Բաժիններ՝

Քաղաքական կուսակցությունները ոչ թե պետք է որոշեն որ դրույթը փոխել, այլ շարժվեն Սահմանադրությամբ. սահմանադրագետ

ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց, որ եթե միայն սահմանադրական բարեփոխումներ տեղի ունենան, ապա ոչ դրական, ոչ բացասական ակնկալիքներ չեն լինի.

«Այն, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը կա, կարծում եմ՝ անվիճելի է և ամենևին պարտադիր չէ ունենալ քաղաքական ճգնաժամ, ինչպես պնդում են որոշ քաղաքական գործիչներ: Սահմանադրական բարեփոխումների հիմքում պետք է դնել բացառապես գիտական մոտեցում, այսինքն՝ որպեսզի Սահմանադրությունը ապահովի հասարակության և պետության ներդաշնակությունը, անհրաժեշտ է, որպեսզի նրանում ամրագրված դրույթները բարեփոխվեն, կատարելագործվեն: Ոչ թե քաղաքական կուսակցությունները պետք է որոշեն՝ ինչպես փոխվի և որ դրույթները փոխվեն, այլ նրանք պարտավոր են շարժվել Սահմանադրությամբ ամրագրված կարգով, որովհետև դա խորը գիտական ակադեմիական փաստաթուղթ է, ընդ որում՝ կոնցեպտուալ բնույթի, իսկ փոփոխությունների առումով՝ ամեն ինչ սկսվում է հայեցակարգից»,-ասաց նա:

Վարդան Այվազյանը նշեց, որ եթե ուզում ենք դրական ակնկալիքներ ունենալ սահմանադրական բարեփոխումներից, ապա պետք է դրանից հետո հետո կամ դրան զուգահեռ իրականացվի քաղաքացիական կոմպետենտության ազգային ծրագիր, այսինքն՝ իշխանությունները պետք է կազմեն այդ ծրագիրը և հանրապետության նախագահից մինչև շարքային քաղաքացի պետք է իրազեկվեն և ունենան նվազագույն գիտելիքներ Սահմանադրության վերաբերյալ:

«Եթե այս նվազագույն գիտելիքները չլինեն հասարակության մեջ, ապա Սահմանադրությունը միանշանակ ընկալում չի ուենենա, և կսկսի տարբեր մեկնաբանությունների առարկա դառնալ, իսկ տարբեր կերպ Սահմանադրության դրույթները հասկանալը, ընկալելն ու մեկնաբանելը, մեզ տանելու են վերլուծական քաոսի, և արդյունքում որևէ դրական ակնկալիք չենք կարող ունենալ»,-վստահեցրեց նա:
Նա նշեց նաև, որ սահմանադրական փոփոխություններն իրոք անհրաժեշտ են, և ի տարբերություն նախկին փոփոխության՝ այս փոփոխություններն իրականացվում են առաջին հերթին հայեցակարգային մակարդակով, հետո նոր պետք է անցնեն պրակտիկ, օպերացիոն փոփոխություների, այսինքն՝ տեքստի մշակմանը:

«Սա միանգամայն ճիշտ մոտեցում է, որովհետև առանց հայեցակարգի, առանց սահմանադրական օբյեկտները՝ կոնցեպտուալ առումով նախագծելու , հնարավոր չէ դատարկ հիմքի վրա ինչ-որ տեքստեր գրել և փոփոխել Սահմանադրությունը»,-եզրափակեց նա:

Ռազմիկ Մարտիրոսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս