
Կրոտով. Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կդառնա միության լիիրավ անդամ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի խորհրդական Միխայիլ Կրոտովի եւ ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Օլեգ Լեբեդեւի հետ:
Ողջույնի խոսքում Էդուարդ Շարմազանովն ընդգծել է հայ-ռուսական դարավոր բարեկամությունը եւ նշել, որ երկու երկրների միջեւ կապերը պետք է առավել զարգանան ու խորանան եւ այս հարցում կարեւորել է խորհրդարանականների դերը:
Նա նշել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական եւ ռազմավարական կապերը կայուն զարգացման փուլում են: Պարոն Շարմազանովը բարձր է գնահատել միջազգային խորհրդարանական կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցված աշխատանքը:
Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ջանքերը՝ ուղղված խնդրի խաղաղ կարգավորմանը:
Խոսելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդրից՝ պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի իշխանություններին՝ դեռեւս 90-ականներին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենք ընդունելու համար:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նաեւ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գործընթացներին: Նա կարեւորել է Հայաստանի Հանրապետական եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների փոխգործակցության ամրապնդումն ու հետագա խորացումը:
Միխայիլ Կրոտովը նշել է, որ իրենց այցի նպատակն է քննարկել խորհրդարանական խմբակցությունների մակարդակով համագործակցելու կոնկրետ ձեւաչափն ու ուղիները: Պարոն Կրոտովը նշել է, որ Հայաստանը, անդամակցելով ԵՏՄ-ին, կդառնա միության լիիրավ անդամ:
Օլեգ Լեբեդեւը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների մակարդակը եւ կարեւորել Հայաստանի Հանրապետական ու «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջեւ համագործակցության սերտացումն ու ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են այլ հարցեր եւս: