«Մեր ընդդիմադիր լիդերները շատ մեծ կարծիք ունեն իրենց մասին»

«Պետք է նշեմ, որ տպավորություններս շատ խառն են, ինձ համար շատ զարմանալի է, որ մեր ընդդիմությունը, հանրահավաք կազմակերպելով, վերջնականապես կոնկրետ քայլերի չի դիմում, և կարծես հանրահավաք կազմակերպի հենց հանրահավաքի համար»,- մեզ հետ զրույցում` խոսելով հոկտեմբերի 10-ին կայացած քառյակի հանրահավաքի մասին՝ ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: Նա ուշադրություն հրավիրեց այն փաստի վրա, որ ժողովուրդը Ազատության հրապարակում գոռում էր «հի-մա, հի-մա». «Այսինքն՝ ժողովուրդն ոչ թե գնացել էր լսելու այն, ինչի մասին արդեն 2008 թվականից էլ խոսում են նույն Լևոն Տեր-Պետրոսյանը, վերջին ամիսներին` նաև ԲՀԿ-ական պատգամավորները, այլ ուզում էին կոնկրետ քայլերի անցնել, որովհետև եթե դու անում ես հանրահավաք` հանրահավաքի համար, իմաստ չկա»:

Ըստ քաղաքագետի՝ հանրահավաքի օգուտը կարող է լինել մեկը, և այդ օգուտը ստացավ միայն մեկ մարդ՝ Գագիկ Ծառուկյանը. «Նա հիմա իշխանությունների հետ կփորձի բանակցել և ավելի ուժեղ կողմերից: Այսինքն՝ ինքը ցույց կտա, որ իր՝ հանրահավաքին ներկա գտնվելն ապահովեց այդքան մարդ, և ինքը կարող է իրեն համարել ընդդիմության միասնական առաջնորդ, որը կարող է բանակցել իշխանությունների հետ: Հենց սրանով էր պայմանավորված, որ Գագիկ Ծառուկյանը վերցրեց «time out», խոսեց այդ հանրահավաքին և հայտարարեց, որ ինքը հաջորդ հանրահավաքին նոր ելույթ կունենա:

Մինչև հաջորդ հանրահավաքը ժամանակ կա, և այս ընթացքում, ըստ իս` անպայման կլինեն բանակցություններ` իշխանության և ընդդիմության, ինչպես նաև իրեն երրորդ ուժ հռչակող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության միջև»:

Քառյակի հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին: ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի խոսքով՝ այդ հանրահավաքը լինելու է «միասնական ծրագրերի և միասնական քայլերի հանրահավաք: Ժողովուրդը քայլեր ունի իրականացնելու և գալու է իրականացնելու այդ քայլերը»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ի՞նչ կարելի է ակնկալել առաջիկա հանրահավաքից՝ հաշվի առնելով այն, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքին էլ ժողովուրդը պատրաստ էր և պահանջում էր հարթակում կանգնածներին քայլեր իրականացնել, սակայն նրանց չընդառաջեցին, քաղաքագետն այսպես պատասխանեց. «Եթե իրենք հանկարծ այս անգամ էլ հանրահավաքը կազմակերպեն հենց հանրահավաքի համար, ուրեմն՝ ընդդիմությունն ամբողջությամբ կպախարակվի: Հիմա իրենք կոնկրետ իշխանություններին ժամանակ են տալիս` գնալ քայլերի և կոնկրետ քայլեր կատարել, դրա համար սպասելիքները տարբեր են»:

Քառյակը 12-ի կետից բաղկացած պահանջ էր ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ սպառնալով «քայլեր» իրականացնել, եթե այդ պահանջները չիրականացվեն մինչև սեպտեմբերի 30-ը: Սակայն, ինչպես հայտնի է՝ իշխանությունները չընդառաջեցին քառյակին, իսկ քառյակն ընդամենը հոկտեմբերի 9-ին հայտարարություն տարածեց` արձանագրելով, որ իրենց պահանջներից գրեթե ոչ մեկն իրականացված չէ: Այսքանը: Մեր հարցին, եթե իշխանությունները չիրականացրեցին քառյակի պահանջներից որևէ մեկը, մի՞թե այս մի քանի օրվա ընթացքում կարելի է ինչ-որ բան ակնկալել, քաղաքագետ Գ. Համբարյանն այսպես պատասխանեց, թե ժողովուրդը դժգոհ է իշխանություններից.

«Մինչև սեպետմբերի 30-ն ընդդիմությունը հանրահավաքներ չէր կազմակերպում՝ ո՛չ մարզերում, ո՛չ Երևանում:

Ավտոբուսով ժողովրդին կարող են հանրահավաքի բերել իշխանամետ ուժերը, բայց ընդդիմադիր ուժերի՝ ավտոբուսներով ժողովրդին պարտադրել-բերելն աբսուրդ է: Պետությունն ինչքա՞ն կարող է թույլ լինել, որ ընդդիմությունն այդքան իրենց անպատիժ զգա, որ մարդկանց պարտադրի հանրահավաքի գալ: Դա աբսուրդ բան է, աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա, պարտադրում է իշխանությունը և բոլոր տեղերում: Բազմամարդ հանրահավաքները թե՛ մարզկենտրոններում, թե՛ Երևանում շատ լավ ցույց տվեցին, որ ժողովուրդը սարսափելի դժգոհ է իշխանությունների վարած սոցիալ-տնտեսական քաղաքականությունից»:

Ըստ Գ.Համբարյանի՝ այս հանրահավաքով ընդդիմությունը ցույց տվեց, որ ինքը կարող է մասսաներ հավաքել, և իշխանությունը դա շատ լավ հասկացավ. «Իզուր չէ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց՝ «ուզում եք նորից մարտի 1 լինի՞», այսինքն՝ իրենք շատ լավ հասկանում են, որ այս հանրահավաքները կարող են ավելի մեծ զանգվածներ հավաքել, և կարող է նույն Մարտի 1-ը լինի, ինչո՞ւ ոչ»: Հարցին, թե մյուս հանրահավաքին կարելի՞ է ակնկալել տեսնել նույնաքանակ բազմություն՝ հաշվի առնելով, որ բնակչության պահանջը նախորդ հանրահավաքին ընդդիմադիր ուժերը չլսեցին, քաղաքագետը պատասխանեց.

«Վստահության պակաս, իհարկե, կլինի, բայց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ինտրիգը պահպանեց, և շատերը կարող է գան իրեն լսելու»: Հարցին էլ, թե քառյակի միասնական օրակարգ չունենալն ինչպե՞ս կարող է անդրադառնալ հանրահավաքի վրա, Գ. Համբարյանն այսպես պատասխանեց.

«Ընդդիմության` եռյակի սխալն այն էր, որ իրենք շատ մեծ քանակությամբ կետերի պահանջ են ներկայացնում: Ինչքան պահանջները շատ են, այնքան ուժերը ջլատվում են: Իրենք պետք է 3-4 պահանջներ ներկայացնեին և նոր իրենց բանակցությունները վարեին իշխանությունների հետ: Կարևոր է մի բան ևս, որ մեր ընդդիմադիր լիդերները շատ մեծ կարծիք ունեն իրենց մասին, և շատ դեպքերում, երբ բանը հասնում է կոնկրետ գործերին, իրենք չեն սիրում մեկը մյուսին զիջել, առաջ տանեն, իրենք ամեն մեկը երևակայում են իրենց որպես ամենալավն ու ամենակարողը»:

Տեսանյութեր

Լրահոս