Մ. Մելքումյան. Ես բացառում եմ, որ Հայաստանը մտնի ԵՏՄ` մաքսակետերի առկայության պայմաններում
«Կանխատեսումներ անելն ամենաանշնորհակալ գործն է, ես ձեռնպահ կմնամ կանխատեսում անելուց: Ճշմարիտյանը չի ասել, որ պայմանագիր է կնքվելու մտնելու մասին, ուղղակի ասել է, որ այդ հարցը կորոշվի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագետ Միքայել Մելքումյանը` պատասխանելով հարցին, թե, իր կարծիքով, Հայաստանը հոկտեմբերի 10-ին կստորագրի՞ Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու մասին պայմանագիրը, թե՞ ոչ:
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասել էր, թե «նախատեսված է, որ հոկտեմբերի 10-ին կորոշվի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության հարցը, և ժամկետների ձգձգման խնդիր չպետք է լինի»:
Դատելով Էկոնոմիկայի նախարարի այս մեկնաբանությունից` Միքայել Մելքումյանը եզրակացնում է, որ տեխնիկական խնդիրները` մասնավորապես կապված զգայուն ապրանքատեսակների հետ, լուծվել են: Սակայն այստեղ մնում է ևս մի խնդիր: Խոսքը վերաբերում է Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրների փոխհատուցումների հարցին, այսինքն` եթե երրորդ երկրներից Հայաստան ներկրվող ապրանքների մաքսատուրքերը բարձրանան, ոչ միայն ԱՀԿ-ն, այլև առանձին անդամ երկրներ կարող են փոխհատուցում պահանջել: Խնդիրն այն է, որ առայժմ հայտնի չէ, թե այդ դեպքում ո՞վ պետք է իրականացնի փոխհատուցումը, Հայաստա՞նը, թե՞ ԵՏՄ-ն:
Լինելով տնտեսագետ`Միքայել Մելքումյանը, այնուամենայնիվ, համարում է, որ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու հարցն ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական, քանի որ, իր խոսքերով, 3 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանը չի կարող լուրջ ազդեցություն ունենալ ԵՏՄ-ի 170 միլիոնանոց շուկայի վրա, հետևաբար, Հայաստանի միանալու հարցը ԵՏՄ-ի առաջատարի` Ռուսաստանի համար քաղաքական է:
Այս առումով Մելքումյանն առանձնացրեց երկու խնդիր: Առաջինը վերաբերում է միության ներսում ձայների հարաբերակցության հարցին. եթե Հայաստանի միանա ԵՏՄ-ին, ձայների հարաբերակցությունը կդառնա 2:2, ինչը ձեռնտու է Ռուսաստանին, քանի որ ենթադրվում է, որ Հայաստանը կքվեարկի այնպես, ինչպես Ռուսաստանը: Երկրորդ խնդիրը, ըստ նրա, թյուրքական լոբբինգն է`Թուրքիայի, Ադրբեջանի և Ղազախստանի կողմից, և այդ համատեքստում` Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետի հարցը: Սակայն մեր զրուցակիցը բացառում է, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կարող է լինել մաքսային սահման.
«Ես բացառում եմ, որ Հայաստանը մտնի տնտեսական միություն` թեկուզ ձևական մաքսակետերի առկայության պայմաններում, դա չի լինի: Այսինքն` երբ ասում են` հարցը կորոշվի, նշանակում է` այդ հարցն էլ է քննարկվել և լուծվել: Եթե Ռուսաստանը վճիռը կայացրել է, այդ հարցն անպայման կլուծվի, ոչ Ղազախստանը, ոչ Բելառուսը չեն խոչընդոտի, կարող են փորձեր անել»:
Միքայել Մելքումյանի խոսքով` ԵՏՄ-ում գերիշխողը Ռուսաստանն է, և եթե Ռուսաստանը որոշել է, որ Հայաստանը պետք է միանա, ուրեմն անդամակցության հարցը սկզբունքորեն լուծված է: