Երեխաներ` «փորձանոթից». անպտղություն հաղթահարումը Հայաստանում թանկ հաճույք է. medialab.am
Հայաստանում ամեն 7-րդ ընտանիք չի կարողանում երեխա ունենալ: Այս մասին է վկայում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՀՀ առողջապահության նախարարության եւ այլ կառույցների կողմից համատեղ կատարված «Անպտուղ ամուսնության տարածվածության եւ պատճառագիտության կլինիկահամաճարակաբանական ուսումնասիրությունը»: Ըստ հետազոտության` հայ կանանց մոտ 16.8 տոկոսը տառապում է անպտղությամբ: Թեև վերջին տասը տարում անպտղության մակարդակը երկու անգամ նվազել է, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպության ընդունված նորմերի 15% ցուցանիշը դեռ ճգնաժամային է: Մասնագետները պնդում են, եթե միջոցներ չձեռնարկվեն այս բացասական միտումը վերացնելու ուղղությամբ, ապա երկրի ժողովրդագրական իրավիճակը շուտով սպառնալիքի տակ կհայտնվի:
«Մեդիալաբի» հետ զրույցում Առողջապահության նախարարության մայրական և վերարտադրողական առողջության բաժնի պետ Գայանե Ավագյանն ասել է, որ ընդհանուր առմամբ, Հայաստանում կանանց անպտղության պատճառները գրեթե նույնն են, ինչ այլ երկրներում` փոխպիրիտոնիալ (փողերի անանցանելիություն), էնդոկրին և անատոմիական պատճառներ, որոնց ավելանում են արտաքին ազդակները` սեռավարկներ, աբորտներ, բոբոքումներ, հորմոնալ խանգարումներ:
«Առաջնային անպտղությունը 5,4% է, սա նշանակում է, որ մեր երիտասարդները բավականին լավ վերարտադրողական սկիզբ ունեն, և արդեն մնացածը ձեռք են բերում կյանքի ընթացքում»,- ասում է Գայանե Ավագյանը:
Թեեւ հիմնականում ընդունված է միայն կնոջը մոտ խնդիրներ փնտրել, եթե զույգը երեխա չի ունենում, այնուամենայնիվ բժիշկները խորհուրդ են տալիս հրաժարվել կարծրատիպային այդ մոտեցումից:
Ըստ վիճակագրության, տղամարդկանց անպտղությունը Հայաստանում կազմում է 11%, ուստի կնոջը անտեղի չտանջելու համար բժիշկները խորհուրդ են տալիս ամուսնական զույգերին հետազոտվել միասին:
«Անպտղության նվազման կարևոր հանգամանք է նաև վերարտադրողական օժանդակ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը` արհեստական բեղմնավորում, փոխնակ մոր հնարավորություն, որոնք նպաստում են անպտուղ ամուսնության հաղթահարմանը և ընտանիքներին երեխաներ պարգևելուն»,- ասում է Գայանե Ավագյանը:
Անպտղության դեմ պայքարի այս մեթոդը հանրապետությունում թեեւ ներդվել է 7-8 տարի առաջ, իսկ առաջին արտամարմնային բեղնավորումից եռյակ է ծնվել, այնուամենայնիվ Հայաստանում այն բոլորի կողմից չէ, որ ընդունելի է:
«Մենք հենց սկզբից գիտեինք, որ բալիկ ունենալու միակ ելքը արհեստական բեղմնավորումն է, որովհետև մինչև ամուսնությունը` դեռ ութ-ինը տարի առաջ իրար հաջորդած մանկաբարձական վիրահատությունները այլ հնարավորություն չթողեցին»,- «Մեդիալաբին» պատմում է 28-ամյա Ստելլա Բուռնաչյանը, ով մեծանալով բազմազավակ ընտանիքում, միշտ երազել է 4 երեխա ունենալու մասին:
Այսօր Ստելլան մեծ ոգևորությամբ ու հույսով կրկին ուզում է դիմել բժիշկների միջամտությանը` արհեստական բեղմնավորման միջոցով երկրորդ երեխային լույս աշխարհ բերելու համար.
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Անի Եղիազարյան
Լուսանկարը` Փիրուզա Խալափյանի, medialab.am