Որո՞նք են սննդամթերքի ոլորտի լավագույն և վատագույն արտադրողները. ուսումնասիրության արդյունքները
«Սպառողների ազգային ասոցիացիայի» նախագահ Մելիտա Հակոբյանը և Հայաստանի սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ և մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրին սննդի ոլորտում մոնիթորինգային աշխատանքների վերջին արդյունքները:
Ռ. Հայթյանի խոսքով՝ իրենք ուսումնասիրել ու ստուգել են հիմնականում առավել շատ օգտագործվող սննդամթերքները՝ հացաբուլկեղեն, կաթնամթերք, մսամթերք, ձու, պաղպաղակ, հրուշակեղեն, հյութեր և ըմպելիքներ, ոգելից և ոչ ոգելից խմիչքներ: Ըստ այդմ՝ 28 արտադրողներ՝ տարբեր ոլորտներից, այս պահի դրությամբ համարվում են լավագույնները.
«9 ամսում մենք ուսումնասիրել ենք 1178 փոքր և մեծ առևտրական օբյեկտներ: Սովորաբար նմուշառումը կատարվում է արտադրությունից, կիսաֆաբրիկատ վիճակում, բայց մենք այդպես չենք անում. մենք անում ենք այնպես, ինչպես սպառողին է հասնում: Մենք վերցնում ենք խանութից և բերում, կատարում ենք ուսումնասիրություն, անհրաժեշտության դեպքում՝ նաև լաբորատոր փորձաքննություն: Մենք դիմում ենք նաև արտադրամասերին, և ովքեր համաձայնում են՝ կատարում ենք ուսումնասիրություն»:
Մ. Հակոբյանն ասաց, որ որոշ արտադրամասեր ավելի հաճույքով են իրենց ընդունում, քան հարկային մարմնին, քանի որ գիտեն՝ իրենք գնալու են նրանց ոչ թե տուգանելու, այլ ուղղություն են ցույց տալու թերությունները վերացնելու համար:
Ռ. Հայթյանը ներկայացրեց մսամթերք արտադրող այն ընկերությունների անունները, որոնց արտադրանքը թերմակնշված է եղել՝ «Գայանե Ջամե», «Սոս», «Գանձակ», «Չիլինգարյան ընկերներ», «Կարինե և Նարինե», «Էգաս». «Առայժմ այսքանն է հաջողվել խանութներից վերցնել և տեսնել, որ սրանք թերի են մակնշված, կամ ինչ-որ բաներ կան, որոնց վրա կարելի է աշխատել: Մենք, իհարկե, զանգել ենք իրենց, ասել ենք՝ կցանկանա՞ք գանք նայենք և ձեզ հուշենք ինչ անել: Բայց նրանք ասացին, որ չեն ուզում, մենք էլ հրապարակում ենք իրենց անունները և ասում, որ նրանք չեն ուզում շտկել թերությունները և հաճախորդներին շարունակում են նման արտադրանք առաջարկել»:
Ռ. Հայթյանի խոսքով՝ գրեթե նույն թերություններն էլ կաթնամթերքի ոլորտում են. «Այդ ոլորտում մի շատ վտանգավոր տենդենց կա. հաճախ խոշոր արտադրողները օգտագործում են չոր կաթ (կաթի փոշի):
Օրենքը չի արգելում դա, բայց պետք է դրա մասին մակնշվի: Ես մի քանի նման արտադրողների անուններ գիտեմ, սակայն չեմ կարող նրանց անունները հրապարակել, քանի որ դեռևս չի կատարվել ուսումնասիրություն և ես իմ խոսքն ապացուցող տվյալներ դեռևս չունեմ:
Սակայն դրա փոխարեն կարող եմ նշել նաև ուրախալի տվյալներ. մեր մի քանի արտադրողներ՝ ի դեմս «Թամարա»-յի, «Աշտարակ կաթ»-ի, «Չանախ»-ի և «Մուլտի Ագրո»-յի, ամառվա սեզոնին կաթի ավելցուկից շատ որակյալ չոր կաթ են ստացել, որպեսզի ձմռանն օգտագործեն սեփական արտադրության համար: Մենք այս չորս ընկերություններում եղել ենք, տեղում նայել, ծանոթացել և տեսել, որ տեղական հումքով են աշխատում»:
Ըստ պարոն Հայթյանի՝ մեր հասարակության համար շարունակում է ցավոտ խնդիր մնալ հացաբուլկեղենի արտադրությունը. «Բարեխղճությունը, խոնավությունը, աղի զանգվածը ճիշտ սանդղակի վրա չեն: Որպես հաճախորդներ՝ բոլորից պահանջվում է ընդամենը հացը գնելուց առաջ նայել մակնշմանը և փաթեթավորմանը: Ի դեպ՝ ավելի լավ է առանց փաթեթավորման լինի հացը, քան ցելոֆանապատ, քանի որ տաք հացի գոլորշուց պոլիմերները թափվում են հացի վրա և այդ հացը մենք ուտում ենք, ինչն առհասարակ չի կարելի»:
Բանախոսները, ամփոփելով իրենց խոսքը, բոլոր սպառողներին խորհուրդ տվեցին պարզապես չօգտվել պատահական խանութներից, չգնել պատահական սննդամթերք և ուշադիր լինել վրայի մակնշմանը, պահպանման ժամկետներին: Միայն այդ կերպ հնարավոր կլինի խուսափել անբարեխիղճ արտադրողների անորակ արտադրանքից: