Բաժիններ՝

Վշտի մշակույթ

Մի քանի անգամ փորձ եմ արել գրել այս թեմայով, սակայն արդեն պատրաստի հոդվածներս անհետ ջնջել եմ, քանի որ վստահ չէի՝ կարողացե՞լ եմ պահպանել նրբանկատության սահմանը: Ինչն այս թեմայի դեպքում հատկապե՛ս պարտադիր է: Սակայն մալազիական ավիաընկերության «Բոինգ 777»-ի աղետից հետո համացանցում հայտնված մի արձագանքից հետո, ամեն դեպքում, որոշեցի վերադառնալ թեմային՝ այն չափազանց կարևոր համարելով:

Զավակ ունենալուց հետո յուրաքանչյուր կին մեխանիկորեն ձեռք է բերում, թերևս, հոգեկան հիվանդություններին բնորոշ վախեր՝ իր երեխայի ֆիզիկական և հոգևոր անվտանգության մտահոգությունից: Եթե ողբերգական ելքով պատահարի, միջադեպի մասին «նորմալ» մարդկանց առաջին արձագանքը զոհի ընդհատված կյանքի համար ափսոսանքն է, մայրերի առաջին արձագանքն այլ է. «Տեսնես հիմա նրա մոր վիճա՞կն ինչ է»:

Ստացվում է՝ մոր տառապանքն ավելի անտանելի է, քան մահն ինքնին: Տարօրինակ ձևակերպում է, իռացիոնալ, սակայն իրականությունը կարծես այդպիսին է:
Ավտոճանապարհային աղետներից Հայաստանի ճանապարհներին մարդիկ են զոհվում, ոստիկանական տեղեկատուն ամեն օր բազմաթիվ հանցագործությունների մասին հաղորդագրություններ է տարածում:

Հետևում եմ արտիստ Վարդան Պետրոսյանի դատին: Որքան հասկանում եմ՝ իրենց զավակներին կորցրած մայրերը, նրանց հարազատները վրեժ են տենչում:
Որդեկորույս մայրերի՝ Վարդան Պետրոսյանի հանդեպ՝ սարսափելի, ներողամտություն չենթադրող արտահայտությունները հասկանալի են, բայց…

Զինվորական զորամասերից մեկում կատարած սպանության համար զինվորին դատապարտում են 17 տարի ազատազրկման: Սպանվածի ծնողները պահանջում են, որ իրենց զավակին կյանքից զրկած երիտասարդի համար 17 տարի ազատազրկումը թեթև պատիժ է, պահանջում են ցմահ ազատազրկում, քանի որ մահապատիժ Հայաստանում չի գործում:

Վերջերս կործանված «Բոինգի» 298 զոհերից 80-ը երեխաներ էին: Այնտեղ էին նաև ավստրալացի ամուսինների՝ Էնթոնիի և Մերիթի երեք մանկահասակ երեխաները՝ իրենց պապիկի հետ: Քննել, թե յուրաքանչյուր զոհի հարազատների համար ինչ է հարազատի կորուստը, հիմարություն է: Առավել մեծ հիմարություն է՝ փորձել նկարագրել, թե ծնողների համար իրենց երեք երեխաների կորուստն ինչ է նշանակում: Եվ ահա, համացանցում հայտնվում է իրենց զավակներին կորցրած ծնողների՝ Էնթոնիի և Մերիթի արձագանքը՝ ուղղված «Ուկրաինային, քաղաքական գործիչներին, լրագրողներին, ընկերներին և ընտանիքին».

«Այլևս մենք ապրում ենք դժոխքում: Մեր փոքրիկներն այլևս մեզ հետ չեն: Եվ այս մտքի հետ մենք պետք է ապրենք մեզ հատկացված օրերի յուրաքանչյուր վայրկյանը: Մենք ոչ ոքի չենք ցանկանում վերապրել այն, ինչ զգում ենք մենք հիմա: Ոչ ոքի: Անգամ նրանց, ովքեր կրակելու հրաման են արձակել: Ով կտրեց մեր ընտանիքի կյանքը, միանգամից: Ոչ մի ատելություն աշխարհիս երեսին երբեք չի լինի այնքան ուժեղ, որքան մեր սերը մեր Մոյի, Էյվիի ու Օտիսի հանդեպ: Ոչ ոք ոչ մեկին և երբեք չի կարող ատել այնքան ուժեղ, որքան մենք սիրում ենք մեր պապիկին՝ Նիքին: Աշխարհիս երեսին ոչ մի ատելություն չի կարող ջնջել մեր սերը, որն այժմ կապում է մեզ բոլորիս: Այդ սերը մեզ համար բացահայտում էր, որում մենք գտնում ենք գոնե ինչ-որ մխիթարություն»:

Քանի օր է՝ մտածում եմ՝ ո՞րն է նման երկու տարբեր մոտեցումների հիմքում, երբ մի դեպքում՝ ծնողների սերը զոհված զավակների հանդեպ ներողամտությամբ է սփոփվում, մյուս դեպքում՝ վրեժով: Քրիստոնեությունը դիտարկել չեմ ցանկանում, քանի որ նրանք, ովքեր ներողամտությամբ չէ, որ սփոփվում են, քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած երկրի բնակիչներ են:

Կարծում եմ, որ փոքրոգության, մանրախնդրության համար պարարտ հող է մեր նվաստացած կյանքը, երբ ոչինչ մեզնից չենք ներկայացնում մեր երկրի համար, ամեն րոպե մեր ինքնասիրությունը ոտնահարվում է, ապրում ենք կռացած ու առանց արժանապատվության: Եվ երբ հանկարծ հայտնվում ենք մի վիճակում, ուր արդեն մե՛ր կամքից կախված է մեկ ուրիշի ճակատագիրը, մեր մեջ արթնանում է վրեժը, մեր կորած արժանապատվությունը փորձում ենք վերականգնել՝ մեկ ուրիշին նվաստացնելով, հողին հավասարեցնելով: Սա, իմ կարծիքով, անում ենք ենթագիտակցորեն:

Ավստրալացի զույգն ապրում է մի երկրում, ուր իրենց կյանքն արժանապատիվ է: Արժանապատիվ մարդը դիմացինի հանդեպ վարվում է արժանապատվորեն՝ կյանքի բոլոր իրավիճակներում: Եվ իր ներողամտությունն իր արժանապատվությունն է:
Երբ այս թեմայով զրուցում էի տարիքով կանանց հետ, փորձում էի հասկանալ՝ ինչո՞ւ մի դեպքում՝ մայրը կարող է ներել, մյուս դեպքում՝ ոչ, կյանքի մեծ փորձ ունեցող կանանցից մեկն ասաց, թե հայերս մեր զավակներին դժվար ենք մեծացնում, հետևաբար՝ չափազանց բարդ է ներել մարդուն, ով քո այդքան տանջանքը, քո նպատակները մի վայրկյանում ջուրն է գցել:

Բացարձակ համաձայն չեմ, բայց չեմ էլ վիճում, քանի որ, եթե փորձեմ հիմնավորումներ գտնել, գուցե այս հոդվածն էլ ջնջեմ:

Որդեկորույս մոր վիշտը ոչինչ սփոփել չի կարող: Թող շատ պաթետիկ չհնչի, բայց կա մի սփոփանք՝ ներողամտությունը՝ իր զավակի կյանքը պատահաբար կամ, նույնիսկ, միտումնավոր խլած մարդու հանդեպ:

Չեմ ցանկանում՝ գրածս բարոյախրատական տրակտատ լինի: Շատ հարցերի պատասխան ինքս չգիտեմ ու դժվարանում են անգամ զգացածս ճիշտ, համակարգված ձևակերպել:
Սերը և ներողամտությունը սփոփում են… Այս մեկը հաստատ գիտեմ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս