Վանաձորում անչափահաս մարզիկի մահվան գործն ուղարկվել է դատարան

Վանաձորում անչափահաս Դավիթ Հովակիմյանի մահվան փաստով հարուցված քրեական գործն ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Քրեական գործով Կարեն Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա 12.10.2013թ. ժամը 18-ի սահմաններում կենցաղային հողի վրա վիճաբանել է և ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու դիտավորությամբ դանակով մեկ անգամ հարվածել է Դավիթ Հովակիմյանի կրծքավանդակի ձախ կեսի շրջանում` վերջինիս պատճառել մարմնական վնասվածքներ, սակայն վերջինիս ընկերների կողմից օգնության հասնելուց հետո Կ. Կունգուրցևը դիմել է փախուստի»: Դեպքից անմիջապես հետո Դավիթ Հովակիմյանը տեղափոխվել է «Վանաձոր ԲԿ», որտեղ ժամը 21:35-ին մահացել է: Դավիթ Հովակիմյանը Երևանի բնակիչ էր, նա մասնակցում էր ձեռքի գնդակի հանրապետական մրցաշարին:

Կարեն Կունգուրցևին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդված): Քրեական գործը մակագրվել է դատավոր Նարինե Հովակիմյանին: Նշենք, որ Կ. Կունգուցևի պաշտպանը հայտարարել է, որ նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Հիշեցնենք նաև, որ այս գործով անջատված մաս կա: 2014թ. օգոստոսի 26-ին ձերբակալվել է «Վանաձոր ԲԿ» ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Վլադիմիր Ղուկասյանը, ով կասկածվում էր Դ. Հովակիմյանի բուժման ընթացքում մասնագիտական պարտականությունների նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և դրանք ոչ պատշաճ կատարելու հետևանքով անզգուշությամբ բուժվող հիվանդի մահն առաջացնելու մեջ:

«Դ. Հովակիմյանի մահվան պատճառի հետ կապված կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել են նախորդ փորձաքննությամբ արձանագրված բացթողումներն ու թերությունները, ինչպես նաև այն, որ «Վանաձոր ԲԿ» ՓԲ ընկերությունում Դ. Հովակիմյանին բուժօգնության ցուցաբերման թերությունները և բացթողումները գտնվում են պատճառահետևանքային կապի մեջ նրա մահվան հետ, որոնց առավել վաղ իրականացումը զգալիորեն կմեծացներ բարենպաստ ելքի հավանականությունը՝ հնարավորություն ընձեռելով փրկել Դ. Հովակիմյանի կյանքը»,- իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր ՀՀ գլխավոր դատախազությունը:

Տեսանյութեր

Լրահոս