«10 000 դրամ, և ՀՀ նախագահ կարող է դառնալ…»

Հայաստանի ներքաղաքական կյանքն իռացիոնալ հարթությունում է: Այն, ինչ թվում էր աբսուրդ, հանկարծ դառնում է իրականություն: Ավելին՝ օրինաչափություն: Իմ զրուցակիցը՝ քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը, ոչնչի վրա չի զարմանում: Նա գիտի մեր երկրում ցանկացած խնդիր անցկացնելու, լուծելու բանաձևը՝ 10 000 դրամ ընտրակաշառք: Ըստ փորձագետի՝ մեր հասարակության 95 տոկոսը վերածվել է բիոմասսայի, իսկ 10 000 դրամն այն մոգական թիվն է, որի միջոցով այդ 95 տոկոսը պատրաստ է երկրի նախագահի պաշտոնում ընտրել անգամ…

– Հասարակության կողմից մերժված անձին՝ Սուրեն Խաչատրյանին, նշանակեցին Սյունիքի մարզպետ, քանի որ իշխանությունները և՞ս նույն կարծիքին են, որ հասարակության 95 տոկոսը բիոզանգված է, ինչպես նկատում եք Դուք:

– Որտեղի՞ց եք վերցրել, որ Ս. Խաչատրյանը հասարակության համար մերժելի կադր է: Ի՞նչ է, հասարակական ընդվզման ակցիանե՞ր եղան: Հասարակությունը դրա հանդեպ լրիվ անտարբեր է: Ֆեյսբուքյան քննակումներն ամենևին հասարակական դժգոհության դրսևորումներ չեն: Բնական է, որ Սյունիքի մարզպետը մշտապես ծառայել է ՀՀԿ-ին և մեծ ներդրում է ունեցել «տոկոս խփելու» քաղաքականության մեջ: Ինչը և գնահատվել է. ՀՀԿ «ախպերությունը» հենց նրան հարմար գտավ այդ պաշտոնին:

Եվ ֆեյսբուքյան աղմուկն էլ անհասկանալի է. ի՞նչ է, Խաչատրյանն իր գործունեությամբ ավելի վատն է, քան մյուսնե՞րը: Սպանությո՞ւն է եղելգ 2008-ի մարտի 1-ին էլ 10 հոգու սպանեցին, ի՞նչ եղավ: Այնպես որ, ֆեյսբուքյան «ֆիդայիներն» ամենևին չեն արտացոլում հասարակական դժգոհությունը: Ես հասարակական դժգոհություն այլ տեղ տեսա. տեսա կառավարության շենքի առջև 1000-ին մոտ մանր և միջին առևտրականների, որոնք գրողի ծոցն էին ուղարկում «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունները:

– Մեր երկրի ներքաղաքական կյանքում սա միակ անհասկանալի երևույթը չէ: Ոչ իշխանական 3 ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ԲՀԿ-ն, պատրաստվում են հոկտեմբերի 10-ին մեծ հանրահավաքի: Եթե կարելի է՝ որպես փորձագետ, բացատրեք՝ ի՞նչ է նշանակում` «ոչ իշխանական ուժ»:

– Դա հորինված բառ է, աշխարհում բոլոր կուսակցություններն՝ ըստ խորհրդարանում ունեցած քաղաքական կարգավիճակի, լինում են կա՛մ ընդդիմադիր, կա՛մ իշխանական: Եթե մասնակցում են գործադիր իշխանության ձևավորմանը, իշխանություն են կամ իշխանամետ: Եթե գործադիր իշխանության կազմավորմանը չեն մասնակցում՝ ընդդիմություն են: ԲՀԿ-ն իրեն համարում է այլընտրանք: Բանն այն է, որ ԱԺ ԲՀԿ պատգամավորների զգալի մասը գործարար է, և այդ թևն իր մենթալիտետով ոչնչով չի տարբերվում ՀՀԿ-ի գործարարներից: Եվ նրանց համար սարսափելի է անգամ լսել, որ իրենք կարող են լինել ընդդիմություն:

– ԲՀԿ-ի դեպքում հասկանալի է ընդդիմություն լինելու մտավախությունը, սակայն ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» միշտ հանդես են եկել՝ որպես արմատական ընդդիմություն: Որքանո՞վ եք արդյունավետ համարում այս երեք ուժերի համագործակցությունը:

– Այս ուժերը ոչ թե դաշինք են կազմել, այլ ունեն աշխատանքային խորհրդակցության ֆորմատ: Այսինքն՝ ԱԺ-ում աշխատանքային քննարկումների ժամանակ կարող են համագործակցել՝ ներկայացնելով կամ անցկացնելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող օրենքներ: Սակայն, ինչպես հանրահավաքային գործընթացն է ցույց տալիս, երեք ուժերն էլ տարբեր առաջնահերթություններ ունեն, երբեմն՝ նույն հարցի շուրջ՝ տարբեր դիրքորոշումներ: Հանրահավաքին հնչում է, որ իրենց հիմնական խնդիրը 12 կետերի իրականացումն է և սահմանադրական փոփոխություններ թույլ չտալը: Մյուսն ասում է՝ պետք է քաղաքական մենաշնորհը վերանա: Մյուս ուժը խոսում է արմատական իշխանափոխությունից, հեղափոխությունից՝ չասելով՝ ի՞նչ նկատի ունի: Յուրաքանչյուրն ազատ է՝ իր տեսակետներն արտահայտելու համար: Ստացվում է Չալոյի ժողով: Մեր տիպի երկրում քաղաքական հաջողություն ունենալու համար պետք է ստանաս Ռուսաստանի կամ Արևմուտքի աջակցությունը, այսինքն՝ քեզ դիրքավորես, ցույց տաս՝ ինչ ես ուզում: Պետք է ունենաս արտաքին դաշնակից, ֆինանսավորում, պասիոնար զանգված:

– Մեր ոչ իշխանական ուժերը Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման մեջ, կարծես, իշխանությունների հետ համախոհ են. Հայաստանը տեսնում են Եվրասիական տնտեսական միության կազմում:

– Եթե ընդունում ես, որ ԵՏՄ-ին անդամակցությունն անխուսափելի գործընթաց է, չի նշանակում, որ դրան համաձայն ես: Կարող ես դեմ լինել, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը, սակայն դա փաստ է: Երբ մեր երկրի նախագահը 3,5 տարի Եվրոպայի հետ բանակցություններ էր վարում ԵՄ ասոցացման պայմանագրի շուրջ, մենք չտեսանք, որ այս 3 ուժերը քննադատեն այդ հակառուսական գործընթացը (իսկ Ռուսաստանը ԵՄ ասոցիացումն ընկալում է քայլ՝ ուղղված իր դեմ):

Այնպես որ, այդպես չէ, որ ՀՀ գործող իշխանություններն ու ոչ իշխանական 3 ուժերը նույն տեսակետն ունեն: Ավելին, գործող նախագահը մի գիշերում փոխեց իր դիրքորոշումը, և Հայաստանի ճանապարհն ուղենշվեց դեպի ԵՏՄ: Առհասարակ, արևմտյան արժեքներին նախագահը երբևէ չի էլ ձգտել, քանի որ տնտեսական մենաշնորհները, իրավական և տնտեսական կոռումպացված համակարգը, կեղծված ընտրություններն ամենևին արևմտյան արժեհամակարգում չեն: Ի դեպ, մենք Ռուսաստանի հետ ոչ թե դաշնակցի կարգավիճակում ենք, այլ վասալի:

– Բայց ընդունենք, որ վասալությունը մեր կամավոր ընտրությունն է:

– Եկեք չասենք՝ մե՛ր: Վասալացումն իշխանությունների՛ ընտրությունն է: Վասալացման գործընթացը սկսվեց 2000-ական թվականներին՝ «Գույք՝ պարտքի դիմաց» պայմանագրից հետո, երբ ամեն ինչ հանձնեցինք Ռուսաստանին: Եվ այսօր էներգետիկան, կապը, տրանսպորտը, անվտանգությունն ամբողջովին իր ձեռքում է, տնտեսության եկամտային մասը՝ տրանսֆերտները, գալիս են Ռուսաստանից: Մեր արտաքին հարաբերությունն ամբողջովին որոշում է Մոսկվան: Վասալային երկրներում իշխանափոխությունը տեղի է ունենում մայր երկրի ղեկավարության ցանկությամբ: Եթե եռյակն իշխանափոխության խնդիր է դրել, պետք է ոչ թե գնա դեպի ժողովուրդը (մեր երկրում ժողովուրդն արդեն պոտենցիալ չունի), այլ…

– …Այլ պետք է նստի Երևան-Մոսկվա ինքնաթի՞ռ:

– Այո՛, պետք է գնա Մոսկվա: Պուտինի հետ բանակցություններով՝ փորձի ստանալ ՀՀ նախագահի պաշտոնը: Իշխանափոխության համար անհրաժեշտ է երեք բան՝ Ռուսաստանի կամ Արևմուտքի աջակցությունը, ֆինանսներ և պասիոնար զանգված:

Մեր ոչ իշխանական 3 ուժերը չունեն Ռուսաստանի աջակցությունը: Ամեն դեպքում, որքան գիտեմ, եռյակի ղեկավարները չեն հանդիպել Պուտինի, Սուրկովի հետգ Ֆինանսական հարցն, ընդունենք, ԲՀԿ առաջնորդի անձնական միջոցներով մասամբ լուծվում է, սակայն մենք չունենք նաև պասիոնար զանգված: Հայաստանի բնակչության 95 տոկոսը, կրկնեմ, վերածվել է բիոմասսայի, որը, լավագույն դեպքում, կարող է 10 000 դրամով քվեարկել:

– Հասկանանք՝ չկա պասիոնար զանգվա՞ծ, թե՞ չկա այն ուժը, որի ետևից մարդիկ պատրաստ են գնալ:

– 2008-ից հետո մեր երկրում մանր և միջին խավը լրիվ ոչնչացվեց: Պասիոնար զանգվածի էությունն այն է, որ ինքն իր միջից ծնում է լիդեր: Եթե տեսնում է՝ եղած ուժերը չեն բավարարում իր պահանջներն, ասում է՝ հարգելիներս, ձեզ այլևս չեմ վստահում: Եթե մեր հասարակությունը պոտենցիալ ունենար, կծներ նոր ուժեր: Ծնեց ինչ-որ ուժերի, որոնք ասացին՝ մեր պայքարը քաղաքական չէ, մենք պայքարում ենք կուտակային թոշակի դեմ, տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ, և այլն…

– Մեր հասարակությանն այդքան դժգույն ներկայացնելը՝ որպես բիոմասսա, նվաստացուցիչ է: Չե՞ք համարում, որ մարդիկ պարզապես հոգնել են անվերջ ու անպտուղ պայքարից:

– Դեռևս 2009-ին Մատենադարանի առաջ տասնյակ-հազարավոր մարդիկ էին դուրս գալիս՝ հանրահավաքի: Սակայն նույն մարդիկ 3 տարի անց՝ 2012-ին, մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, վերցրեցին 10 000 դրամ և ձայն տվեցին ՀՀԿ-ին, 2013-ին փողով քվեարկեցին գործող նախագահի օգտին, ապա ընտրակաշառքով ընտրեցին Երևանի քաղաքապետ: Հասարակության պոտենցիալը թուլանում է: Գումարած՝ արտագաղթը: Սկզբում էր արտագաղթ, հետո դարձավ էվակուացիա, հիմա ուղղակի փախուստ է: Փախչում են՝ ով ինչպես կարող է:

Մարդ չի ծնվում ողջ կյանքում պայքարելու համար, այն էլ՝ հանուն ինչի՞, հանուն շաքար ներկրելու իրավունքի: Հուսահատեցնում են նաև շրջանառության հանված անպտուղ քննարկումները՝ սահմանադրական իբրև թե բարեփոխումների մասին: Ասացեք խնդրեմ, գործող սահմանադրությունը խանգարո՞ւմ է չկեղծել ընտրությունները, տնտեսական մենաշնորհներ չսահմանել, երկիրը վասալացման չտանել, և այլն: Սահմանադրական փոփոխություններ կատարելու հրահանգը, իմ դիտարկմամբ, եկել է Մոսկվայից:

Եվ իշխանությունները դա իրականացնելու են: Նրանց, որպես «գործընկեր», անհրաժեշտ է ունենալ 10 000 դրամ, և այդ փոփոխությունների օգտին կքվեարկի 95 տոկոս բիոմասսան: 10 000 դրամով Հայաստանում կարելի է անգամ Ռամիլ Սաֆարովին բերել և դարձնել ՀՀ նախագահ:

Տեսանյութեր

Լրահոս