Մարտի 1-ի գործի ժառանգությունը «բեռ չէ» Վահագն Հարությունյանի համար (տեսանյութ). 1in.am
Մարտի 1-ի քրեական գործը բացահայտված լինելու առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար, նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հայտարարությունը լուրջ դժգոհություն առաջացրեց հասարակության որոշ շրջանակներում՝ հարուցելով 10 զոհերի հարազատների ցասումը:
Երեկ Աղվան Հովսեփյանը որպես Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահ Ապարանում միջոցառում էր կազմակերպել, որի ընթացքում արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի քավորությամբ նոր խաչ ավելացավ Սուրբ խաչ և Հույսի խորան կառույց-հուշարձանին:
Խաչի կոթողի մոտ Աղվան Հովսեփյանին կայքը հարցրել է , թե արդյոք նման միջոցառումներ կազմակերպելով հնարավո՞ր է հանդարտեցնել հանրության ցասումը կապված մարտի 1-ի առթիվ իր հայտարարության հետ: Պարոն Հովսեփյանն անպատասխան թողեց «Առաջին լրատվականի» հարցը: Ուստի մի քանի հարց ուղղեցինք քննչական կոմիտեի ղեկավարի նոր տեղակալ, ժամանակին Մարտի 1-ի քրեական գործը քննող ՀՔԾ քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին:
– Պարոն Հարությունյան, Աղվան Հովսեփյանի հայտարարությունը՝ Մարտի 1-ի գործը բացահայտված լինելու մասին, հասարակության մեջ բավականին դժգոհություն և ցասում առաջացրեց: Մարտի 1-ի բեռով Դուք ինչպե՞ս եք պատրաստվում աշխատել քննչական կոմիտեում:
– Շատ լավ: Նախ՝ ես այն բեռ չեմ համարում և չեմ գտնում, որ Մարտի 1-ի գործը վատ է քննվել կամ ոչ լիարժեք, և կարծում եմ՝ հետագա նախաքննությունն ով էլ շարունակի՝ պատշաճ կկատարի: Հույս ունեմ նաև, որ կլինեն դրական արդյունքներ:
– Ձեր կատարած գործը ինչպե՞ս եք գնահատում Մատի 1-ի բացահայտման ուղղությամբ, քանի որ Դուք էիք գլխավորում քննչական խումբը:
– Կարծում եմ՝ նորմալ: Ես բազմիցս ասել եմ, որ հսկայական ծավալի մեծ աշխատանք է կատարվել այդ գործով և դեռ կկատարվի:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: