Ի՞նչ փոխզիջման մասին էր խոսում Ս. Սարգսյանը. ինչպե՞ս են Ստեփանակերտում մեկնաբանում Սոչիի հանդիպումը. ԳԱԼԱ

Երեկ Սոչիում կայացած Սարգսյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպումը պաշտոնական Ստեփանակերտն ընդհանուր առմամբ հաջողված է համարում՝ հաշվի առնելով նախեւառաջ այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեց, որ հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է: ԳԱԼԱ-ի հետ զրույցում, սակայն, ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը հայտարարել է, թե Ալիեւի այդ խոսքերը հայ ժողովրդի համար հիմք լինել չեն կարող, ուստի սահմանին վերահսկողությունը կշարունակվի նույն տեմպերով, ինչ վերջին օրերին էր.

«Մենք երեկվա երեխաները չենք, որ Ալիեւի ասածներն անմիջապես ընդունենք, Ադրբեջանը, կարծում եմ, կշարունակի իր ապակառուցողական քայլերը՝ զինադադարի խախտման դեպքերը, բայց կարծում եմ ռիսկ չի անի դիմելու ավելի անկանխատեսելի քայլերի: Կարծում եմ ամենից ուրախը ինքը պետք է լինի, քանի որ ռազմական ճանապարհը առաջին հերթին կործանարար կլինի իր համար, իսկ մնացած երեւույթները ցույց են տալիս, որ գերտերությունները, նաեւ Մինսկի խմբի համանախագահությունը դեմ է ցանկացած ռազմատենչ աննորմալ քայլի, էստեղ ոչ միայն մարդասիրական մոտեցումներն են, այլ նաեւ այդ պետությունների շահերը»,-նշեց Դավիթ Բաբայանը:

Սոչիում նախագահների հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն իր խոսքում նշել էր նաեւ, որ գոյություն ունի հակամարտությունների կարգավորման իրավաբանական բազա:

Եվ ըստ Ալիեւի՝ հայկական կողմը չի կատարում ՄԱԿ-ի բանաձեւերը եւ իբր թե իրենց տարածքից չի հանում հայկական ուժերին: Անդրադառնալով սրան՝ Բակո Սահակյանի մամլո խոսնակը նշեց, թե ցավոք հերթական անգամ Իլհամ Ալիեւը այդ հայտարարությամբ հստակեցնում է Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը, ինչը ոչ միայն հայկական կողմի, այլ նաեւ միջազգային հանրության համար է անընդունելի:

Սերժ Սարգսյանը հանդիպման ժամանակ հայտարարեց, թե հակամարտությունը պետք է լուծվի փոխզիջման տարբերակով: Հետեւաբար Դ. Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ինչ զիջումների մասին է խոսքը եւ արդյո՞ք դրան արցախյան կողմը պատրաստ է.

«Փոխզիջումը ընդհանրապես ցանկացած հակամարտության կարգավորման մի ձեւ է, ոչ թե զիջում, այլ փոխզիջում: Այն, ինչ ուզում է Ադրբեջանը, դա միակողմանի զիջում է, ավելին՝ նա նույնիսկ Երեւանն է համարում իր պատմական մայրաքաղաքը, Ալիեւն ասել է Սեւանը, Զանգեզուրը, Երեւանը, դա իրենց պատմական հողերն են, եւ ադրբեջանցիները վերադառնալու են, դա լինելու է Ադրբեջանինը, սա ուղղակի զավթողական քաղաքականության մի դրսեւորում է, ինչի մասին խոսում են:

Սա որեւէ լավ բանի չի բերում, եւ հետեւաբար հանդիպումը ցույց տվեց, որ նման մոտեցումները միջազգային հանրության համար անընդունելի են»,- գտնում է Բակո Սահակյանի մամլո խոսնակը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս