Արմեն Մարտիրոսյան. Հերթական հագուստն են կարում Սերժ Սարգսյանի հագով
«Ժառանգություն» կուսակցությունը համաձայն է բովանդակային ձևով քննարկել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը միայն այն դեպքում, եթե իշխանություններն ընդունեն իրենց երեք կետերը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Դրանք են` առաջինը, անցում 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին և քվեարկած քաղաքացիների ցուցակների հրապարակում: Մեր զրուցակցի խոսքով` հակառակ դեպքում իշխանությունը կպահպանի ընտրությունները «նկարելու» բոլոր հնարավորությունները:
Երկրորդը, «Ժառանգությունն» առաջարկում է ընդդիմությանը օժտել համապատասխան վերահսկողական լծակներով:
Ի դեպ, այս երկու կետերն էլ, ըստ Մարտիրոսյանի, օրենքի շրջանակում լուծվող հարցեր են, և դրա համար կարիք չկա փոխել Սահմանադրությունը:
Եվ, վերջապես, «Ժառանգությունն» առաջարկել է, որ մեկ տարվա ընթացքում ընդունվի նոր Սահմանադրությունը, որից հետո պետք է լինեն համապետական ընտրություններ. «Եթե մենք ավելի լավ կառավարման համակարգ ենք բերում, այդ դեպքում ինչո՞ւ մի քանի տարի պահենք համակարգը վատ կառավարման համակարգով և ոչ հաջորդ օրը գնանք դեպի լավ կառավարման համակարգ»:
Արմեն Մարտիրոսյանը շեշտեց, որ իշխանությունները մերժել են իրենց այս պահանջները, ուստի «Ժառանգությունը» չի պատրաստվում մտնել բովանդակային քննարկումների մեջ. «Մեր Սահմանադրությունը կարող է լինել հրաշալի մի Սահմանադրություն, համեմատենք տորթի հետ. շատ համեղ տորթ կարող է լինել, բայց քանի որ այդ տորթը մատուցելու ժամանակ մենք կարող ենք գցել այն և ամբողջովին փչացնել, նույնը լինելու է մեր Սահմանադրության հետ:
Եթե չկան համապատասխան ընթացակարգեր, կիրարկման հետագիծը, այսինքն` այն, ինչ տեղի է ունեցել մինչև հիմա, թույլ է տալիս ասել, որ այս մեկը ևս ընթացակարգի առումով որևէ ձևով չի ապահովելու ժողովրդավարական չափանիշները և մնալու է ընդամենը տեքստ, ուստի մենք ի սկզբանե իշխանություններին առաջարկեցինք երեք կարևորագույն կետեր, որ համոզվենք, որ դա իսկապես բարեփոխման է միտված և ոչ թե Սերժ Սարգսյանի «գենսեկացմանը», ինչն իրենց կողմից մերժվեց:
Սրանից միանշանակ մեզ համար պարզ դարձավ, որ իրենք հերթական հագուստն են կարում այս անգամ Սերժ Սարգսյանի հագով, որպեսզի նա նախագահությունից հետո ևս մնա քաղաքական դաշտում ղեկավար պոստում: Ինչպե՞ս էր Խորհրդային միության ժամանակ, Կոմունիստական կուսակցության կենտկոմի քարտուղարը նաև Գերագույն խորհրդի նախագահության նախագահն էր և, ըստ էության, ինքն էր ամբողջովին վերահսկում իշխանությունը: Նույնը հիմա է լինելու:
Դա է պատճառը, որ մենք բովանդակային քննարկումների մեջ չենք մտնում, այլ ասում ենք, որ մինչև մեր առաջարկները չընդունվեն, չենք մասնակցի քննարկումներին»:
Մեր զրուցակիցը նաև տեղեկացրեց, որ այս հարցը չի քննարկվել ոչ իշխանական ուժերի Եռյակի կողմից, և ավելացրեց, որ Եռյակի բոլոր ուժերն էլ տարբեր պատճառներով դեմ են սահմանադրական փոփոխություններին:
«Ժառանգության» փոխնախագահը ևս մի հարցադրում ունի իշխանություններին. «Մեր իշխանությունները գնում են Եվրասիական տնտեսական միություն, բայց Վենետիկի հանձնաժողով են ուղարկում սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որ ի՞նչ անեն»:
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը երեկ` հոկտեմբերի 15-ին, Սերժ Սարգսյանին է ներկայացրել նախորդ օրը հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, ինչպես նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի 2014 թ. հոկտեմբերի 13-ի եզրակացությունը: