
Արալյան լիճը վերջին 50 տարում կրճատվել է 90 տոկոսով

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Միջին Ասիայում գտնվող և աշխարհի չորրորդ խոշոր լիճ անունով հայտնի Արալյան լիճը վերջին 50 տարում կրճատվել է 90 տոկոսով: Այդ մասին են վկայում նաև NASA-ի արբանյակային լուսանկարները:
Դրա պատճառն այն է, որ դեռևս խորհրդային տարիներին՝ 1960-ական թվականներից, բամբակի արտադրության մեծացման համար սկսեցին մեծապես օգտագործել Ուզբեկստանի ու Ղազախստանի սահմանին գտնվող Արալյան լճի ու նրան սնուցող գետերի ջրերը:
Դա հանգեցրեց նրան, որ լճի մակերեսը բավական նվազեց և 1997 թվականին լիճը բաժանվեց երկու մասի՝ զբաղեցնելով նախկին տարածքի միայն 10 տոկոսը: Ջրից ազատված տարածքում մնացած աղի ավազներն ուժգին քամու դեպքում հասնում են մինչև Ճապոնիա ու Սկանդինավիա, ինչես նաև սպառնալիք են ներկայացնում տեղական բնակչության համար: