«Կազմակերպիչները, հավանաբար, անցյալից դասեր են քաղել, դրա համար Տեր-Պետրոսյանը նկատեց, որ «հիմա» կարգախոսը օգտակար չէ». Խոսրով Հարությունյան
«Որևէ նոր հարցադրում չի հնչել այդ հարթակից, բոլորը կրկնում էին այն, ինչ ասում էին՝ և՛ անցյալ տարի, և՛ նախանցյալ տարի, և ավելի վաղ շրջանում»,- խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած եռյակի հանրահավաքի մասին՝ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա նշեց, որ ինքը հետևել է ամբողջ հանրահավաքին՝ սկզբից մինչև վերջ և ոչ մի նոր բան չի լսել, որը զարմանալի կամ նորություն կլիներ. «Հետևաբար՝ այս կոնտեքստում իշխանությունների համար որևէ նոր հարցադրում չկա, ու կարծում եմ, որ սա հանրահավաք էր՝ որոշ կոմպոնենտերով վերլուծության արժանի, բայց՝ ոչ ավելին: Չեմ կարծում, որ իշխանություններն այս հանարահավաքի հետ կապված պետք է ինչ-որ քայլեր ձեռնարկեն»:
168.am-ի հարցին, թե հաշվի առնելով Լևոն Տեր-Պետրոսյանի՝ նոր շարժում սկսելու մասին հայտարարությունը, և հրապարակում հավաքված հանրության կտրուկ գործողություններ կատարելու և «հիմա» պահանջը, ի՞նչ կարելի է ակնկալել հաջորդ հանրահավաքին, Խ. Հարությունյան այսպես պատասխանեց. «Նախ, արդյոք նոր շարժո՞ւմ էր, ընդամենն անվանվեց համաժողովրդական շարժում: Այդպիսի շարժումներ տարբեր տեսակի մինչ այդ եղել են: Այսինքն՝ բանաձևի և անվանման մեջ չէ խնդիրը: Խնդիրը նպատակն է, իսկ նպատակը մեկն է, ոչ մի բան չի փոխվել՝ Սերժ Սարգսյանին զրկել իշխանությունից:
Հետևաբար՝ այնտեղ հավաքված ուժերի հիմնական նպատակը սա է, և այդ տեսակետից՝ անունը ինչ էլ դնեն, ոչ մի բան չի փոխվում»:
Խ. Հարությունյանը նկատեց, որ այդ գաղափարը կամ նպատակը հիմնավորելու համար բերում են որպես կանոն 2008 թվականից հետո ընկած ժամանակաշրջանում օբյեկտիվորեն հանրային կյանքում ստեղծված բարդություններն ու դժվարությունները և ներկայացնում են որպես գործող իշխանության «աքիլլեսյան գարշապար».
«Բայց թույլ տվեք նկատել, որ այդ հարթակում կանգնած կամ ընդդիմության դաշտում գտնվող ուժերի մի մասը մինչև 2012 թվականը ներառյալ գտնվում էին կոալիցիայի մեջ, հետևաբար՝ կրում են այդ ամբողջ դժվարությունների, զրկանքների, տառապանքների քաղաքական պատասխանատվություն ևս: Ու հրաժարվել այդ անցյալից հնարավոր չէ ու լուրջ չէ»:
Անդրադառնալով՝ հանրահավաքում հնչած կոչերին և «հիմա» կարգախոսի վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանի դիտարկմանը՝ Խ. Հարությունյանը նկատեց, որ վերջին շրջանում ամենամարդահավաք, ամենածավալուն հանրահավաքն էր. «Բայց եթե փորձենք վերլուծել այն ենթադրությունները կամ մտադրությունները, որոնք շարադրվում էին մինչև հանրահավաքը (այն է՝ մենք կսկսենք մի շարժում, և եթե Երևանում լինի մի 50-60 հազար մարդ, մենք անմիջապես կսկսենք պրոցեսը), այն ինչ տեղի ունեցավ հանրահավաքին, պետք է ենթադրել, որ հավանաբար կազմակերպիչների մտադրությունները կամ ցանկությունները չարդարացան»:
Խ .Հարությունյանը դժվարացավ դրա պատճառն ասել, բայց մի բան նրա համար պարզ է. «Կազմակերպիչները վստահ չեն առայժմ իրենց հնարավոր կարողությունների վրա և հավանաբար անցյալից դասեր են քաղել, չեն ուզում անիրականանալի սպասելիքներ ձևավորել, դրա համար Տեր-Պետրոսյանը նկատեց, որ «հիմա» կարգախոսը, որը 2007-2008 թվականներին էր, օգտակար չէ: Այսինքն՝ ասել անհապաղ, անմիջապես իշխանափոխություն, անիրականանալի է: Դրա համար կազմակերպիչները չունեն ո՛չ ռեսուրս, ո՛չ էլ նախադրյալներ, որ մասսայական զանգվածային ընդվզման կբերի»:
Հարցին,թե ի՞նչ կարելի սպասել հոկտոմբերի 24-ի հանրահավաքին, եթե Լևոն Զուրաբյանն ասում է՝ որ դա լինելու է միասնական քայլերի և ծրագրերի հանրահավաք: Խ. Հարությունյանը պատասխանեց, որ կարելի է ենթադրել, որ նրանք պետք է փորձեն հանրության ուշադրությունը ցանկացած գնով սևեռել պրոցեսի վրա.
«Որովհետև այդուհանդերձ հասարակությանն անընդհատ կերակրում են հույսերով, որ ևս մեկ շաբաթ, ևս մեկ ամիս, մինչև տարեվերջ… Անցյալ հանրահավաքին անգամ նման թեզ հնչեց, որ եթե մենք անհապաղ չանցնենք իշխանափոխության, ապա մենք ամենակարճ ժամկետում կորցնում ենք և՛ Հայաստանը, և՛ Ղարաբաղը: Կներեք, ես հիշում եմ՝ 2008 թվականի դեկտեմբերին ասվում էր, որ շուտով Ղարաբաղը սկուտեղի վրա հրամցնելու ենք Ադրբեջանին: Այսինքն՝ այսպիսի կարգախոսները, որպեսզի պահեն լարվածությունը և քաղաքական պրոցեսները, շատ շուտ իրենց սպառում են: Ըստ իս՝ այս շարժումը նույնպես հեռանկար չի կարող ունենալ, որովհետև նա տառապում է նույն քրոնիկ հիվանդությամբ, այն ձևավորված է ընդդեմ ինչ-որ մեկի: Այս դեպքում հանրությունն ընդամենը գործիք է դառնում այդ խնդիրը լուծելու համար»: