Հովհաննես Մանուկյանը մասնակցել է «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը
ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանn այսօր մասնակցել է Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղում «Եզդիների սրբատեղի» Զիարիատի օծման երրորդ տարվա արարողությանը: Ակնալիճում բացվել է նաև հայ-եզդիական բարեկամության հուշահամալիրը, տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հուշաքարը: Խոսելով հայ և եզդի ժողովուրդների բարեկամության մասին՝ նախարարը նշել է, որ այն ունի դարերի պատմություն, երբ երկու եղբայրական ժողովուրդ միասին մասնակցել են ազատագրական պայքարին:
ախարարը վկայակոչել է երկու ժողովուրդների միասնական ճակատագիրը, որը նրանք պատվով են կիսել՝ միասին դիմակայելով ընդհանուր փորձություններին ու դժավարություններին: Հայաստանը այսօր եզդիների հայրենիքն էլ է, որտեղ նրանք ապրում և ստեղծագործում են: Նա հավելել է, որ այսօր էլ ավանդույթ դարձած բարեկամությունը շարունակվում է, ինչի վկայությունն է Իրաքի Շանգալ նահանգում իսլամիստ ծայրահեղականների կողմից եզդիների ոչնչացման խստագույնս դատապարտումը բարձր ատյաններում Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից, և այդ աղետի բացասական հետևանքների մեղմման համար ցուցաբերած օժանդակությունը:
Նա հավաստիացրել է, որ Հայաստանի Հանրապետությունը կիսում է եզդի ժողովրդի ցավը և օրհասական պահերին միշտ եղել ու մնալու է նրա կողքին: Հովհաննես Մանուկյանը, դիմելով ներկաներին, վստահեցրել է, որ հայ և եզդի ժողովուրդների փոխօգնությունն ու փոխվստահությունը շարունակական կլինեն՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության և ի փառս մեր ընդհանուր Հայրենիքի:
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին