Շարբաթյանին վերագրվող դիակի լուսանկարները արվել են դիահերձումից առաջ
Փաստաբան Սամվել Շարբաթյանի գործով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, դատավոր Նարինե Հովակիմյանի նախագահությամբ դատավարությունը միջնորդությունների փուլում է:
Հիշեցնենք, որ Շարբաթյանին վերագրվող դիակի լուսանկարների վերաբերյալ մեղադրողի միջնորդությամբ պետք է հարցաքննվեր քննչական կոմիտեի Լոռու մարզային բաժնի ավագ քննիչ Հրաչյա Մարգարյանը: Մինչդեռ նա չէր ներկայացել դատարան: Քննչականի պետի պաշտոնակատար Գալստյանի ստորագրությամբ դատարանի գրասենյակ սեպտեմբերի 27-ին մուտքագրված գրությամբ հայտնվում էր, որ քննիչ Մարգարյանը այդ օրը ժամը 11:00-ին աշխատանքային ծանրաբեռնվածություն ունի և չի կարող ներկայանալ:
Պաշտպանական և մեղադրող կողմերը գտան, որ քննիչ Մարգարյանը պետք է անպայման հարցաքննվի դատարանում: Պաշտպանական կողմը գտավ, որ եթե քննիչի զբաղվածությունը վերաբերվում է օրվա տվյալ ժամին, ապա պետք է դատական նիստը հետաձգել`վերանշանակել մեկ այլ ժամի, որպիսի քննիչը գա և ցուցմունք տա: Դատարանը որոշեց անփոփոխ թողնել քննիչի ներկայանալու մասին որոշումը:
Սամվել Դիլոյանն իր հայտարարությամբ նկատեց.
«Մենք չենք ասում, թե քննիչը գա այստեղ պարզաբանումներ տա: Մենք բարձրաձայն ևս մեկ անգամ հայտարարում ենք` գործ ունենք հանցագործների խմբի հետ: Ինչ պետք է անենք, որ դատախազությունը քայլեր ձեռնարկի այդ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Նա նշելով, որ ներկայումս ՀՔԾ-ում քրեական գործեր են հարուցվել «ընդամենը երկու-երեք խեղճ վկաների հետ կապված»` մեղադրողից հետաքրքրվեց, թե երբ են քրեական գործեր հարուցվելու ճչացող այն փաստերի, օրինակ` առերեսումների կեղծումների, կեղծ, սուտ ցուցմունքների, դատաբժշկական եզրակացության կեղծումների և այլնի վերաբերյալ, որոնց մասին իրենք վստահ են և հաղորդում են տալիս ու պնդում:
Սամվել Դիլոյանը դատարանի և դատախազի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ ինքը ողջամիտ կասկածներ ունի, թե դատավարության այս վերջին հետաձգումները պայմանավորված են ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալ Գագիկ Աջամյանի գործոնով, ով հանդիսանում էր մարզի դատախազի պաշտոնակատարը: Նա այս գործով ի սկզբանե դատախազի ցուցումն անտեսած Լոռու մարզի քննչականի նախկին պետ Թաթուլ Շուշանյանի աներն է: Այս գործով տուժողի իրավահաջորդի նախկին պաշտպանն էլ Թաթուլ Շուշանյանի հորեղբոր որդին էր:
Դիլոյանի հայտարարություններին և հաղորդմանը անդրադառնալով դատախազ Մարտիրոսյանն ասաց.
«Ես ինձ մոտ բոլոր նշումներն անում եմ Ձեր հայտարարությունների վերաբերյալ: Քանր որ դատաքննությունը դեռ ավարտված չէ և կան հնարավոր միջնորդություններ, Ձեր ասած, այսպես ասած հանցագործությունների հետ կապված այլ գործողություններ կատարելու, մասնավորապես` միջնորդություն ներկայացնելու, գործում առկա այլ նյութ, որպես գործի նյութ հետազոտելով, որը ավելի կլայնացնի կամ կնեղացնի Ձեր ասած շրջանակը»: Դատախազը վստահեցրեց, որ միջնորդությունների փուլի ավարտից հետո անպայման պաշտոնապես կանդրադառնա Դիլոյանի հայտարարություններին և «անմեղ մարդը չի դատապարտվի, իսկ մեղավորը դուրսը չի մնա»:
Արտակ Վերանյանի շահերի պաշտպան Մհեր Դավթյանն էլ նկատեց, որ քննիչ Մարգարյանի գործողություններում քրեադատավարական կարգի խախտման հետ կապված նշվում է «բացառություն» բառը:
«Բայց այստեղ բացառություն չէ` բացառիկություն է: Խոսքը վերաբերում է և քրեադատավարական նորմի խախտումին և գուցե դիտավորությամբ այլ բաներ խախտելուն: Այսօր մենք մեղադրանքի հիմքում դրել ենք Արգամ Հովսեփյանի գլխավորությամբ կատարված դատաբժշկական փորձաքննության եզրակացություն, որի հիմքը լուսանկարներն են: Գործում չի երևում, թե այդ լուսանկարները որտեղից են ի հայտ եկել, ինչպես են հասել փորձագետին և ինչպես են հայտնվել փորձաքննության եզրակացության մեջ:
Հիշեցնենք, որ նախորդ`սեպտեմբերի 19-ի ժամանակ, մեղադրող Մարտիրոսյանն էլ էր ընդունել, որ քննիչ Մարգարյանը քրեադատավարական կարգ է խախտել: Դավթյանը վկայակոչելով քր. դատ.օր. 122-րդ հոդվածի պահանջը` ասաց, որ դա բավարար է`Ա. Հովսեփյանի փորձաքննության եզրակացությունն անթույլատրելի ապացույց ճանաչելու համար:
Դատական նիստի ընդմիջումից հետո դատարան ներկայացավ ավագ քննիչ Հրաչ Մարգարյանը: Վերջինս ցուցմունքով հաստատեց, որ Սամվել Շարբաթյանի դիակի արտաքին զննության ընթացքում իր կազմած արձանագրությունում ֆիքսել է բոլոր այն վնասվածքները, որոնք առկա են եղել դիակի վրա: Պաշտպան Ռ. Հակոբյանը նկատեց, որ այդ նույն վնասվածքները նկարագրված են նաև դեպքի վայրում դիակի զննությամբ, որին մասնակցել են երեք այլ քննիչներ, ներկա է եղել նաև մասնագետ` դատաբժիշկ-փորձագետը:
Այդ նույն վնասվածքները նկարագրված են նաև սկզբնական դատաբժշկական փորձաքննությամբ այն փորձագետի կողմից, ով անձամբ տեսել է դիակը և հերձել այն: Մինչդեռ լրացուցիչ դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության միմիայն հետևությունների մասում փորձագետ Արգամ Հովսեփյանը քննիչի կողմից բջջային հեռախոսով կատարած լուսանկարով որոշել է, որ առկա են ևս երեք վնասվածքներ:
Քննիչ Հրաչ Մարգարյանը դատավարության մասնակիցների բազմաթիվ հարցերին պատասխանելով` ի վերջո ընդունեց, որ շտապողականություն է ցուցաբերել և գուցե չի պահպանել զննության քրեադատավարական պարտադիր կարգը: Նա պնդեց, որ ինքն է դիահերձարանում դատաբժիշկ Վ. Սաքանյանի խնդրանքով իր Նոկիա–N-72 տեսակի բջջային հեռախոսի 2 մեգապիքսելանոց ֆոտոխցիկով արել Շարբաթյանի դիակի լուսանկարները և նույն օրը տեղադրել էլեկտրոնային կրիչի վրա:
Պաշտպան Հակոբյանն ասաց, որ դատարանում հարցաքննված Վ. Սաքանյանն և սանիտար Լյուդվիգ Պողոսյանը պնդել են, թե իրենք դիահերձարանում լուսանկարող չեն տեսել, ուր մնաց թե Սաքանյանն ինքը քննիչին խնդրած լիներ լուսանկարել, այն դեպքում, երբ այդ լուսանկարների մասին որևէ հիշատաում չկա Վ.Սաքայանի կողմից տրված դատաբժշկական փորձաքննության եզրակացության մեջ: Քննիչը նաև հայտնեց, որ լուսանկարչական հավելվածը և սկավառակով ծրարը քրեական գործին է կցել մի քանի օր ուշացումով, դրա համար էլ համարակալումը կատարել է հետին ամսաթվով, կոտորականերով:
ՈՒշագրավ ևս մեկ փաստ: Թեև քննիչը նշեց, որ ինքն է լուսանկարել և դրանք Շարբաթյանի դիակի լուսանկարներն են, մեղադրողի միջնորդությամբ այս լուսանկարներն իր վրա կրող էլեկտրոնոյին սկավառակի ուսումնասիրությունը դատարանի լեփ-լեցուն դահլիճում ցույց տվեց, որ այդ լուսանկարները, որոնք սկավառակի վրա են, կատարվել են 2012 թվականի նոյեմբերի 19-ին:
Մասնավորապես դիակի գանգի լուսանկարները կատարվել են նույն օրը, ժամը 11:23-ին, այն դեպքում, երբ դիակի արտաքին զննությունն ավարտվել է ժամը 12.55-ին, որից հետո, ըստ քննիչի ցուցմունքի, նոր միայն սկսվել է հերձումը և ինքը կատարել է գանգի լուսանկարները: Ըստ դատաբժշկական փորձաքննության, այն սկսվել է ժամը 13.00-ին: Պաշտպան Հակոբյանը դատարանի ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ ստացվում է դիակի գանգի լուսանկարները կատարվել են հերձողի կողմից գանգը բացելուց 37 րոպե առաջ, ինչը հնարավոր չէ:
Պաշտպանը նաև հարց բարձրացրեց` ինչու քննիչը գոնե մեկ լուսանկար չի կատարել այնպես, որ երևա հարակից օբյեկտները և դիակը, որ պարզ լինի, թե կոնկրետ որ դիակի գանգն է բացված վիճակում լուսանկարել: Սկավառակում դեպքի վայրի զննության արձանագրության 43 լուսանկարներից առկա էին միայն 7-ը:
Սկավառակի ուսումնասիրությունից հետ դատախազը միջնորդեց ժամանակ տրամադրել նոր միջնորդությամբ հանդես գալու համար:
Ռ. Հակոբյանը հույս հայտնեց, որ մեղադրողին հաջորդ դատական նիստին հանդես կգա իր պաշտպանյալների նկատմամբ մեղադրանքից հրաժարվելու միջնորդությամբ: Հայրենի դատախազության նկատմամբ իր վստահությունն ու հավատն արտահայտեց նաև Սամվել Դիլոյանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 6-ին, ժամը 14:30-ին: