Ներեցեք, սյունեցիներ. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը իր այսօրվա խմբագրականում գրում է.
Առաջին զգացմունքը, որը ես ապրեցի, իմանալով այն մասին, որ Սուրիկ Խաչատրյանը վերանշանակվել է Սյունիքի մարզպետի պաշտոնում, վիրավորանքն էր: Իմ լրագրողական աշխատանքի օրոք իմ հասցեին ես շատ բան եմ լսել ու կարդացել, բայց առանձնապես չեմ վիրավորվել, հատկապես՝ վերջին ժամանակներս:
Բայց այս նշանակումով վիրավորել են ոչ թե իմ անձը, այլ ինձ՝ որպես քաղաքացու: Վիրավորել են նաեւ բոլոր հայաստանցիների արժանապատվությունը, առավել եւս՝ Լիսկայից եւ նրա ընտանիքից տուժած Սյունիքի հազարավոր բնակիչներին:
Իսկ երկրորդ զգացմունքն ամոթն է, որ ես չեմ կարողացել կանխել այդ սկանդալային դեմքի նշանակումը: Իմ գրչով, իմ խոսքով ի վիճակի չեղա պաշտպանել սյունեցիներին նոր հարստահարումներից, ունեցվածքի զավթումից, դանակահարություններից, բռնաբարություններից, ծեծից: Ես իմ դիրքում քիչ թե շատ ապահովված եմ՝ անվտանգության տեսանկյունից, իսկ Սյունիքի ժողովուրդը կրկին Լիսկայի, նրա ընտանիքի եւ նրա «թիկնազորի» ահաբեկման վտանգի տակ է:
Վաղը տեղի կունենա նրա «գահին բազմելու» արարողությունը: Կերակրատաշտին մոտ կանգնած մի խումբ պնակալեզներ նրան կփառաբանեն:
Մնացածները կլռեն, կվախենան ձայն հանել, որովհետեւ այլ մարզերում «ձայն հանելու» համար կարող են հետապնդել, մարդիկ գուցե աշխատավայրում կամ բիզնեսում խնդիրներ ունենան, բայց Սյունիքում ընդվզման նշաններ ցույց տալը հղի է զուտ ֆիզիկական անվտանգության սպառնալիքներով: Ոչ, մարդիկ դուրս չեն գա փողոց՝ բողոքելու Լիսկայի նշանակման դեմ, նրանք ավելի շուտ կմտածեն Հայաստանից հեռանալու մասին: Դա է ամենասարսափելին:
Մի բան է ակնհայտ. մենք՝ Հայաստանի հասարակությունը, եւ ես անձամբ չկարողացանք կանխել այդ վերանշանակումը: Ներեցեք, սյունեցիներ:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Առավոտի» այսօրվա համարում։