Արմեն Աշոտյանը «սպառնաց» առանձնացված ավագ դպրոցների տնօրեններին
Ուսումնական տարվան ընդառաջ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը մասնակցեց հանրապետության ավագ դպրոցների մանկավարժների օգոստոսյան խորհրդակցությանը: Նախարարը միանգամից անկեղծացավ և ասաց, որ ոչ միայն հասարակությունը, այլ նաև ինքը դժգոհ են ավագ դպրոցների գործունեությունից.
«Միանշանակ է, որ դպրոցի այս տեսակը Հայաստանի կրթական համակարգին հարկավոր էր և մենք ճիշտ որոշում ենք կայացրել 2008-ից անցնելով այս համակարգին: Պետությունը իր որոշումը կայացրել է տարիներ առաջ՝ հենվելով ազգային դպրոցի ավանդույթների, ինչպես նաև միջազգային կրթական փորձի վրա: Այլ հարց է, թե ինչպես ենք իրականացնում այս քաղաքականությունը: Այն տեմպն ու արագությունը, որով անցնում ենք այս ճանապարհը, չի բավարարում ինձ ու նաև հանրային զանգվածի լայն շերտերին: Մենք ձեզ հետ միասին դեռևս ամբողջությամբ չենք բավարարել հանրային ակնկալիքը առանձնացված ավագ դպրոցների գոյության , գործունեության և արդյունավետության հետ կապված: Երբ ինձ հարցնում են՝ կայացել են արդյոք ավագ դպրոցները Հայաստանում, ես բնականաբար պատասխան չեմ տալիս և այսօր էլ չեմ տալու, որովհետև ավագ դպրոցների շարքում մենք ունենք շատ լավ աշխատող, արդեն կայացած ավագ դպրոցներ, և ունենք ավագ դպրոցներ, որոնք ցավոք դեռ հեռու են իրենց ուսումնառության կազմակերպման մակարդակով, օրինականության ու արդարության պահպանման սկզբունքներով այն տեսլականից, որ մենք դրել ենք այս քաղաքականության հիմքում: Մեր ավագ դպրոցները տալիս են շատ լավ շրջանավարտներ, բայց սա ինձ այդքան էլ չի ուրախացնում, որովհետև սա այն մինիմալ դրական բանն է, որ ես ձեզնից պահանջում և ակնկալում էի, որովհետև բնական է, որ ավագ դպրոցները՝ լինելով պետության քաղաքականության կիզակետում մի քիչ նաև արտոնյալ պայմաններում են աշխատում, քան միջնակարգ դպրոցները».-ասաց նախարարը:
Խոսելով այս տարվա անելիքներից՝ նախարարն ասաց, որ առաջնայինն իր համար կարգապահությունն է. «Նախորդ ուսումնական տարվա ընթացքում մի քանի ավագ դպրոցի տնօրեններ ազտվել են աշխատանքից: Այս քաղաքականությունը ոչ միայն շարունակվելու է , այլ նաև ընդլայնվելու է: Ավագ դպրոցներից պահանջում եմ ՀՀ կրթական օրենսդրության ամբողջական և լիարժեք կիրառում: Սա վերաբերում է ինչպես կադրային քաղաքականությանը, ուսուցչական անձնակազմի համալրման և պահպանման քաղաքականությանը, այնպես էլ կրթական գործընթացի կազմակերպմանը: Գաղտնիք չէ, որ ծնողների մեծ մասը շահագրգիռ է, որ երեխան վերջին տարվա ընթացքում չգնա դպրոց: Այս երևույթի դեմ շատ դժվար է պայքարել, որովհետև մեր և այդ ծնողների՝ երեխայի կրթություն ստանալու տեսակի ընկալումը մի քիչ տարբերվում է: Այսօր շատ հեշտ է առանց կրկնուսույցի մոտ պարապելու ընդունվել ցանկացած բուհ: Շտեմարանների ներմուծումը թույլ տվեց կանխատեսելի դարձնել ընդունելության գործընթացը և կրկնուսույցների մոտ պարտադիր պարապելու լեգենդը վերանում է: Նաև փաստ է այն , որ ուսանողների մեծ մասը մարզերից են, իսկ այնտեղ չկան կրկնուսույնցների այնպիսի տեսակի գոյությունը, ինչպիսին Երևանում է»:
Նախարարը «սպառնաց»երկու տեսակի գործողություններով ամբողջ տարի վերահսկել և մոնիթորինգի ենթարկել ավագ դպրոցներին՝ երեխաների հաճախումների հետ կապված. «Ինձ տհաճություն են պատճառում այն խոսակցությունները, որ ծնողներին հաջողվում է ինչ որ կերպ պայմանավորվել տնօրենների հետ՝ երեխաների բացակայությունների հետ կապված: Դուք հսկողության տակ եք գտնվելու ոչ միայն ԿԳ նախարարության կողմից, այլև հարկ եղած դեպքում ես ինձ լիազորություն եմ վերապահելու դիմել նաև պատկան մարմիններին: Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մի տնօրեն՝ իր թուլություններին և գայթակղություններին չդիմանալու պատճառով, ստվեր գցի ամբողջ համակարգի գործունեության և գոյության վրա: Երկրորդը՝ մշտական տեսչական մոնիտորինգներն են լինելու, որոնք իրականացվելու են կրթության պետական տեսչության կողմից, իմ հանձնարարությամբ»:
Նախարարն ասաց, որ իրենք լսել են ավագ դպրոցների՝ նախորդ տարիներին բարձրացրած այն հարցը, թե ինչու հավասար դաշտում չեն գործում առանձնացված ավագ դպրոցները և ուսումնարաններն ու քոլեջները, և տվել դրանց լուծումը. «Այն ժամանակ գործող իրավական դաշտը թույլ էր տալիս ուսումնարանների և քոլեջների գերազանցիկ շրջանավարտներին առանց քննությունների միանգամից տեղափոխվել 2-րդ կուրս, այս կամ այն մասնագիտությամբ, այս կամ այն բուհում: Այս տարվանից ուսումնարանների և քոլեջների նոր ընդունվող ուսանողները այլևս չեն ունենա այդ հնարավորությունը. առանց քննությունների չեն կարող տեղափոխվել երկրորդ կուրս: Օրենքում քոլեջից բուհ տեղափոխվելու մեխանիզմը պահպանվել է, սակայն այդ տեղափոխությունը պետք է կատարվի հեռակա համակարգ, երկրորդ կուրս»,-պարզաբանեց Արմեն Աշոտյանը: