Նոր մանրամասներ 850 կգ հերոինի ներկրման գործով

Թմրամիջոցների մեծ քանակ Հայաստան ներկրելու գործն արդեն դատարանում է: Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Օսման Ուղուրլունին: Նրան «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ. սկզբներին պայմանավորվածություն ձեռք բերելով Թուրքիայի քաղաքացիներ հանդիսացող եղբայրների` Մուստաֆա և Իսմայիլ Նարգեզների հետ, Իրանի Իսլամական Հանրապետությունից թմրամիջոց ձեռք բերելու և այն Ուկրաինա, այնուհետև եվրոպական երկրներ տեղափոխելու վերաբերյալ, այդ նպատակով 2013թ. ապրիլի 12-ին Վրաստանում իր անվամբ հիմնադրել և գրանցել է «Հովո Լոջիստիք» բեռնափոխադրումային ընկերությունը, ընկերության անվամբ ձեռք բերել «ԴԱՖ» մակնիշի ավտոմեքենան, որտեղ կցորդի հատակային մասում պատրաստվել է հատուկ հարմարեցված թաքստոց:

2013թ. դեկտեմբեր ամսին Թբիլիսի քաղաքից ձեռք բերելով տախտակ, իբրև թե Իրան այդ տախտակը տեղափոխելու պատրվակով, 2013թ. դեկտեմբերի 27-ին Վրաստանից «Բագրատաշեն» մաքսակետով ժամանել է Հայաստան, որտեղից էլ 2013թ. դեկտեմբերի 28-ին «Մեղրիի» մաքսակետով մուտք է գործել Իրանի Իսլամական Հանրապետության տարածք: Ավտոմեքենան բեռնաթափելուց և կայանատեղում թողնելուց հետո Օ.Ուղուրլուն բանալիները տրամադրել է Նարգեզների մատնանշած Նասրի անունով հանդես եկած անձին, որը կցորդի հատուկ հարմարեցված թաքստոցում տեղավորել է 850 կգ 160գ 467 մգ քաշով «հերոին» տեսակի թմրամիջոց` 47 փաթեթներում:

2014թ. հունվարի 16-ին մուտք են գործել ՀՀ մաքսային տարածք, սակայն ՀՀ ԿԱ ՊԵԿ նախաբացթողումային հսկողության վարչության կողմից ռենտգենյան «Ռապսկան» սարքավորման միջոցով հայտնաբերվել է «օտար մարմնի» առկայությունը»:
Ավթանդիլ Մարտիաշվիլիին «մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ Օսման Ուղուրլուի հետ, իրացնելու նպատակով ապօրինի ձեռք է բերել, տրանսպորտային միջոցի կցորդում պատրաստված հատուկ հարմարեցված թաքստոցում պահել, փոխադրել և մաքսային հսկողությունից թաքցնելով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց»:

Քրեական գործն ուղարկվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Գործը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին: Երկու մեղադրյալներն էլ կալանավորված են:

Տեսանյութեր

Լրահոս