Ճանապարհի խնդիր
tesankyun.am-ը գրում է. Օգոստոսի 15-ից բացվել է Նոյեմբերյան –Իջեւան ավտոճանապարհի Բաղանիս-Ոսկեպար հատվածը: Այն փակվել էր սահմանագծում լարվածության, միջպետական ճանապարհի վրա ադրբեջանական հենակետերից կատարվող գնդակոծությունների պատճառով:
Սակայն հիմա էլ , հիմնական ճանապարհի բացվելուց հետո, Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ, Հարսնաքար սարով ձգվող ճանապարհով երթեւեկը չի դադարում: Շրջանցիկ, 6.3 կիլոմետր երկարությամբ այդ ճանապարհը կառուցվել է 2006-2007թվականներին, պետական բյուջեի 868 միլիոն դրամ ֆինանսավորմամբ:
Դժվարամատչելի տեղանքով ձգվող այդ ճանապարհը շահագործման հանձնվելուց հետո մի քանի տարի անգործության էր մատնվել, քանի որ սողանքի պատճառով 2 ոլորանում ճանապարհը քանդվել էր: Այն պետական միջոցներով նորոգվեց : Սահմանամերձ Բաղանիս համայնքի ղեկավար Նարեկ Սահակյանն ասաց, որ երբ մարդիկ երթեւեկում են իրենց ընտանիքներով,երեխաների հետ, չեն ուզում ռիսկի դիմել եւ երթեւեկում են ադրբեջանական գնդակոծություններից անվտանգ ճանապարհով, Հարսնաքարի շրջանցիկ ուղիով:
Գյուղապետի խոսքերով՝ սահմանգծով անցնող, Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհով երթեւեկողների մեջ քիչ չեն այդ տեղանքին անծանոթները,ովքեր պատկերացնում չունեն սահմանի այդ հատվածում հնարավոր վտանգի, ադրբեջանական ռազմական հենակետերի ներկայության մասին:
Բաղանիսի գյուղապետը հայտնեց նաեւ, որ գիշերային ժամերին վարորդների մեծ մասը գերադասում է հեռու մնալ ադրբեջանական գնդակոծության վտանգից եւ գերադասում է սահմանի այդ հատվածն անցնել Բաղանիս-Ոսկեպար շրջանցիկ ճանապարհով: Տարիներ առաջ Բաղանիս-Ոսկեպար հիմնական ճանապարհի առավել վտանգավոր հատվածում, մեքենաների երթեւեկը ազերիների գնդակներից պաշտպանող հողապատնեշ կար: Այն, չգիտես ինչու,ինչ պատճառաբանությամբ, քանդվեց, հեռացվեց:
Ցանկացած ժամանակ Ադրբեջանի Ղազախի շրջանի Ղուշչի Այրում գյուղի հենակետերից Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի այդ հատվածը կարող է գնդակոծության թիրախ դառնալ; Նոյեմբերյանի սահմանամերձ Դովեղ գյուղից սերված, Ղարաբաղյան պատերազմի մասին «Սեւ եւ կանաչ. Արցախյան օրագրություն» գրքի հեղինակ Թաթուլ Հակոբյանն այդ ճանապարհի մասին մեզ ասաց .
«Ես տարեկան առնվազն քսան անգամ այցելում եմ Տավուշի սահմանային գյուղեր եւ ամեն անգամ Ոսկեպար-Բաղանիս հատվածն անցնելիս մտածում, որ իմ կյանքն անդրբեջանցի դիպուկահարի ձեռքերում է : Կարելի է մտածել այդ ճանապարհի երկայնքով պաշտպանիչ համակարգ՝ պատ կամ այլ բան ունենալու մասին: Կամ՝ ճանապարհն իջեցնել այնքան, որ դուրս լինի դիպուկահարների ու կրակոցների թիրախից: Գուցե կարելի է ավելի լավ լուծումներ գտնել»: