Պոպոք. օգտակար է ոչ միայն ընկույզի միջուկը

Բույսի հայրենիքը Փոքր և Միջին Ասիան է։ Պոպոքը համարվել է ընկուզեղենի արքան, իսկ պտղամիջուկի արտաքին նմանությունը մարդու ուղեղի հետ հիմք է տվել հին իմաստասերներին ենթադրել, որ բույսն ունի «մտածելու» ունակություն։
Ըստ պահպանված պատմական ձեռագրերի` Բաբելոնի քրմերն արգելել են հասարակ բնակչությանը պոպոք ուտել, քանի որ խելացի մարդկանց ավելի դժվար կլիներ ղեկավարել։

Պոպոքը բազմաթիվ, մոգական գաղտնիքներով լի առասպելների հերոսն է։ Մարդկանց զարմացրել է պոպոքենու երկարակեցությունը և մինչև կյանքի վերջին տարիներնառատորեն պտղաբերելու ունակությունը։

Ըստ առասպելներից մեկի` աղջիկները պարել են սրբազան ծառի շուրջը։ Ծառը փրկել է նրանց մահաբեր կայծակից, սակայն աղջիկներն այլևս տուն չեն վերադարձել, նրանք փոխակերպվել են ծառի ճյուղերից կախված ընկույզների։
Ընկուզեղենը բացառիկ է պարունակվող օգտակար նյութերի բազմազանությամբ և դրանց ներդաշնակության աստիճանի հավասարակշռությամբ։

Հին հայերն իմացել են պոպոքի բարձր սննդային և էներգետիկ արժեքի մասին։ Հատուկ ձևով մշակված ու մեղրի և յուղի մեջ պահածոյացված պտուղները նպաստել են զինվորների ֆիզիկական ուժի և ռազմական հնարամտության պահպանմանը։

Կարդացեք նաև

Քիմիական բաղադրությունը
Հասունացած պոպոքի միջուկը հարուստ է բազմաչհագեցած ճարպերով` պարունակում է լինոլի, պալմիտինի, օլեինի, ստեարինի, լինոլենի ճարպաթթուներ, որոնց մեջ չկա խոլեստերին։ Ճարպաթթուները նվազեցնում են սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում են աղեստամոքսային համակարգի գործունեությանը։

Ամինաթթուների պարունակությամբ միջուկը չի զիջում մսեղենին։ Պոպոքը նպաստում է մկանների աճին և ամրացմանը։

Հասունացած միջուկը հարուստ է կալիումով և մագնիումով, ինչի շնորհիվ կանխարգելում է կարծրախտի զարգացումը, մեղմացնում է գլխացավը, հանգստացնում է նյարդերը, ունի քնաբեր հատկություն, խորհուրդ է տրվում սրտի իշեմիկ հիվանդության և հիպերտոնիայի նախնական փուլերում։

Միջուկը պարունակում է զգալի քանակությամբ երկաթ և կոբալտ, որոնք օգտակար են սակավարյունության դեպքում։

Պոպոքենու պտղի տարբեր մասերում պարունակվող յոդի օգտակարության մասին գիտեն շատերը։ Սակայն կարևոր է իմանալ, որ նույնիսկ պոպոքի ընկույզի նման օգտակար մթերքը և պոպոքենու տարբեր մասերից ստացված պատրաստուկներն ունեն հակացուցումներ։

Զգուշացում։ Պոպոքը հակացուցված է ուտել փսորիազի և էկզեմայի, ենթաստամոքսային գեղձի և աղիների հիվանդությունների, արյան բարձր մակարդելիության դեպքում։ Վահանագեղձի հիվանդությունների դեպքում պետք է խորհրդակցել բժշկի հետ։ Խորհուրդ չի տրվում ուտել օրը ավելի քան 100 գ պոպոքի միջուկ. հնարավոր է առաջանա կոկորդի այտուց, նշագեղձի բորբոքում, ուղեղը սնուցող անոթների սպազմ և ուժեղ գլխացավ։

Ժողովրդական դեղատոմսեր
Իմունային համակարգն ամրացնող։ Կանաչ պոպոքը գերազանցում է C վիտամինի պարունակությամբ նույնիսկ հաղարջ սևին.

  • Կանաչ պոպոքը բաժանեք 2-4 մասերի, լցրեք ապակե տարայի մեջ, ավելացրեք մայիսյան մեղր։ Կիպ փակեք, 3-4 ամիս պահեք մութ տեղում։ Կերեք կարագի հետ` օրը 1-2 ճ/գ։
  • Կանաչ պոպոքի կեղևը 14 օր թրմեք օղու մեջ (3։10)` կիպ փակված ապակե տարայի մեջ, քամեք։ Խմեք 20-30 կաթիլ` օրը 3-4 անգամ, ջրի հետ։

Անցանկալի մազեր. Կանաչ պոպոքը բաժանեք մասերի, հյութը քսեք մազակալող հատվածին։

Մրսածություն. Մանրացրեք, խառնեք կանաչ պոպոքը և պոպոքենու տերևը։ 20 գ հումքը լցրեք 200 մլ եռջրի մեջ, 30 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք սենյակային պայմաններում, քամեք, վերականգնեք նախնական ծավալը եռջրով։ Կատարեք ողողումներ։

Լարինգիտ, սուր շրջան. Մանրացրեք, խառնեք հավասար քանակությամբ պոպոքենու և ջղախոտի (եզնալեզու) տերև, վաղենակի (կալենդուլա) և երիցուկի ծաղիկներ։ 10 գ հումքը 8 ժամ թրմեք 200 մլ եռջրում, ջերմապահի մեջ, քամեք։ Կատարեք ինհալացիաներ (30-50 մլ` մեկ անգամվա համար)։

Բրոնխների ասթմա, քրոնիկ բրոնխիտ. Աղացեք և խառնեք 50-ական գ պոպոքի միջուկ, ծիրանի կորիզի սերմ, կոճապղպեղի փոշի, 20 գ մեղր` մինչև ստացվի համասեռ զանգված։ Կերեք օրը 15 գ, պահեք սառնարանում։

Ասթմա. Հալվեի տերևները 12 օր պահեք սառը, մութ տեղում, աղացեք, ավելացրեք եռջուր (1։3), 1,5 ժամ թրմեք, մզեք հյութը։ 100 գ հյութը խառնեք 300 գ մեղրի և 500 գ պոպոքի մանրացրած միջուկի հետ։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ։ Ուտելուց առաջ խառնեք փայտե գդալով։

Փսորիազ. Խառնեք 2-ական ճ/գ պոպոքենու տերև և հազարատերևուկի խոտ, 3 ճ/գ մասուրի տրորած պտուղ։ Հումքը լցրեք 300 մլ եռջրի մեջ, 15 րոպե եփեք թույլ կրակի վրա` փակ տարայում, քամեք քառատակ ծալած թանզիֆով։ Եփուկը խառնեք օճառահեղուկի հետ (1։1), դրեք թրջոց։

  • Եփուկի մեջ լուծեք մայիսյան մեղր (1։1), դրեք թրջոց և վիրակապեք, կատարեք քնելուց առաջ։

Կոշտուկներ, ճաքեր կրունկի վրա. Մանրացրեք, խառնեք 4 ճ/գ պոպոքենու և 2 ճ/գ եղինջի տերևներ, 1-ական ճ/գ սրոհունդի խոտ և երիցուկի ծաղիկ։ Հումքը լցրեք 4 լ եռացող ջրի մեջ, 2-3 րոպե եփեք փակ տարայում։ Կատարեք ոտքերի լոգանք գոլ եփուկի մեջ, չորացրեք մաշկը և մշակեք քսուքով։

Վերքեր, մաշկային հիվանդություններ. Պոպոքենու 1 ճ/գ մանրացրած տերևը 7 օր թրմեք 100 մլ արևածաղկի յուղի (ցանկալի է` չզտված) մեջ, 3 ժամ տաքացրեք ջրային բաղնիքի վրա, քամեք, ևս 30 րոպե տաքացրեք, լուծեք 15 գ դեղին մոմ։ Մշակեք վերքերը։

Բրադիկարդիա. Կիտրոնները բաժանեք 4 մասի, 0,7 կգ հումքը եփեք 1 լ ջրի մեջ, մինչև կեղևը փափկի, տրորեք, ավելացրեք պոպոքի 500 գ մանրացրած միջուկ, 250 գ քունջութի յուղ, 250 գ շաքարի փոշի։ Խառնեք, մինչև ստացվի համասեռ զանգված։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։

Անուժականություն. Եփեք և տրորեք 100 գ սխտոր, խառնեք պոպոքի 300 գ միջուկի, սամիթի 50 գ մանրացրած սերմի և 1 կգ մեղրի հետ։ Կերեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, ուտելուց 2 ժամ հետո։

Շագանակագեղձի բորբոքում. Խառնեք 2-ական ճ/գ պոպոքենու տերև և ռեհան, 8 ճ/գ ծովաբողկի արմատ (ունի սուր այրող հոտ), լցրեք սպիտակ գինու ջրային եռացրած լուծույթի (2։1) մեջ, 1 օր թրմեք, քամեք։ Կերեք 1-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Խորհուրդներ տղամարդկանց

  • Հնագույն ժամանակներից համարվել է, որ 30-50 գ պոպոքի միջուկն ուտելու դեպքում կարելի է կանխարգելել անպտղության զարգացումը և առնականության անկումը։ Քչերին է հայտնի, որ նման հրաշալի հատկություններ ունի նաև պոպոքի միջուկից ստացված յուղը.
  • Խմեք 1-ական ճ/գ` օրը 2-3 անգամ, ուտելու ընթացքում։
  • Խառնեք 1 ճ/գ յուղ և 1-2 լորի ձու, համեմեք ըստ ճաշակի։
  • Յուղը աֆրոդիզիակ է` ուժեղացնում է արյան շրջանառությունը սեռական օրգանների շրջանում և ավելացնում է սերմնահեղուկի արտադրությունը։
  • Խառնեք հավասար քանակությամբ պոպոքի միջուկ, քունջութի յուղ և մեղր։ Կերեք 1-ական ճ/գ` ճաշին և ընթրիքին։
  • Խառնեք 200-ական գ թուզ, սև սալոր, չամիչ, պոպոքի միջուկ, պահեք սառնարանում։ Կերեք 2 ճ/գ` ընթրիքից հետո, ցանկալի է` մածունի հետ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս