Բարեփոխում անողները թող նախ իրենց բարեփոխեն. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը հարցազրույց է վարել ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ

– Սպասվում է, որ կառավարության նիստում հետաձգելու են «Շրջանառության հարկի մասին» օրենքի կիրառման ժամկետը: Մինչ օրս ոչ մի հասկանալի բացատրություն չի տրվել, թե, ի վերջո, ինչո՞ւմ է նոր օրենքի էությունը: Ինչո՞ւ հանկարծ տնտեսվարողների վիճակը բարելավելու միտված փոփոխությունը նրանց համար նոր հարկային բեռի վերածվեց:

– Հիմնական պրոբլեմն այդտեղ 3,5 տոկոսը 1 տոկոսով փոխարինելը չէ: Խնդիրն սկզբունքային է: Դա, ի դեպ, այն հին «100 քայլի» կետերից մեկն էր. փոքր ու միջին բիզնեսը, ի տարբերություն խոշորի, պետք է հարկվեն շրջանառության հարկով: Խոշորի համար դրա փոխարեն գործում են ԱԱՀ-ն ու շահութահարկը: Շրջանառության հարկը կամ հաստատագրված վճարումը բնույթով նույնանման հարկեր են: Խնդիրն այն է, որ փոքր բիզնեսի շրջանառությունը կարելի է ֆիքսել նույն ՀԴՄ-ով:

Կամ շրջանառությունը կարող ենք գնահատել և ֆիքսված գումար դնել հարկի վրա: Ձեզ չի՞ հետաքրքրում, թե այդ փոքրն ումից ինչ է առել: Նա էլ փոքր է համարվում, որովհետև հաշվապահ չի պահում: Այսինքն, փոքրն ու միջինը մենք հարկում ենք եկամտից: Եկամուտը հեշտությամբ կարող ենք ֆիքսել՝ ՀԴՄ դնելով, վերջ: Երբ դու ասում ես՝ չէ, ես քո շրջանառությունը պետք է հաշվեմ, ծախս արա, բալանս փակի և այլն, նա դառնում է խոշոր:

– Իսկ չէ՞ որ դրանք տարբերվում են տարեկան շրջանառության չափով, որը 58 մլն դրամն է: 

– Սա ձևական տարբերություն է: Հիմա ոնց որ Դուք ինձ հարցնեք ֆուտբոլից: Ֆուտբոլն այն է, որ կա դարպաս, կա երկու կողմ, հարձակվողներ, պաշտպաններ: Այդ 58 մլն-ն չափ է, դաշտի մեծությունը, 107 մետրը, բայց ֆուտբոլի էությունն այդ չափը չէ: Դաշտը կարող էր և մեծ լինել: Իհարկե, որպեսզի դուք խոշորից տարանջատեք, ստիպված սահմանում եք 58 մլն-ն (ի դեպ, ժամանակն է, որ այդ 58 մլն-ն կրկնապատկվի կամ եռապատկվի): Սակայն սա, կրկնում եմ, ձևական կողմն է: Բովանդակային առումով փոքրը նա է, որի եկամտից ես դու հարկում: Կա նաև միկրոբիզնես, որը փոքրից էլ փոքր է, որտեղ չկա վարձու աշխատող, և որը միայն հաստատագրված վճար է մուծում: Ընդ որում, կարող է հաստատագրված վճարով հարկվել մեկ հոգին, որը 1 մլրդ դրամի կամ 1 մլրդ դոլարի շրջանառություն ունենա: Դա չի նշանակում, որ նա դարձավ խոշոր: Սա է, որ կառավարությունը, ԱԺ շատ պատգամավորներ, Հանրապետական մեծամասնությունը պետք է հասկանան:

– Հիմա ինչի՞ հաշվին են բարձրանալու փոքր և միջին ձեռնարկատերերի մուծումները՝ հաշվապահ են պահելու, փաստաթղթեր են ներկայացնելու անընդհատ: Ոմանք նույնիսկ գնահատում են, թե 6-7 անգամ ավելի բարձր հարկ են վճարելու:

– Երբ ընդունվեց գործող օրենքը, շրջանառության հարկի մակարդակը, որը 3,5 տոկոս է, ֆիքսվեց ավելի քիչ, քան նրանց իրական շրջանառությունն է այսօր: Այսօր գործարարների մոտ վախ կա, որ երբ թուղթ ուզեն, և պարզվի իրական շրջանառության չափը, մեկ տոկոս վճարելու դեպքում այդ թիվն ավելի կբարձրանա, և բացարձակ գումարը կլինի ավելի մեծ, քան մինչ այդ էր: Չնայած պետք է ընդունենք, որ այստեղ կարող են լինել չափազանցություններ:

– Հիմա՝ Սահմանադրության փոփոխության մասին: 2013 թվականի փետրվարին Դուք կողմ եք արտահայտվել կառավարման նախագահական համակարգին, ասելով, որ այն պետք է ուժեղ մնա: Ինչո՞վ եք Դուք դա հիմնավորում, և ինչո՞վ է վատ առաջարկվող պառլամենտական կառավարման ձևը:

– Այսօրվա համակարգն ունի մի քանի առավելություններ, որոնք փոխելուց հետո մենք կորցնում ենք ամեն ինչ: Այսօր երկրում կա մեկ պատասխանատու: Դա նախագահն է: Նոր համակարգի դեպքում մենք անընդհատ վկայակոչելու ենք պառլամենտական մեծամասնությունը, որում կոնկրետ մարդ չենք գտնելու: Ես հիշում եմ, օրինակ, 99 թվականի մայիսյան ընտրություններից հետո ստեղծված վիճակը մինչև հոկտեմբերի 27-ը: Մեծ հաշվով, հանրապետությունում անիշխանություն էր, տնտեսական անկում: Կար ուժեղ վարչապետ, որի առաջ նախագահը ռիսկ չէր անում խոսել:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս