«Իսլամական պետություն» խմբավորումը հրապարակել է բրիտանացի պատանդի նոր տեսաուղերձը (տեսանյութ)
Բրիտանական The Telegraph պարբերականի փոխացմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորումը վերստին հրապարակել է իր մոտ պատանդ պահվող բրիտանացի ֆոտոլրագրող Ջոն Քենթլիի նոր տեսաուղերձը: Իսլամականները նրան գերեվարել են 2012 թվականին, Սիրիայում:
Իր ելույթում լրագրողը հանդես է գալիս իսլամականների դիրքերին ավիահարվածներ հասցնելու մասին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ռազմավարության դեմ և կոչ է արել դադարեցնել «Իսլամական պետության» դեմ պայքարը:
Քենթլին ընդգծել է, որ խմբավորմանը հաղթելու համար անհրաժեշտ են ոչ թե ավիահարվածներ, այլ՝ լավ ուսուցում ստացած ու կարգապահ զորքեր, ինչը չի կարելի ասել ո՛չ իրաքյան բանակի, ո՛չ էլ Սիրիական ազատ բանակի պարագայում, քանի որ նրանց երկուսին էլ բնորոշ են անկարգապահությունը, կոռուպցիան և անարդյունավետությունը:
Մոտ մեկ շաբաթ առաջ իսլամականները հրապարակել էին Քենթլիի առաջին տեսաուղերձը: