Բաժիններ՝

Ոստիկանությանը չի հաջողվել պարզել Սուրիկ Խաչատրյանի որդու գտնվելու վայրը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այժմ շարունակվում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին տեղի ունեցած դեպքերի փաստով հարուցված քրեական գործի քննությունը:

Դատարան ներկայացած անձանց մասին դատարանին զեկուցելիս դատական նիստերի քարտուղարն ասաց, որ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին, ով քրեական գործով վկայի կարգավիճակ ունի, բերման ենթարկելու մասին որոշման վերաբերյալ ոստիկանությունից գրություն է ստացվել, որով հայտնել են, որ իրենց կողմից իրականացված միջոցառումներով մինչ այժմ հնարավոր չի եղել պարզել նրա գտնվելու վայրը և օրենքով սահմանված կարգով նրան դատարան ներկայացնել, միջոցառումները շարունակվում են, Տիգրան Խաչատրյանին հայտնաբերելու դեպքում կհայտնվի լրացուցիչ:

Դատական նիստի ընթացքում գործով միակ ամբաստանյալ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկ հայտնեց գործով դատավոր Նապոլեոն Օհանյանին: Փաստաբանն ասաց, որ գործով դատավորն ապրում և աշխատում է Սյունիքի մարզում, որտեղ մարզպետ է նշանակվել այս գործով տուժող ճանաչված Լորետա Բարսեղյանի ամուսինը՝ Սուրիկ Խաչատրյանը:

Հայկ Ալումյանն ասաց, որ ՀՀ մարզերում պետական կառավարման մասին ՀՀ նախագահի հրամանագրով սահմանված են մարզպետի իրավասությունները. նրա խոսքով՝ այդ հրամանագրի համաձայն, մարզի տարածքում մարզպետի իրավասության մեջ են մտնում ի թիվս այլի ֆինանսները, կոմունալ տնտեսությունը, կրթությունը, առողջապահությունը, սոցիալական ապահովություն, մշակույթը, սպորտը, հանրային սնունդը և սպասարկումը:

«Հանդիսանալով Սյունիքի մարզի բնակիչ Դուք և Ձեր հարազատները ամենօրյա շփումներ եք ունենում կամ ցանկացած պահի կարող եք ունենալ այն հարցերի հետ, որոնք գտնվում են սույն գործով տուող ճանաչված Լորետա Բարսեղյանի ամուսնու իրավասության ոլորտում: Ցանակացած պահի, երբ Դուք կամ Ձեր ընտանիքի անդամները ու ազգականները, լինելով Սյունիքի մարզի բնակիչներ, կարիք ունենաք ստանալ շինարարություն իրականացնելու, ընտանիքի որևէ անդամ աշխատի կամ ցանկանա աշխատել որևէ բուժհաստատությունում, դպրոցում կամ մանկապարտեզում, ստանա բուժսպասարկում մարզի հիվանդանոցներից կամ պոլիկլինիկաներից մեկում և բազմաթիվ այլ հարցեր, հարցն անիջապես հայտնվելու է սույն գործով տուժողի (ես միշտ տուժողը, նկատի ունեցեք, չակերտների մեջ եմ ասելու) ամսունսու իրավասության ներքո:

Լինելով Սյունիքի մարզի բնակիչ՝ Դուք որևէ կերպ չեք կարող խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ Ձեզ համար կարևորություն ներկայացնող որևէ հարցի լուծում կախված լինի մարզպետից կամ մարզպետարանից: Սա այն հիմքն է, որի արդյունքում անկողմանակալ դիտորդի տեսանկյունից կարող են կասկածներ առաջանալ Ձեր անաչառության վերաբերյալ: Դա արդեն իսկ բավարար է, որպեսզի Դուք այս գործը չքննեք»,- ասաց Հայկ Ալումյանը:

Ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելիս Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանը մեջբերեց նաև Սուրիկ Խաչատրյանի՝ մարզպետ նշանակվելուց հետո արած հայտարարություներից մեկը: Ըստ փաստաբանի՝ Ս. Խարատրյանն ասել է.

«Ես հաջողություն եմ ցանկանում և ես շնորհակալ եմ ձեզանից բոլորից, շնորհակալ եմ մեր մարզի այն չորս կարևոր սյուներից, իսկ դա մեր կայազորի հրամանատարն ա, ազգային անվտանգության ծառայության պետն ա, դատախազը, դատարանի նախագահը, ոստիկանապետն ա և իրենց ամբողջ համակարգով, որ կարողացել ենք էս տարիների ընթացքում համագործակցել միասնական՝ ի շահ Սյունիքի և ի շահ մեր պետության, անել էն ամենը, ինչ որ մեր առջև դրված է, մեր առջև է դրված:

Համոզված եմ, որ սրանից հետո ավելի բարձր տեմպերով և ավելի միասնական ուժերով մեր խնդիրները կլուծենք»: Հայկ Ալումյանն ասաց, որ ելույթից կարելի է հասկանալ՝ դատարանի նախագահ և իր համակարգ ասելով Սուրիկ Խաչատրյանը ի նկատի է ունցել Սյունիքի մարզի ընդհանոր իրավասության դատարանի նախագահին և մյուս դատավորներին, այդ թվում քրեական գործը քննող դատավորին: Փաստաբանն ասաց, որ գնում է՝ դատավորը նման պայմաններում չի կարող գործով անաչառ որոշում կայացնել կամ առնվազն անկողմնակալ դիտորդին կարող է թվալ, որ նա ի վիճակի չէ այս գործով արդարացի որոշում կայացնել:

Գործով դատախազն ասաց, որ դատարանն առաջնորդվում է միայն օրենսդրությամբ և որևէ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար չի կարող ազդել դատարանի որոշումների վրա: Մեղադրողն ասաց նաև, որ անկողմնակալ դիտորդի վերաբերյալ փաստաբանի դիտարկման մասով թողնում է դատարանի հայեցողությանը: Գործով տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Սահակյանն ասաց, որ մարզպետ նշանակվելու և ելույթի ժամանակ ասածն իր համզոմամբ հիմք չէ դատավորին ինքնաբացարկ հայտնելու, որովհետև խոսքերը, որ համագործակցել են, համագործակցում են և պետք է համագործակցեն ի շահ մեր պետության բոլորը կարող են ասել:

Alumyan Syuniq-dat

Հայկ Ալումյանն էլ հայտարարեց. «Հենց միայն այն հանգամանքը, որ այսօր Տիգրան Խաչատրյանին Սյունիքի ոստիկանությունը չի բերում, բերման չի ենթարկում դատարան, արդեն իմ կարծիքով՝ այդ համագործակցության արգասինքներից մեկն է»: Տուժողի ներկայացուցիչն էլ ասաց, որ Տիգրան Խաչատրյանը ճանապարհին է և կներկայանա դատարան: «Ինձ մոտ էլ մի այսպիսի հարց է առաջանում: Իսկ եթե հարցը վերաբերվեր հանարապետության նախագահին, նախագահ է նշանակվել մի անձ, որը առնչություն ունի քրեական գործի հետ, որտեղ պետք է քնննվեր այդ գործը, Վրաստանո՞ւմ»,- ասաց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս