Ժիրայր Լիպարիտյան. Քոչարյանը շփոթության մեջ է. «Իրատես դե ֆակտո»
«Իրատես դե ֆակտո» թերթը զրուցել է 1994-1997թթ. ՀՀ նախագահի ավագ խորհրդական, պատմաբան, պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտյանի հետ
– ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջերս հարցազրույց տվեց՝ բավականին փայլուն ներկայացնելով իր նախագահության տարիները։ Քոչարյանի մասին Դուք մի քանի հարցազրույցներում խոսել եք։ Այդուհանդերձ, ի՞նչ կարծիքի եք այդ հարցազրույցում արտահայտած մտքերի և, ընդհանրապես, քոչարյանական 10 տարիների մասին։
– Այդ հարցազրույցի մեծ մասը նվիրված էր Քոչարյանի նախագահության 10 տարիների տնտեսական աճին ու այդ աճի բացառիկությանը՝ համաշխարհային իմաստով, մոռանալով ուրիշ մի բան։ Բողոքում ենք Թուրքիայի ու թուրք պատմաբանների կողմից պատմության խեղաթյուրման դեպքերից ու գրեթե անտարբեր ենք մեր անմիջական անցյալի նկատմամբ մեր իսկ աչքի առաջ սպասարկված խեղկատակությունների նկատմամբ։ Բարեբախտաբար, մի քանի անհատներ ձայն բարձրացրին, և կայքերից մեկը վերահրապարակեց Քոչարյանի տասնամյակի գնահատականը, որը Տեր-Պետրոսյանն էր տվել։
Այդ տարիների տնտեսության իրական էության մասին արդեն խոսել են հմուտ տնտեսագետներ, հատկապես Հրանտ Բագրատյանը։
Այդ առումով միայն մի բան ունեմ ավելացնելու։ Մարդ, ով սկսել է մի քանի գիրք կարդալ պետական և միջազգային տնտեսությունների վերելքի ու անկման մասին, տակավին պիտի չհոխորտար իր 10 տարիների տնտեսական աճի բացառիկության մասին։ Դա մի մեծ փուչիկ էր, որի բացառիկության միֆին օժանդակեց Համաշխարհային բանկը, որովհետև նրանք էլ կարիք ունեին հաջողության օրինակների։ Իսկ Քոչարյանն այդ փուչիկի պայթյունը վերագրում է նրան, որ ինքն այլևս նախագահ չէ։ Հասկանալի է. բայց ոչ ընդունելի։ Սակայն այստեղ նույնքան կարևոր է մի այլ հանգամանք։
Քոչարյանը տակավին ուզում է հավատալ և մեզ հավատացնել, որ Հայաստանը կարող է երկարատև ու հիմնավոր տնտեսական աճ ունենալ հակառակ իր շրջափակված ու ռազմականացած վիճակի։ Կարծում եմ՝ երկրորդ նախագահը շփոթության մեջ է։ Որոշակի խավի հարստացումը նա շփոթում է երկրի տնտեսական աճի հետ։ Նա պարզապես շրջանցում է շրջափակումների ու ռազմականացած տնտեսության, այսինքն ԼՂ-ի հարցի լուծման անհրաժեշտությունը որպես Հայաստանի տնտեսության իսկական զարգացման նախապայման։ Դա իր ամենախոցելի կետերից մեկն է։
Առաջին նախագահ Տեր-Պետրոսյանին հրաժարական պարտադրելուց ու այս արդյունքը ստանալուց հետո այդ փաստարկով նա փորձում է տակավին պաշտպանել 1998-ի իր գործողության և 10 տարիների ձախողած ու վատնած տարիների քաղաքականությունը։ Այսքան երկար չէի խոսի Քոչարյանի մասին, եթե հստակորեն լավ ծրագրված իր այս հարցազրույցների մեջ չտեսնեի իշխանության վերադառնալու նրա առայժմ զուսպ, բայց իրականում բուռն փափագը։ Վստահ չեմ կարող ասել, թե Հայաստանում մեր ժողովրդի մեծամասնությունը ինչ է մտածում այդ մասին։ Այլ բան է, թե Քոչարյանի այս պահին անհավանական վերադարձը Հայաստանի և ԼՂ-ի համար ճիշտ կլինի, թե ոչ։
–Հրապարակվել է Հայաստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագրի տեքստը։ Ի՞նչ եք կարծում, պայմանագրում որևէ խնդիր կա՞ Հայաստանի համար։
–Առիթ չեմ ունեցել ամբողջությամբ ծանոթանալու այդ տեքստին, սակայն հստակ է, որ այնտեղ հարց կա Լաչինում ու ԼՂ-ի հետ շփման այլ կետերում մաքսակետեր նշանակելու մասին, որոնք վստահաբար պիտի վերահսկվեն ՄՄ-ի կողմից։ Սա մոտավորապես նույնն է, ինչ ռուսական դեսանտային ուժը։ Ենթադրաբար, մաքսային կետի կամ կետերի անձնակազմի անդամները քաղաքացիական մարդիկ են լինելու և ոչ զինվորական։
Ուրեմն նրանց գալուց ոչ շատ ուշ մի որևէ դեպք կպատահի, և այդ քաղաքացիական անձնակազմի պաշտպանության համար այդ դեսանտը կօգտագործվի։ Այս կամ այն կերպ մենք ԼՂ-ի հետ ազատ կապը կորցնելու վրա ենք։ Այսինքն՝ ԼՂ-ի հարցի լուծման մեզ համար ամենակարևոր կապը կորցնում ենք։ Նման վտանգի առկայության մասին ես արդեն բազմիցս նշել եմ։
– Ի՞նչ տպավորություն ունեք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում Սերժ Սարգսյանի ելույթից։ Թուրքիային ուղղված նրա խոսքը՝ «գրողի ծոցը վավերացնեք», տարակարծությունների տեղիք է տվել։
– Կարելի է մի ամբողջ դասախոսություն կարդալ այդ մասին և արժե կարդալ, քանի որ շատ լավ հաշվարկված ելույթ էր։ Սակայն այստեղ նշեմ մի կետ։ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման նկատմամբ իր նեղսրտությունը արտահայտելու համար ՀՀ նախագահը կարիք չուներ հավասարվելու Վենեսուելայի Չավեսին կամ Իրանի Ահմադինեժադին։ Նա կարող էր նույն բանն ասել այլ ձևով։ Նա խոսում էր ՄԱԿ-ում և ոչ իր մտերիմների հետ։
Փորձել եմ հասկանալ այդ ոճի տրամաբանությունը։ Ամենահավանական բացատրությունը, որ ունեմ, հետևյալն է. ՀՀ նախագահը չորս «թռչուն» միանգամից էր որսում։ Թուրքիային ասում էր մենք ինքնավստահ ենք, դուք էլ տակավին ժամանակ ունեք մի բան անելու. Ռուսաստանին ասում էր Թուրքիայի հետ մեր սիրաբանությունը լուրջ մի ընդունեք. ՀՅԴ-ին ու նույնիսկ «Ժառանգությանն» ասում էր ձեր ամենակարևոր հարցի կապակցությամբ տեսեք ինչ, ինչպես և որտեղ եմ ասում, ուրեմն լավ մտածեք այդ քառյակին կամ եռյակին ձեր մասնակցության մասին։ Եվ չորրորդ ՀՀ նախագահն ասում էր, թե ցեղասպանությունն այսօր տարբեր իմաստներ ու նշանակություն ունի ու կարելի է տարբեր նպատակների համար օգտագործել։ Կարծում եմ, նա կարող է հուսալ, որ ՄՍԿ-ի նման ֆորումի մեջ այդ լեզվով խոսելու արդյունքում ստեղծված աղմուկը կօգնի, որ աննկատ անցնի Լաչինը, այսինքն ԼՂ-ն Ռուսաստանին հանձնելու հանգամանքը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Իրատես դե ֆակտո» թերթի այսօրվա համարում։