«Իմ ընտրատարածքում առևտրական չի եղել, էնպես որ՝ թող էդ առևտրականներն ինձ չկանչեն». ՀՀԿ պատգամավոր. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ գյումրեցի փոքր ու միջին ձեռնարկատերերը օրեր շարունակ պահանջում էին, որպեսզի իրենց բողոք-դժգոհությունները լսեն Շիրակի մարզից ընտրված հանրապետական պատգամավորները, ովքեր կողմ են քվեարկել օրենքի ընդունմանը: Այնինչ իշխող կուսակցության ներկայացուցիներ Արման Սահակյանն ու Աշոտ Աղաբաբյանը որեւէ կերպ չարձագանքեցին նրանց պահանջներին:
Թիվ 33 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը կայքի հետ զրույցում մասնավորապես նշել է հետեւյալը. «Շիրակի մարզում իմ ընտրատարածքում առեւտրական չկա, իմ մոտ բոլորը մտավորականներ են, սպորտի գործիչներ են, էնպես որ թող էդ առեւտրականներն ինձ չկանչեն, ինչ վերաբերում է շրջանառության հարկին, դրա մասին մենք բոլորս մտածում ենք, ասում ենք մի հատ կիրառման մեջ դրվի, թերությունները տեսնենք, որ հղկվի: էստեղ ես ավելի շատ բան գիտեմ, քան պետք է գայի իրենց էդտեղ լսեի»:
Այնուհետեւ ավելացրել էց, թե ամեն դեպքում առեւտրականների կողմից բարձրացվող հարցերից տեղյակ է ու գտնում է, որ բիզնեսով զբաղվող ցանկացած անձ այս երկրում պետք է հարկատու լինի. «Էս երկրում պետք է բոլորը հարկատու լինեն: Եթե որեւիցե գործունեությամբ զբաղվում եք ու փող եք վաստակում, պետք է հարկ վճարեք: Ես էդ հարցից տեղյակ եմ, զբաղվում ենք, դրա պատասխանները մոտ օրերս կտանք»,- նշել է նա:
Բայց մյուս կողմից էլ որպես իշխող կուսակցության ներկայացուցիչ գտնում է, որ կառավարությունը փոխզիջման գնալու տեղ չունի, քանի որ օրենքն արդեն ընդունված է. «Կառավարությունն ինքը այնպիսի օրենքներ է մշակում, որ փոխզիջման խնդիր չլինի, եթե ես պետք է օրենք ընդունեմ, որը փոխզիջման կարիք ունի, ինչի՞ պետք է ընդունեմ, դրա համար մենք գտնում ենք, որ կառավարությունն ու ԱԺ-ն, հանրապետական ֆրակցիան, որ նման խնդիրներ չունենք, մենք չենք կարող մի բան անել, որ ժողովրդին դուր չգա, եթե որոշ մարդկանց դա դուր չի գալիս, դա դեռ ժողովուրդ չի»,- եզրափակել է նա: