Գետնամորի, նույնն է` ելակ վայրի
Վարդազգիների ընտանիքին պատկանող բազմամյա բույս է։ Ունի զարգացած կոճղարմատ, որից դուրս են գալիս գետնատարած սողացող բեղիկավոր ընձյուղներ, որոնք արմատակալում են հանգույցներում։ Մերձարմատային վարդակը կազմված է եռաբաժան տերևներից։ Ցողունի բարձրությունը հասնում է մինչև 30 սմ-ի։ Ծաղիկները սպիտակ են, ծաղկաբույլերը` վահանաձև։ Հատապտուղը բաղկացած է բազմաթիվ սերմիկներից։ Պտուղները հասունանում են հունիս-հուլիս ամիսներին։ Տարածված է Լոռիի և Գեղարքունիքի մարզերի սոճուտների և կեչուտների բացատներում, մարգագետիններում։
- Գետնամորու տերևը հարուստ է C վիտամինով` 250 մգ/100 գ հումքի մեջ։ Տերևը հավաքում են ծաղկման շրջանի վերջում, չորացնելուց առաջ տերևակոթունները պետք է կարճացնել մինչև 1 սմ։ Տերևը փռում են բարակ շերտով թղթի, լաթի վրա և չորացնում օդափոխվող ծածկի տակ։ Չորացրած հումքը պետք է պահել մութ տեղում։
- Գետնամորու տերևից պատրաստված 2 գավաթ թեյը լիովին բավարարում է մարդու օրգանիզմի 1-օրյա վիտամին C-ի պահանջարկը.
- Թուրմ. Մանրացրեք գետնամորու տերևը։ 2 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 4-6 անգամ, ուտելուց առաջ։ Խորհուրդ է տրվում բրոնխների ասթմայի, կոլիտի դեպքում։
- Թեյ. 1 ճ/գ հումքը 15 րոպե թրմեք 200 մլ եռջրում։ Խմեք 50-ական մլ` օրը 6-8 անգամ։ Խորհուրդ է տրվում լյարդի և երիկամների հիվանդությունների, ռախիտի, թութքի, ստամոքսաբորբի, լնդախտի դեպքում։
- Հատապտուղը պարունակում է 9,5% շաքարներ, 1,5 % օրգանական թթուներ, 0,4 % դաբաղանյութեր, ֆլավոնային և անտոցիանային միացություններ, եթերային յուղ, B խմբի և C վիտամիններ, կարոտին, միկրոտարրեր` երկաթ, պղինձ, մարգանեց, կոբալտ, քրոմ, մակրոտարրեր` կալցիում, ֆոսֆոր և այլն։
Տերևներում հայտնաբերվել են նաև դաբաղանյութեր, բույսին բնորոշ գլյուկոզիդ, ալկալոիդներ։ Կոճղարմատում հայտնաբերվում է մինչև 9,5 % դաբաղանյութ։ Պտղի գույնը փոփոխական է` արևոտ կողմում կարմիր է, իսկ ստվերոտ հատվածում` դեղնակարմրավուն։ Պտուղը հավաքում են առավոտյան` անմիջապես ցողը չորանալուց հետո, կամ երեկոյան։ Մեկ օր պահում են արևոտ տեղում, իսկ հետո տեղափոխում են ստվերոտ բացօթյա տարածք կամ չորացնում են ջեռոցում (45-50 C)։
- Կոճղարմատը հանում են վաղ գարնանը կամ աշնանը, չորացնում են օդափոխվող ծածկի տակ, չորացրած հումքը հեշտությամբ է կոտրվում, այն հոտ չունի։
- Կոճղարմատից և խոտից (ցողուն, ընձյուղներ) ստացված պատրաստուկները կիրառվում են լուծի, աթերոսկլերոզի, հոդատապի, երիկամներում քարերի առկայության դեպքում.
Խառնեք 50-ական գ թարմ արմատ և խոտ, 4 ժամ թրմեք 50 մլ եռջրում, քամեք։ Խմեք 150-ական մլ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։
- Թարմ պտուղներն օգտակար են սակավարյունության դեպքում։ Կարլ Լինեյը բուժել է հոդատապը կանոնավոր կերպով գետնամորի ուտելու շնորհիվ։
- Գետնամորու հյութը խորհուրդ է տրվում շաքարային դիաբետով հիվանդներին. Խմեք 1-ական ճ/գ` օրը 4-6 անգամ։ Հյութն իջեցնում է շաքարի տոկոսն արյան մեջ։
- Թարմ պտուղը և հյութն օգտակար են ավիտամինոզի, ճարպերի և միկրո-մակրոտարրերի փոխանակման խանգարումների, միզաքարային և լեղաքարային հիվանդության, հիպերտոնիայի դեպքում։
Ժողովրդական դեղատոմսեր
Թութք. Գետնամորու 1 թ/գ տերևը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Կատարեք լվացումներ։
- Լեղաքարային հիվանդություն, կանխարգելիչ միջոց. Խառնեք գետնամորու տերև և պտուղ (1։1)։ 1 ճ/գ հումքը 20 րոպե թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ օրը 3-5 անգամ։
- Արյան քաղցկեղ. Գետնամորու վերգետնյա մասը (50 գ) 8 ժամ թրմեք 1 լ սառը ջրի մեջ, 5-7 րոպե եռացրեք, 4-6 ժամ թրմեք ջերմապահում, քամեք։
Չափաբաժինը նախատեսված է 1 օրվա համար` խմեք փոքր կումերով։
- Ստամոքսի, հաստ և բարակ աղիների բորբոքում, լուծ. Խառնեք գետնամորու կոճղարմատ և տերև (1։1)։ 1 թ/գ հումքը 8 ժամ թրմեք 100 մլ եռացրած, սառը ջրում, քամեք։ Խմեք 50-ական մլ` օրը 2 անգամ։
- Կարմիր, հարթ որքին. Գետնամորու վերգետնյա մասը (2ճ/գ) լցրեք 800 մլ գոլ ջրի մեջ, 5 րոպե եռացրեք, քամեք։ Խմեք 200-ական մլ` օրը 4 անգամ, գոլ վիճակում։
Նույն թուրմով դնում են թրջոցներ խոնավ վերքերի վրա և կատարում են բերանի խոռոչի ողողումներ։
- Միոկարդիտ. Խառնեք գետնամորու արմատ, ցողուն, տերև, ծաղիկ կամ պտուղ։ Պատրաստեք` ինչպես թեյը (1 թ/գ, 200 մլ եռջուր)։ Խմեք օրը 1-3 անգամ, շարունակեք 1 ամիս։
- Գետնամորու տերևից ստացված պատրաստուկները լայնացնում են անոթները, իջեցնում են զարկերակային ճնշումը, կանոնավորում են սրտի ռիթմերը։
- Շնչահեղձուկ. Գետնամորու 1 ճ/գ տերևը լցրեք 400 մլ ջրի մեջ, եռացրեք, մինչև հեղուկի կեսը գոլորշիանա, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` 2-ական ժամ ընդմիջումներով։
Գեղարարություն
- Սկրաբ զգայուն մաշկի համար. Խառնեք 2 թ/գ գետնամորու պտուղ, 1 թ/գ կաթնասեր, 2 ճ/գ վարդագույն կավ։ Քսեք դեմքին` շրջանցելով աչքերի կողքի մաշկը։ Լվացեք գոլ ջրով։
Դիմակներ
- Չոր մաշկ. Գետնամորու կամ ելակի 2 թ/գ պտուղը տրորեք, խառնեք 1 ճ/գ սերուցքի և 1 թ/գ բուսայուղի հետ։ Քսեք մաքուր մաշկի վրա, երբ սկսի չորանալ` քսեք 2-րդ շերտը։ Լվացեք գոլ ջրով։
- Նորմալ մաշկ. Գետնամորու կամ ելակի պտուղը տրորեք կաթնաշոռի հետ (1։2)։ Քսեք մաքուր մաշկի վրա, 10 րոպեից լվացեք սառը ջրով, մաշկը մշակեք քսուքով։
- Ցանկացած տեսակի մաշկ, սպիտակեցնող. Տրորեք ելակի պտուղ, խառնեք կաթնաշոռի հետ (2։1)։ 15-20 րոպեից լվացեք գոլ ջրով և քսեք կիտրոնի լոսյոն։
- Լոսյոն։ 200 գ ելակի հյութի մեջ լուծեք 1 գ կերակրի սոդա, 1 թ/գ սպիրտ, 60 մգ կաթ։ 5-10 րոպեից լվացեք գոլ ջրով։ Պահեք հով, մութ տեղում։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: