Հուսով եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն հանդիպել մոտ ապագայում. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գորածակալությանը տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անդրադարձել է շփման գծում առկա լարված իրավիճակին և Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Ուորլիքը մտահոգություն է հայտնել շփման գծում մեծ թվով զոհերի գրանցման կապակցությամբ և իր ցավակցություններն է հղել զոհվածների ընտանիքներին: Ուորլիքն ընդգծել է, որ հակամարտությունը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով, և որ նմանատիպ միջադեպերը հարվածում են հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելուն ուղղված ջանքերին:

Ամերիկացի համանախագահը հակամարտող կողմերին կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ պահպանելու համար հրադադարի ռեժիմը. «Համանախագահներն ակտիվորեն փոխգործակցում են կողմերի հետ՝ հասնելու համար հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Մինսկի խումբը մնում է կողմերի ընդունած միջնորդության միակ ձևաչափը: Մենք կշարունակենք մեր մասնավոր այցերը տարածաշրջան, ինչպես նաև բարձր մակարդակով փոխգործակցությունը՝ հանուն հակամարտության տևական կարգավորմանը հասնելուն:

Հուսով եմ, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները կհամաձայնվեն հանդիպել մոտ ապագայում և կքննարկեն առանցքային հարցերը: Եկել է բանակցությունները սկսելու ժամանակը, որոնք կարող են հանգեցնել խաղաղության համաձայնագրին:

Եթե կողմերն իսկապես ցանկանում են հակամարտության կարգավորում, ապա նրանք պետք է ընդունեն համանախագահների հետ կառուցվածքային բանակցային գործընթաց սկսելու մասին Շվեյցարիայի առաջարկը»:

Սրանից առաջ հաղորդվել էր, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպելու են օգոստոսի 8-ին, Սոչիում:

Տեսանյութեր

Լրահոս