Արամ Մանուկյանը՝ Արմեն Աշոտյանին. Ինչքա՞ն կարելի է այսօրվա պարտքը 3-5 անգամ արագացված տեմպերով գցել հաջորդ սերունդների վրա
«Եթե Հայաստանի բոլոոր դպրոցները բերենք քաղաքաշինության ԾԻԳ-ով արվող դպրոցների մակարդակին, հարկավոր է 1 մլրդ եվրո: Դա իրատեսական չէ: Մենք փոքր գումարով փորձում ենք առավելագույնն անել: Ավագ դպրոցներից ընտրել ենք առավել կարիքավոր 17-20-ը: Սա կրթության համար շատ փոքր գումար է»,- այսօր 30 մլն դոլարի վարկային համաձայնագրերի հարցով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նշենք, որ վարկը տրամադրում են ՎԶԵԲ-ը (25 տարով՝ 10 տարին արտոնյալ) և Միջազգային զարգացման ընկերակցությունը (25 տարով՝ 5 տարին արտոնյալ): Գուման ուղղվելու է դպրոցների բարեկարգման և կրթության բարելավման համար:
«Կրթական ծրագիրը շատ սիրուն է, բայց մեզ անհանգստացնում է այն, որ արտաքին պարտքը հասել է սահմանագծին: Նաև անհանգստացնում է սուբյեկտի պակասելը ՀՀ դպրոցներում»,- հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը՝ հավելելով, թե դպրոցները թերի են բեռնված:
Ա.Մանուկյանի խոսքով՝ մայիս ամսին արդեն 100 մլն դոլար պետք է ուղղվի եվրոբոնդերի սպասարկմանը, որի տոկոսների մարման համար տարեկան 42 մլն դոլար է հատկացվելու, իսկ 2020թ. եվրոբոնդերի գումարը կկազմի 700 մլն դոլար:
«Վարկերի պատճառով ՀՀ-ն կորցնում է իր ինքնիշխանությունը: ՀՀ արտաքին պարտքը կազմում է ՀՆԱ-ի կեսը: Կա վարկ՝ քիչ է մսխվում, անարդյունավետ է ծախսվում: Օրինակ՝ Գիլյոտին ծրագրի հետ կապված 2 տարում ստացել ենք 1.3 մլն եվրո վարկ: Այդ ծրագիրը փուչ ծրագիր է, որովհետև կես միլիոն դոլարը միայն աշխատակազմի գումարն է: Միայն շենքային պայմանների համար 130 հազար պետք է մուծվի: Ծրագիրը ավարտվելու է ու դրա արդյունավետությունը վերահսկելու համար մոտ 1 մլն եվրո էլ գալու է: Ստեղծվելու է երկրորդ հիմնարկը, որի աշխատակազմի համար 400 հազարից ավելի գումար է գնալու: Շատ չի՞ շքեղությունը: Մեր վարկային քաղաքականությունը սա է՝ աննպատակ մսխվող գումարներ: Ինչքա՞ն կարելի է այսօրվա պարտքը 3-5 անգամ արագացված տեմպերով գցել հաջորդ սերունդների վրա»,- ասաց Ա.Մանուկյանը: