Բաժիններ՝

Ինչ թունավորումներ են լինում ամռան ամիսներին և ինչպես դրանցից խուսափել

Ամռան այս շոգ եղանակին ավելի հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Դա առիթ է տալիս մտածելու և հասկանալու, որ հասարակությունն իրազեկվածության կարիք ունի, թե ինչ ուտել, որտեղից և ինչպես պահել սննդամթերքը: Այս և այլ թեմաների մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում խոսեց Առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության սննդի բաժնի պետ Մարգարիտա Բաբայանը:

Վերջինիս խոսքով՝ սննդային թունավորումներ գրանցվում են հատկապես կրեմային հրուշակեղենից, աղցաններից, փողոցներում վաճառվող արագ սննդից, սնկերից և լավ չլվացած մրգերից.«Այս տարի թունավորումների բռնկումներ չենք ունեցել, բայց տնային պայմաններում պատրաստված աղցաններից, էկլերներից են եղել թունավորումներ: Եղել է  բոտուլիզմի 4 դեպք, բայց մահ չի արձանագրվել: Այս տարի շատ էին սնկից թունավորման դեպքերը. 20 դեպք՝ 29 տուժածով, որից 8-ը մինչև 14 տարեկան երեխաներ էին: Դրանցից 12 դեպքը գրանցվել է Լուռու մարզում, 4 դեպքը՝ Կոտայքի մարզում և 2 դեպք էլ Արագածոտնի և Արարատի մարզերում: Թունավորումների դեպքերի այս նվազումը պայմանավորված է նաև մարդկանց ավելի գրագետ դառնալով»:

Սննդային թունավորումներից զերծ մնալու համար, ըստ Մ. Բաբայանի,  պետք է պահպանել սննդի անվտանգության մի քանի կանոն. «Նախ՝ պետք է լավ լվանալ մթերքը և այն պարագաները, որոնք կիրառվում են պատրաստի սննդամթերք օգտագործելիս, այսինքն՝ դանակները, պատառաքաղները, տախտակները և այլն: Հետո՝ պետք է ջերմային ռեժիմը պահպանել, այսինքն՝ այն կերակրատեսակները, որոնք պարունակում են միս, պետք է պահպանել սառնարանում 2-6 աստիճանի պայմաններում: Պետք է իրարից առանձին, փակ տարաներով պահպանել հում և պատրաստի սննդամթերքները»:

Մ. Բաբայանը նշեց, որ կրեմային հրուշակեղենը նույնիսկ սառնարանում պետք է պահպանել 6 ժամից ոչ ավելի. «Առհասարակ, տնային պայմաններում խորհուրդ չեմ տալիս պահել: Ես տեսնում եմ, որ սուպերմարկետներում աղցաններ, կրեմային հրուշակեղեն են վաճառում: Դրանք գնելու դեպքում միշտ նայեք մակնշմանը, որ ժամկետանց սննդամթերք չգնեք, քանի որ այդ դեպքում համը, հոտը, որակական ցուցանիշներն են փոխվում: Ուշադիր եղեք, որ աղցանները հատկապես միշտ սառնարանում պահպանվելիս լինեն, հարցրեք, թե երբ են պատրաստել, երբ են համեմել, քանի որ խորհուրդ է տրվում աղցանները համեմել ուտելուց առաջ»:

Տիկին Բաբայանը հորդորեց նաև զերծ մնալ փողոցում վաճառվող սնունդ գնելուց. «Ունեցել ենք դեպքեր շաուրմայից, մսով կարկանդակներից թունավորումների: Խորհուրդ չեմ տալիս օգտվել դրանցից, քանի որ չեն պահպանվում անհրաժեշտ պայմանները. այնտեղ պետք է լինի տաք ջուր, սառը ջուր, ջերմաստիճանային պատշաճ պայմաններ և այլն: Հանրային սննդի կրպակներում այս տարրական պայմանները չկան»:

Սննդային թունավորման առաջին ախտանիշները, Մարգարիտա Բաբայանի խոսքով, ի հայտ են գալիս մոտավորապես 2 ժամ հետո՝ սրտխառնոց, փսխում, գլխապտույտ, գլխացավ, փորլուծություն, բոտուլիզմի դեպքում կարող են այդ ախտանշաններն ի հայտ գալ 10-12 օր հետո: Այնուամենայնիվ թունավորվելու դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի՝ ճիշտ ախտորոշում և բուժում ստանալու համար:

Աստղիկ Իսկանդարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս