Բաժիններ՝

Սյուզի Կենտիկյան. «Հնարավոր է՝ բռնցքամարտը թողնելուց հետո դառնամ սպորտային մեկնաբան»

WBA, WBO, WIBF վարկածներով գերթեթև քաշային կարգում աշխարհի չեմպիոնուհի Սյուզի Կենտիկյանը 4 տարի անց կրկին Հայաստանում է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա խոսեց առաջիկա ծրագրերի և այլ թեմաների շուրջ:

Նրա խոսքով՝ Հայաստան գալու օրվանից անընդհատ հանդիպումներ և զրույցներ է ունենում հայազգի տարբեր գործիչների հետ: Հանդիպել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի,  ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին,  ՀՀ Սպորտի և երիտասարդության նախարար Գաբրիել Ղազարյանի հետ.

«Շատ կարոտել էի Հայաստանը և որոշեցի անպայման գալ, տեսնել հայրենիքս, հարազատներիս: Շատ ուրախ եմ, որ ինձ այդքան ջերմ են ընդունել այստեղ: Տիկին Հակոբյանն ու պարոն Ծառուկյանն անգամ ցանկություն հայտնեցին ներկա գտնվելու իմ հաջորդ մենամարտին: Ինձ համար շատ կարևոր է լինելու հաջորդ մենամարտը, և հաղթանակի դեպքում այն նվիրելու եմ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին, թեև մրցակիցս դեռևս հայտնի չէ:

Պարոն Ծառուկյանն ինձ հուշամեդալով պարգևատրեց, ինչպես նաև 100 տարվա հնեցման գինի և կոնյակ նվիրեց: Ամենայն հավանականությամբ ես այն կբացեմ ամուսնանալիս (ծիծաղում է)»:

Կարդացեք նաև

Ս. Կենտիկյանն ասաց, որ երբ վերադառնա Գերմանիա, այնտեղ իր մասին վավերագրական ֆիլմ են նկարելու, որի մեջ լինելու են կադրեր նաև Հայաստան կատարած իր այս այցից ու տարբեր հանդիպումներից.«Նրանք ցանկանում են տեսնել, թե Հայաստանն ինձ ինչպես է ընդունել, ինչպես են ինձ այստեղ մարդիկ առհասարակ վերաբերվում: Այդ ֆիլմը ցուցադրվելու է Գերմանիայի հեղինակավոր կայքերից մեկով և իմ հայկական անունը նորից կհնչի այնտեղ»:

Անդրադառնալով այն հարցին, թե հնարավո՞ր է երբևէ վերադառնա Հայաստան, հանդես գա հայկական դրոշի տակ և այստեղ մենամարտեր անցկացնի՝ Սյուզին պատասխանեց, որ դեռևս նման ծրագրեր չունի և Գերմանիայում կնքված պայմանագիրն առայժմ թույլ չի տա.

«Ես շատ կցանկանայի Հայաստանում մենամարտել, և եթե ամեն ինչ հաջող ընթանա, կարողանանք համաձայնության գալ, գուցե և մենամարտեմ: Ամեն ինչ գումարի հետ է կապված. եթե հովանավորներ հայտնվեն, բոլոր ֆինանսական հարցերը լուծեն, կարծում եմ մեծ սենսացիա կլինի: Ի դեպ՝ Գերմանիայում ցանկանում են, որ ես այստեղ մենամարտ անցկացնեմ, և իրենք Գերմանիայից ուղիղ հեռարձակմամբ ցուցադրեն մարտը»:

Խոսելով Հայաստանում սպորտը զարգացնելու ուղղությամբ իր առաջիկա ծրագրերի մասին՝ Ս. Կենտիկյանն ասաց, որ նպատակ ունի Հայաստանում հենց աղջիկների համար մի սպորտ-ակումբ բացել, որտեղ միայն աղջիկները կզբաղվեն բռնցքամարտով. «Մի քանի ամսից արդեն նախագիծը կպատրաստեմ, որ 2015թ.-ին արդեն բացվի ակումբը: Այն աղջիկներին, ովքեր ցանկանում են զբաղվել սպորտով, ես նրանց խորհուրդ կտամ անպայման փորձել: Ես իմ սեփական օրինակով եմ փորձում ցույց տալ, որ աղջկա համար սպորտով զբաղվելն ամենևին էլ ամոթ կամ տարօրինակ չէ»:

Լրագրողների հարցին, թե հետագայում հնարավո՞ր է, որ մարզչական գործունեություն ծավալի, Սյուզին պատասխանեց, որ իսկապես հնարավոր է, բայց ինքն այժմ էլ Գերմանիայում նման գործունեություն իրականացնում է.

«Շատ հայտնի աստղեր և աստղերի կանայք ինձ հաճախ դիմում են՝ խնդրելով պարապել իրենց հետ: Շատերին անգամ չեմ էլ ճանաչում, բայց ասում են, որ շատ հայտնի են: Բայց ամեն դեպքում դա լինում է ժամանակ առ ժամանակ. ես չեմ կարող ամեն օր նրանց հետ պարապել, ես շատ զբաղված օր եմ ունենում այնտեղ: Այժմ գրեթե մեկ ամիս չեմ պարապել, ոչինչ չեմ արել, նույնիսկ քաշս է ավելացել, բայց դա անգամ լավ է. ինձ երբեմն հանգիստ է պետք»:

Խոսելով վերջին երկու անընդմեջ պարտությունների մասին՝ չեմպիոնուհին ասաց, որ դրանք իր վրա մեծ ադեցություն են ունեցել և միևնույն ժամանակ հաղթելու նոր ցանկությամբ լցրել.

«Երկրորդ պարտությունն ինձ համար անակնկալ էր, քանի որ մենամարտի ընթացքում ինձ թվացել էր, թե հաղթել եմ, բայց պարզվեց, որ ոչ: Դրանից հետո անգամ մի քանի գիշեր չեմ քնել: Բայց ես ուրախ եմ, որ վերադարձրի աշխարհի չեմպիոնի իմ տիտղոսը և ամեն ինչ անելու եմ, որ որպես չեմպիոն էլ հեռանամ սպորտից: Շատերը պարտությունով են թողնում սպորտը, որն իհարկե սխալ է»:

168.am-ի հետ զրույցում Ս. Կենտիկյանը պատմեց, որ դեռևս երկու տարի էլ կմնա սպորտում և դրանից հետո միայն կմտածի սպորտը թողնելու և հետագա անելիքների մասին. «Անկեղծ ասած՝ Գերմանիայից սպորտային մեկնաբանի առաջարկ եմ ստացել, և հնարավոր է՝ հետագայում հեռուստատեսությունում շարունակեմ իմ գործունեությունը: Ես գերմաներեն շատ լավ եմ խոսում, ինչն էլ երևի գրավել է շատերի ուշադրությունը»:

Նրա խոսքով՝ 4 տարի անց կրկին գտնվելով Հայաստանում՝ շատ դրական փոփոխություններ է նկատել. «Քաղաքը շատ է փոխվել, գեղեցկացել, մարդիկ էլ ավելի ջերմ են դարձել: Ես երբ գալիս էի Հայաստան, բոլորովին չէի պատկերացնում, որ այսքան մեծ փոփոխություններ կլինեն մեր քաղաքում, ինչի համար անչափ ուրախ եմ: Բացասական երևույթների անգամ չեմ էլ հանդիպել»:

Հայաստանում սպորտը զարգացնելու ուղղությամբ ի՞նչ քայլեր պետք է արվեն և ի՞նչն է պակասում այդ զարգացման համար: Մեր այս հարցին Սյուզին պատասխանեց, որ այժմ այդ զարգացման համար այստեղ շատ բաներ են արվում. «Կարող եմ ասել, որ պարոն Ծառուկյանը մեծ աջակցություն է ցուցաբերում հայկական սպորտին և հիմա մնում է, որ մենք շարունակենք մեր ուղին, շարունակենք զբաղվել սպորտով: Անկեղծ ասած՝ եթե ես մնայի այստեղ և չգնայի Գերմանիա, ապա չէի դառնա այն, ինչ այսօր եմ դարձել, քանի որ այստեղ մանավանդ այն ժամանակ հնարավորություններ ու պայմաններ չկային առաջ գնալու համար»:

Մեզ հայտնի էր նաև, որ Սյուզի Կենտիկյանը Արարատյան դաշտում ընկույզի այգիներ էր հիմնել գերմանացի իր ընկերների և աջակիցների օգնությամբ՝ Հայաստանում էկոլոգիական խնդիրներն ինչ-որ չափով լուծելու և մարդկանց համար աշխատատեղեր ստեղծելու նպատակով: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ վիճակում են այժմ այդ այգիները և ծրագիրն ինչ փուլում է գտնվում, սակայն Սյուզին ասաց, որ այգիները, ցավոք, արդեն չորացել են և այժմ չկան.

«Ամբողջ բերքը փչացավ. երևի հողը սխալ մշակելու արդյունքում եղավ այդպես»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս