
Իրանն ու «Վեցյակը» գաղտնի բանակցություններ չեն վարում. Սարմադի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանն ու «Վեցյակը» գաղտնի բանակցություններ չեն վարում իրանական միջուկային ծրագրի շուրջ: Այս մասին ուսանողների ու դասախոսների հետ այսօրվա հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մորտեզա Սարմադին:
Նրա խոսքերով՝ կողմերը պարտավորվել են չհրապարակել բանակցությունների մանրամասները մինչև որ վերջնական համաձայնագիր չկնքվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ:
Սարմադին հավելել է, որ նման որոշում ընդունվել է՝ հաշվի առնելով այն, որ գոյություն ունեն որոշակի ուժեր, որոնք հանդես են գալիս «Վեցյակի» երկրների հետ Իրանի կողմից «միջուկային» բանակցություններ վարելու դեմ:
Անդրադառնալով պատժամիջոցների խնդրին՝ Սարմադին հայտարարել է, որ եթե Իրանը ձեռնարկի անդառնալի քայլեր, ապա պատժամիջոցների չեղյալ հայտարարումը նույնպես պետք է լինի անդառնալի:
Իրանն ու «Վեցյակը» հուլիսին պայմանավորվել են ևս 4 ամսով (մինչև նոյեմբերի 24) երկարաձգել Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնագիր մշակելը: