Ի՞նչ կկատարվի ՓՄՁ-ների հետ հոկտեմբերից
ՀՀ-ում գործող շուրջ 68հազար ՓՄՁ-ների մեծ մասը՝ 50հազարը շրջանառության հարկ վճարող է: 2014 թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնելու առևտրի ոլորտի ընկերությունների համար շրջանառության հարկի 1% դրույքաչափը (ներկայիս 3.5%-ի փոխարեն)՝ անխտիր փաստաթղթավորման դեպքում:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանի կարծիքով՝ այս նոր քաղաքականությունը կտրուկ կթեթևացնի փոքր բիզնեսի հարկային բեռը: Եվ որպեսզի նշված ժամկետին ՓՄՁ-ները պատրաստ լինեն նոր կարգին անցնելու, այժմ նախարարությունը, ըստ Վ.Միրումյանի, իրազեկման աշատանքներ է տանում. «Աշխատանքներ ենք տանում, որ նոր ռեժիմի գործողության պայմաններում նրանք պատրաստ լինեն և, կարծում եմ, պարտրաստ կլինեն»:
Հարկային բեռի թեթևացումից դժգոհելն առնվազն անմտություն է: Սակայն կառավարության պատրաստած կարկանդակն առանց մտրակի չի լինում: Փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները տագնապով են խոսում փաստաթղթավորման մասին:
«Եթե փոքր բիզնեսը կապ չունենա խոշորի հետ, միշտ էլ պատրաստ է հարկային բեռի թեթևացման, սակայն խոշորի հետ հարցը չի լուծվում և փաստաթղթավորման հարցը շատ սուր է»,- ասում է գործարար, նախկինում ՓՄՁ հիմնադրամի գործադիր ղեկավար Նարինե Մայիլյանը:
Ըստ նրա՝ փաստաթղթավորման պահանջը բավարարելը շատ բարդ է, առևտրի ոլորտի ՓՄՁ-ների համար դժվար է լինելու և նույնիսկ շատերին կործանման կտանի: Ն.Մաիլյանը կանխատեսում է, որ գործարարներին լուրջ սթրեսային ժամանակաշրջան է սպասվում: Նա վստահ է, որ կառավարության հույսը՝ փոքրերի միջոցով խոշորին հարկման դաշտ բերելը, անիրականանալի է:
«Ինչո՞ւ պետք է խոշորը փաստաթուղթ տա, ի՞նչ շահ ունի, որ տա: Նախկինում չի տրամադրել, չի տրամադրում ու այսուհետ էլ չի տրամադրի: Այս մեխանիզմը ոչ մի կերպ չի աշխատի: Վերահսկողությունն անմիջազպես խոշորների նկատմամբ պետք է սահմանվի, ոչ թե փոքրերին ճնշեն»,- նշում է գործարարը՝ հավելելով, որ խոշորներն էլ ներկայացված են որոշումներ կայացնող պետական մարմիններում և մեծ թիկունք ունեն:
Առավելագույնը, որ կշահեն ՓՄՁ-ները, Ն.Մայիլյանի կարծիքով, 1-2 ամիս 1%-ով կաշխատեն, ապա պատժամիջոցների տակ կընկնեն. «Տույժ տուգանքներին դիմանալ հնարավոր չէ, կործանումն անխուսափելի կլինի: Փոքրերը ԱԱՀ դաշտում աշխատել չեն կարող, դրա համար հարկավոր հաշվապահ, իրավաբան և այլն, որը շատ մեծ ծախս է, ինչը փոքրն իրեն թույլ տալ չի կարող: ՓՄՁ-ների համար դաշտը պետք է պարզագույն լինի, կախված չլինեն ուրիշների բարի կամքից: ՓՄՁ-ն այն հատվածն է, որ պետք է աճեցնել, ոչ թե ճնշել: Եթե ՓՄՁ-ների համար բարենպաստ դաշտ լինի, դա կնպաստի գործազրկության ու արտագաղթի կրճատմանը: Բայց չի ստացվում: Եթե ինչ-որ մեղմացնող քայլ են ձեռնարկում, անպատճառ մի տհաճ անակնկալ էլ հետն են հրամցնում»: