Օրենք՝ դեղերի շրջանառությունը պարալիզացնելու համար
Ս.թ. հունիսի 18-21-ը, ԱԺ արտահերթ նիստում, որպես հրատապ հարց՝ հատուկ ընթացակարգով կառավարության կողմից 24-ժամյա անհետաձգելի ռեժիմով, միանգամից 2 ընթերցմամբ, ընդունվել են «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում փոփոխություններ, որոնցով նախատեսվում է նոյեմբերի 1-ից դեղերի պարտադիր դրոշմավորում:
Այս որոշումը խորհրդարանում անցկացվեց առանց որևէ քննարկման և որևէ տեսակետ լսելու ցանկության, կայծակնային արագությամբ:
Օրենքի կիրառումը գործող տեսքով անարդյունավետ է, անիմաստ, տեխնիկապես ու ֆիզիկապես անհնար:
Ըստ օրենքի հեղինակների՝ դեղերի պարտադիր դրոշմավորման գաղափարի հիմքում ստվերային շրջանառությունը կանխելն է: Իսկ դրա համար անհրաժեշտ և բավարար կարող էր լինել ընդամենը ապրանքաշրջանառության իրական փաստաթղթավորումը, այսինքն՝ ապրանքի իրական քանակն ու գինը հաշվառելը՝ ըստ հաշիվ-ապրանքագրերի: Թեև դեղերի ոլորտը եզակի ոչ ստվերային ոլորտներից մեկն է, դիցուք՝ եթե ստվերային էլ լիներ, ապա ապրանքը՝ լիներ դրոշմավորված կամ չդրոշմավորված, կարող էր իրացվել մեծածախ եղանակով՝ առանց հաշիվ-ապրանքագրի: Իսկ դրամարկղային մեքենան` օգտագործվել՝ իբրև «լվացքի մեքենա»՝ մաքրելով իրացված ապրանքը՝ նվազեցված գներով:
Իսկ ապրանքների քանակները՝ ըստ սերիաների, ֆիքսվում են ի սկզբանե, ներմուծելիս, մաքսային սահմանին, միանգամից երկու գլխադասային գերատեսչությունների՝ Ֆինանսների և Առողջապահության նախարարությունների կողմից: Այսինքն՝ լրացուցիչ հաշվառելու անհրաժեշտություն չկա: Եթե բերվում է այն փաստարկը, թե մաքսային մարմինների պաշտոնյաներին կաշառելով՝ կարելի է համաձայնության գալ և թաքցնել իրական քանակը, ապա նույն հաջողությամբ՝ կարելի է համաձայնության գալ հարկայինի պաշտոնյաների հետ և իրականացնել առանց հաշիվ-ապրանքագրերի արդեն նշված չարաշահումը:
Այսինքն՝ օրենքի այս փոփոխությունն իրենով արդեն իսկ չի կարող լուծել այն խնդիրը, հանուն որի կատարվել է փոփոխությունը:
Մյուս կարևոր հանգամանքը՝ կապված պարտադիր դրոշմավորման անարդյունավետության հետ, պայմանավորված է պետության և ընկերությունների կատարվելիք ծախսերով, իսկ այդ բեռը, ի վերջո, ընկնելու է ամբողջ հասարակության ուսերին: Միայն մեկ միլիոն դոլարին համարժեք դրամից ոչ պակաս ծախս է կատարելու պետությունը՝ դրոշմապիտակների ձեռքբերման վճարը ձեռնարկություններին փոխհատուցելիս: Եթե հաշվի ենք առնում նաև, թե ինչ ծախսեր են կատարելու ձեռնարկությունները՝ կապված դեղերի ամբողջ ծավալը (տարեկան առնվազն 150 միլիոն դրոշմավորման ենթակա միավոր) ձեռքով դրոշմապիտակավորելիս՝ ներգրավելով բազմաթիվ աշխատողների: Այդ աշխատանքի համար անհրաժեշտ են նաև լրացուցիչ տարածքներ՝ համապատասխան սարքավորումների և պայմանների ապահովմամբ:
Կառավարության պաշտոնյաների գնահատմամբ՝ դեղերի ստվերային շրջանառությունն ընդհանուր շրջանառության (որը կազմում է 100 միլիոն դոլարին համարժեք դրամ) 15 տոկոսն է, որն ուռճացված, չհիմնավորված թիվ է: Եթե անգամ ընդունենք այս թիվը՝ որպես իրական, դրա հարկային և մաքսային մուտքերը եթե 100 տոկոսով էլ հավաքվեին, 20 տոկոս վերադիրի դեպքում կկազմեին միայն 3 900 000 դոլարին համարժեք դրամ:
Որևէ վարչարարությամբ, անգամ` տեսականորեն, հնարավոր չէ գնահատված թիրախը 100% բերել օրինական դաշտ, հետևաբար` պարզ է դառնում, որ այդ ծախսերի գումարը զգալիորեն գերազանցելու են շահութահարկի և ԱԱՀ-ի մասով այն մուտքերը, որոնք ակնկալվում են դրոշմավորման ներդնումից հետո:
Այսինքն՝ նպատակն այս տեսանկյունից էլ քննություն չի բռնում:
Քանի որ դրսի որևէ արտադրող երբևէ չի ստանձնի Հայաստանի համար նախատեսված փոքր քանակների համար դրոշմավորման գործընթացը, ի սկզբանե գործընթացի մեքենայացումը բացառված է: Ներմուծելուց հետո ևս դա անհնար է մեքենայացնել, քանի որ փաթեթավորումները խիստ տարբերվում են և՛ չափերով, և՛ տեսակներով: Այն պահանջելու է առնվազն կրկնապատկել աշխատողների թիվը թե՛ հաշվապահությունում, թե՛ պահեստներում՝ ձեռքի այս մանրակրկիտ աշխատանքը կազմակերպելու համար:
Դրոշմավորման հետ կապված առցանց տվյալների լրացումը, կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունները դրոշմավորման ենթակա յուրաքանչյուր առանձին դեղի համար, որոնք ընդունել է Ֆինանսների նախարարությունը, իրենից ներկայացնում են անվերջ աշխատանք (պետք է նշվի դեղը, դեղի ենթատեսակը, նկարագիրը, տարողությունը, ծավալը, քաշը, բնորոշ չափման այլ միավորը, պիտանելիության ժամկետի ավարտը՝ օրը, ամիսը, տարեթիվը, տվյալ ապրանքատեսակի վրա փակցված դրոշմապիտակների սերիաները և հերթական համարները, այդ թվում՝ միջակայքերով, անհրաժեշտ դրոշմապիտակների քանակը, տվյալ դեղի խմբաքանակի համար արդեն օգտագործված դրոշմապիտակների թիվը, և այլն, և այլն):
Պահեստներում դրոշմավորման ենթակա ապրանքի տեսակները 5000 անվանումից ավելի են: Եվ յուրաքանչյուր դեղի համար այս ողջ գործընթացն ավելի սահմռկեցուցիչ է, քան վերոնշյալ ֆիզիկական անմիտ ծանրաբեռնվածությունը: Այս կարգերը կազմողը երևի սադիստական հակումներով է տառապում:
Ամենաահավորն այս ծավալուն գործընթացի անիմաստության գիտակցումն է, որ ինչ-որ մեկի կապրիզով` դեղ ներմուծողներն ու տեղական արտադրողներն իրենց ողջ էներգիան ու ժամանակը պիտի վատնեն ոչինչ անելու վրա:
Դեղերի պարտադիր դրոշմավորումը, որն աննախադեպ է վնասարարությամբ, աշխարհի և ոչ մի երկրում իր նախադեպը չունի: Սա իր առջև դրած նպատակին ամենևին չծառայող ու անմիտ որոշում է, որն ուղղակի կաթվածահար է անելու ոլորտի աշխատանքը:
ՎԱՀԵ ՎԱՐՍԱՆՅԱՆ
«Վագա-ֆարմ» ընկերության հիմնադիր