Ռուբեն Գևորգյան. Մենք չենք քննարկում իշխանության լավ ու վատ լինելը, որովհետև մենք չենք կարող խուսափել պետականամետությունից

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, «Երդվյալ ազատամարտիկների միություն» կազմակերպության հիմնադիր Ռուբեն Գևորգյանի հետ

Հայաստանում զուգահեռաբար ձևավորվում է Արցախյան պատերազմին մասնակցած վետերաններին միավորող երկու կազմակերպություն: «Ազատամարտի մասնակիցների դաշինք» կազմակերպության հիմնադիրները հայտարարում են, որ իրենց կազմակերպությունը հետապնդում է քաղաքական նպատակներ. Հայաստանում քաղաքական իրավիճակի արմատական փոփոխություն` իշխանափոխության միջոցով, իսկ մյուս կազմակերպությունը, որի հիմնադիրը ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանն է, ասում է՝ իր կողմից ստեղծվող կազմակերպության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանների պաշտպանությունն է, մարտական հերթապահությունը դիրքերում, ինչպես նաև ազատամարտիկների արժանապատվության և ոգեղենության բարձրացումը: Ռուբեն Գևորգյանի հետ զրույցն իր կողմից ստեղծվող կազմակերպության և նրա առաջիկա անելիքների մասին է:

– Գրեթե ամեն շաբաթ այցելում եք Հայաստանի որևէ մարզ և այնտեղ հիմնում եք տարածքային կառույց, անդամատոմսեր եք բաժանում Ձեր հիմնած կազմակերպությանն անդամակցել ցանկացողներին: Նրանց թիվը երևի անցնում է 3 հազարից: Նկատի ունենալով, որ Հայաստանում մոդայիկ է դարձել վետերաններին միավորող կազմակերպություններ ստեղծելը, երևի որոշեցիք մեկն էլ Դո՞ւք ունենալ:

– Կազմակերպությանն անդամակցած ազատամարտիկների թիվն անցնում է 4 հազարից, և այդ թիվը կարող է լինել 5-5,5 հազար: Իհարկե, Հայաստանում կան ազատամարտի հետ կապ ունեցող տարաբնույթ կազմակերպություններ, որտեղ ընդգրկված են տարբեր շերտերի մարդիկ` ազատամարտի մասնակիցներ, թիկունքայիններ, պատանիներ, երիտասարդներ: Բայց ինձ մոտ տրամադրվածություն կար բացելու այնպիսի ռազմահայրենասիրական կազմակերպություն, որը չի նմանվի մյուս կազմակերպություններին: Եվ այդ ժամանակ ծագեց այն գաղափարը, որ պետք է մեր կազմակերպությանն անդամակցեն միայն առաջին գծում կռված տղաները, քանի որ այդ տղաները հիմնականում դուրս են մնացել եղած կազմակերպություններից, մի տեսակ մատնվել են անուշադրության: Նրանք ոչ միայն դուրս էին մնացել այդ կազմակերպություններից, այլև ինչ-որ տեղ մեկուսացել էին և կտրվել հասարակական ակտիվ կյանքից: Այսպես որ, կազմակերպություն ընդգրկվածները միայն այն մարդիկ են, ովքեր եղել են առաջին գծում, ովքեր կենաց ու մահու կռիվ են տվել հանուն հայրենյաց և մեր սուրբ հողի:

Կարդացեք նաև

– Ազատամարտիկներին միավորող կազմակերպությունները տարբեր խնդիրներ են առաջադրում. մի մասն ազատամարտիկների սոցիալական, տնտեսական, առողջապահական խնդիրների լուծմամբ է զբաղվում, մյուսները հայտարարում են, որ հայրենիքի համար իրենց կյանքը տված ազատամարտիկները չեն ցանկանում հանդուրժել հայրենիքի այսօրվա վիճակը և քաղաքական փոփոխություններ իրականացնելու հայտ են ներկայացնում: Ձեր կազմակերպությունն ինչո՞վ է զբաղվելու:

– «Ազատամարտիկ» բառն ինքնին ասում է, որ ազատամարտիկը չպետք է քաղաքականացված լինի, քանի որ նրանք բոլորն էլ հայրենասիրության ոգով տոգորված նվիրյալ մարտիկներ են, որոնց համար առաջնայինը հայրենիք, երկրի պետություն գաղափարներն են և ոչ թե՝ պայքարն իշխանության համար: Իհարկե, սոցիալական խնդիրներ էլ կան, արժանապատվության խնդիր էլ կա, ուշադրությունից դուրս մնալու խնդիր էլ կա, պատմության խեղաթյուրման խնդիրներ էլ կան, բայց սոցիալական խնդիրը երբեք առաջնային չի եղել ազատամարտիկի համար: 90-ականների սկզբներին էլ, երբ ազատամարտիկները պաշտպանում էին հայրենիքի սահմանները, նրանցից շատերը բարդ սոցիալական խնդիրներ ունեին, բայց կամավորականն իր հզոր ոգու ուժով դիմեց ազգային մաքառման, և մենք տեսանք, թե ինչ տպավորիչ հաղթանակներով դա պսակվեց:

Այնպես որ, ազատամարտիկի համար առաջնային խնդիրը սահմանների պաշտպանությունն է, երկրի և պետության անվտանգության խնդիրն է: Երբ կա հայրենիքի պաշտպանության խնդիր՝ սոցիալական, առողջապահական ու մյուս խնդիրները մղվում են երկրորդ պլան:

– Դուք ասում եք, որ կազմակերպությանը կանդամագրվի 5-5,5 հազար ազատամարտիկ, «Ազատամարտի մասնակիցների դաշինք» կազմակերպության ներկայացուցիչները ևս ասում են, որ իրենց կազմակերպության անդամների թիվը 5 հազարին մոտ կլինի: Բացի այս երկու նորաստեղծ կազմակերպություններից, կա «Երկրապահը», բազմաթիվ այլ կազմակերպություններ: Եթե նկատի ունենանք, որ Արցախյան պատերազմի մասնակիցների թիվը չի անցել 10 հազարից, որոնց մի մասն էլ վերջին 20 տարիներին հեռացել է Հայաստանից, ինչո՞վ կբացատրեք այն փաստը, որ պատերազմի մասնակիցներին միավորող կազմակերպությունների անդամների թիվն անցնում է 20-25 հազարից:

– Ես մեր կազմակերպության մասով կարող եմ ասել, որ մենք անդամագրում ենք միայն այն մարդկանց, ովքեր կռվել են առաջին գծում, ոչ թիկունքային են եղել, ոչ էլ նոր են որոշել, որ պետք է կանգնեն ազատամարտիկների կողքին՝ ինչ-ինչ նպատակներով: Երբ ես գնում եմ ինչ-որ մարզ ժողովի՝ առաջինը դիմում եմ դահլիճում նստած տղաներին և հարցնում եմ՝ նայեք ձեր շուրջը և տեսեք, որ հանկարծ պատահական մարդիկ չլինեն, լինեն այն մարդիկ, ում հետ ուս ուսի տված հայրենիք եք պաշտպանել: Պարզ է, որ ես բոլորին դեմքով ու անուն առ անուն չեմ կարող ճանաչել կամ հիշել:
Բայցի այդ, մեր «Երդվյալ ազատամարտիկների միությանը» միացել են 8-9 ռազմահայրենասիրական կազմակերպություններ, որոնք ևս ձևավորվել են ռազմահայրենասիրական միտումների հիման վրա: Մեր միությանը միացել է «Ազատամարտի հզոր ոգիների միավորումը», «Հայոց ազգային բանակը», «Տիգրան Մեծ ռազմահայրենասիրական միությունը» և էլի կազմակերպություններ, բայց մի պայմանով, որ մեր միավորմանն անդամակցում են միայն առաջին գծում կռված տղաները, այդ կազմակերպությունների մյուս անդամները միության հետ կապ չեն ունենալու:

– Ազատամարտիկների հետ հանդիպումների ժամանակ Դուք ասում եք, որ կազմակերպությունը քաղաքական նպատակներ չի հետապնդում: Ինքներդ կուսակցական եք, ԲՀԿ խմբակցության անդամ. Ինչպե՞ս կարող է կազմակերպության ղեկավարը լինել կուսակցական, քաղաքական գործիչ, իսկ նրա ստեղծած կազմակերպությունը՝ ապակուսակցական:

– Կազմակերպությունը բազմաշերտ է, այնտեղ ընդգրկված են տարբեր կուսակցությունների, տարբեր քաղաքական հայացքների տեր կռված տղաներ: Եթե կա քաղաքական ուժ, կուսակցություն, որը երկրի և ժողովրդի համար օգտակար գործունեություն կիրականացնի, բնականաբար, մենք էլ մի զանգված ենք, մենք էլ կողջունենք այդ ամեն ինչը, բայց որ մեր կազմակերպությունը լինի ինչ-որ քաղաքական ուժի ծածկի տակ՝ ես դա բացառում եմ:

– Ժամանակին ԵԿՄ-ն էլ էր հայտարարում, որ ինքն ապաքաղաքական, ապակուսակցական ուժ է, որ այնտեղ կան և՛ ընդդիմադիրներ, և՛ իշխանության կողմնակիցներ, բայց, ի վերջո, բոլոր ընդդիմադիրները դուրս եկան, իսկ մնացածները դարձան կամ ՀՀԿ անդամներ, կամ համախոհներ: Չե՞ք կարծում, որ հնարավոր չէ, որ կազմակերպության ղեկավարը լինի մի կուսակցության անդամ, իսկ շարքային անդամները՝ այլ կուսակցության:

– «Երկրապահը» ժամանակին կողմնորոշիչ և ուղղորդող ուժ էր հանդիսանում ամբողջ քաղաքական դաշտի համար: Այդ ժամանակ ԵԿՄ-ն ապաքաղաքական կազմակերպություն էր, բայց նրա դերն ու նշանակությունը շատ մեծ էր, քանի որ նրա շարքերում ընդգրկված էին երկրի ճակատագրողները: Այսօրվա ԵԿՄ-ի մասին չեմ ուզում խոսել:

Ինչ վերաբերում է մեր կազմակերպությանը, այն ստեղծվել է ժամանակի պահանջով, քանի որ մեր միության մեջ միավորվել են պետության և իշխանության կողմից լքված՝ առաջին գծում կռված տղաներ, որոնց ես, առանց չափազանցության, կանվանեի մեր ազգի սերունցքը: Մենք հավաքվել ենք հայրենիքի կանչով, իսկ հայրենիքը կուսակցությունից ու քաղաքականությունից վեր գաղափար է:

– Հայաստանում այսօր միաժամանակ ազատամարտիկներին միավորող երկու կազմակերպություն է ստեղծվում. մեկի անդամները հայտարարում են, որ ամեն ինչ պետք է անել օր առաջ գործող իշխանությունից ազատվելու համար, իսկ դուք ձեր հավաքների ժամանակ հայտարարում եք, որ՝ պետք է պատրաստ լինենք կատարելու գերագույն գլխավոր հրամանատարի հրամանները: Արդյոք կարելի՞ է ասել, որ մի բևեռում համախմբվում են՝ ընդդիմադիր, իսկ մյուս բևեռում՝ ընդդիմադիր ազատամարտիկները:

– Ես մեր կազմակերպությանն իշխանամետ կամ իշխանահաճո չէի անվանի, քանի որ այսօրվա ազատամարտիկների խնդիրների հիմնական պատասխանատուն հենց իշխանությունն է: Ազատամարտիկի այսօրվա սոցիալական խնդիրը, ոտնահարված արժանապատվությունը, նրա մեկուսացվածությունը և անտարբերության մատնված լինելը. դրա մեղքը եկած ու գնացած իշխանություններինն ու իշխանավորներինն է: Այդ իշխանավորների գործունեության արդյունքում է, որ շատերի մոտ կորսվում կամ խունանում է հայրենիքի վեհ ու պայծառ գաղափարը: Ես կարող եմ ասել, որ մեր երկիրն այս իշխանության սեփականությունը չի. երկիրը մեր պետությանն է, ժողովրդինն ու ազգինն է: Այս տղերքը երբեք իշխանական կամ իշխանահաճո տղերք չեն եղել ու չեն էլ դառնա: Բայց մենք չենք քննարկում իշխանության լավ ու վատ լինելը, որովհետև մենք չենք կարող խուսափել պետականամետությունից, քանի որ մեր տղերքը կռիվ են տվել՝ հանուն պետության, անկախ պետականության համար են արյուն թափել, հայրենիքի սահմանը ընդգծված է զոհված ու կենդանի մեր եղբայրների սուրբ արյունով:
Եվ այդքանից հետո նրանք ինչպե՞ս կարող են անտարբերության մատնել իրենց հայրենիքը կամ կանգնեն-ասեն՝ դե տեսեք, եթե իշխանությունը վատն է, մենք մեր արյան գաղափարն ուրանում ենք:

Ինչ վերաբերում է գերագույն գլխավոր հրամանատարին՝ ես ասեմ, որ նախկին ֆիդայական շարժումն անցել-գնացել է, այն էլ երբեք հետ չի գա, և եթե մենք ներկա պայմաններում ուզում ենք օգտակար լինել մեր երկրին, մասնակցել սահմանների պաշտպանությանը, ուրեմն պետք է համագործակցենք մեր բանակի ղեկավարության և գերագույն գլխավոր հրամանատարի հետ:

– Դուք պատրաստվում եք սեպտեմբերին համագումար հրավիրել. դրանից հետո ինչո՞վ է զբաղվելու կազմակերպությունը:

– Ես չգիտեմ՝ քանի՞ անդամ կունենանք. հի՞նգ հազար, հինգուկե՞ս, թե՞ վեց հազար, բայց կարող եմ ասել, որ մեր կազմակերպության մեջ հաստատ կլինեն 500-700 անդամ, որոնք և ճնշման պրոբլեմ չունեն, և այլ առողջական հարցեր չունեն, պինդ են և կարող են գնալ սահման: Մենք արդեն պատվիրել ենք «Երդվյալ ազատամարտիկների միության» համար հատուկ համազգեստ, որպեսզի ունենանք մեր զորագունդը և կարողանանք մեր սահմաններում, կրկին առաջին գծում մեր մասնակցությունն ունենալ սահմանների պաշտպանությանը: Իսկ կազմակերպության մյուս անդամները կփորձեն իրենց հնարավորության սահմաններում աջակցել նրանց:

Մեր միությունը հնարավորություն կունենա զբաղվել տնտեսությամբ, կունենա իր բյուջեն: Մեր հիմնական նպատակը, իհարկե, մեր պետությանը և մեր բանակին աջակցելն է, մեր սահմանների պաշտպանությանը մասնակցելը, բայց նաև պետք է պետք գանք մեր կազմակերպության այն անդամներին, որոնց սոցիալական վիճակը մինչև օրս եղել է բարձիթողի, և ովքեր անտարբերության են մատնված եղել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս