրիչն է թելադրում: Մենք պետք է տնտեսական աճի խնդիրը կարևորենք: Երբ նոր կառավարությունը ձևավորվում էր, ամենաբարձր քաղաքական մակարդակով 2 խնդիր դրվեց: Առաջինն ասվեց՝ չկա վստահություն կառավարության նկատմամբ, ուրեմն՝ վերականգնել, իսկ երկրորդ՝ չկա տնտեսական աճ: Այս մի քանի ամիսները ցույց են տալիս, որ որևէ հարց չի լուծվել:
Տնտեսական աճ չկա, վստահությունը կառավարության նկատմամբ չի վերականգնվել: Այսինքն՝ արմատական փոփոխություններ անելու համար պետք է վստահություն ունենա ժողովուրդը կառավարության նկատմամբ»:
Լ. Ալեքսանյանը չհամաձայվեց ԲՀԿ-ական պատգամավորի այն դիտարկման հետ, որ քաղաքականությունն է որոշում տնտեսությունը, ընդհակառակը՝ տնտեսական օրինաչափությունները երբեք քաղաքական որոշումներով չի կարելի լուծել. «Տնտեսության արմատական փոփոխությունների համար տնտեսական օրինաչափություններին համապատասխան որոշումներ, ծրագրեր պետք լինեն»,- նկատեց նա: