Բաժիններ՝

Սեպտեմբերից Թուրքիայում լույս է տեսնելու առաջին համշենահայկական ամսագիրը, որը 90 տոկոսով լինելու է համշենահայերենով

«Թուրքիայում ապրող ոչ բոլոր համշենցիներն են խոսում համշենահայերենով: Համշենահայերենով հաղորդակցվում են հատկապես Խոփայում և Բորչկա գավառի մի մասում: Իսկ Բուն Համշենում բաշ-համշենցիներն արդեն թուրքախոս են, թեև շարունակում են գործածել մի շարք հայերեն բառեր (Համշենի բարբառով):Նախկինում համշենահայերն առավելապես ապրում էին լեռներում, այդ պատճառով հիմնականում զբաղվում էին գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ: Սակայն 1980-ական թթ. հետո, երբ նեոլիբերալիզմը մուտք գործեց Թուրքիա, գյուղերում կյանքը բարդացավ, և սկսեցին տեղափոխվել քաղաքներ ` մասնավորապես, Խոփա և Քեմալ Փաշա քաղաքներ:

Դրա հետ կապված սկսեցին զբաղվել առևտրով, արհեստներով, նաև կրթության մակարդակը բարձրացավ: Հիմա համշենցիներն ավելի կրթված են, քան լեռնային կյանք վարելիս: Թուրքիայում համշենցիների թիվը մոտ 30.000-40.000 է, որոնց 70 տոկոսը ապրում են Խոփայում: Հիմնականում հարում են սոցիալական, լիբերալ, դեմոկրատական հոսանքներին, այսինքն` հիմնականում ձախակողմյան են». այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասացին Թուրքիայի Խոփա քաղաքից Հայաստան ժամանած համշենահայեր Ասլան Ջանջըն ու Ռեմզի Գեդիքը, որոնք, հետաքրքրված լինելով համշենական և հայկական մշակույթների կապերով, որոշել էին այցելել հայրենիք:

Ասլան Ջանջըն խոսեց «Հատիք» կազմակերպության մասին և ասաց, որ կազմակերպության կենտրոնը գտնվում է ոչ թե Խոփայում, այլ Ստամբուլում. « Այն համշենական մշակույթն ու ինքնությունը պահելու, համշենահայերենը պահպանելու ու սերունդներին փոխանցելու նպատակով է ստեղծվել: Կազմակերպում է տարբեր միջոցառումներ: Համշենահայերը հիմնականում ունեն պրո-մարքսիստական հայացքներ»:

Լրագրողների այն հարցին, թե ինչ քարոզչություն է կիրառում Թուրքիան, որ համշենահայերի միջից վերանում է հայ լինելու գաղափարը, Ասլան Ջանջըն պատասխանեց. «Թուրքիայի կողմից ոչ միայն համշենցիների, այլև Թուրքիայում ապրող մյուս փոքրամասնությունների նկատմամբ վարվում է ինքնությունները մոռացման ենթարկելու քաղաքականութուն: Բնական է, որ այդ քաղաքականության հետևանքները պետք է նկատելի լինեն նաև համշենահայերի մեջ: Սակայն վերջին շրջանում, հատկապես համշենահայ ուսանողները սկսեցին կրթություն ստանալ, հետաքրքրվել համշենական մշակույթով և հասկակալ, որ այն աղերսներ ունի հայկական մշակույթի հետ:

Թուրք պատմաբան Քիրզի Օղլուն տարածել է այն գաղափարը, որ համշենցիները ծագում են օղլուզական ցեղերից և փորձել է արմատավորել այդ գաղափարը համշենահայերի մեջ: Անհնար է, որ նման «գիտնականների» աշխատանքներն ընթերցած համշենահայերը չընկնեն այն տպավորության տակ, որ համշենցիները ոչ թե հայկական, այլ օղլուզական ծագում ունեն: Մի առիթվ ասել եմ, որ համշենցիները հայերենով ասում են, որ իրենք հայ չեն»:

Նրանք նաև ասացին, որ սեպտեմբերից լույս է տեսնելու առաջին համշենահայկական ամսագիրը Թուրքիայում, որը 90 տոկոսով լինելու է համշենահայերենով: Ամսագիրը կկոչվի «Գոր», որը համշենահայերենով նշանակում է հավաքական աշխատանք:
Լրագրողներից մեկի այն հարցին, թե զգո՞ւմ են արդյոք Թուրքիայի կողմից խտրական վերաբերմունք, Ռեմզի Քեդիքը պատասխանեց. «Հատուկ, որպես համշենցիներ, մենք խտրական վերաբերմունքի չենք արժանաել: Այնուամենայնիվ, 1920-ական թթ.-ից սկսած Թուրքիայի Հանրապետությունը ազգային փոքրամասնությունների հանդեպ ցուցաբերում է խտրական վերաբերմունք, որովհետև դրանք Թուրքիայի կողմից ընկալվում են որպես վտանգ: Դպրոցներում բոլոր փոքրամասնություններին արգելված էր խոսել իրենց մայրենի լեզվով և նույնիսկ պատիժ էր սահմանված դրա համար: Բայց փաստն այն է, որ մենք կարողացանք պահպանել մեր լեզուն»:

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման` Խոփայում ծրագրած միջոցառման չկայանալու պատճառների մասին խոսելիս Ռեմզի Քեդիքն ասաց. «Ներկայումս Թուրքիայում Ռամադանի տոնն է, որի կապակցությամբ Իֆթարի սեղաններ (սուրբ սեղաններ)են բացվում տարբեր տեղերում: Մի կազմակերպություն դիմում է Խոփայի քաղաքապետարանին` այնտեղ ևս սուրբ սեղաններ բացելու համար: Եվ քանի որ Խոփայի քաղաքապետարանը հիմնականում բաղկացած է «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչներից, դրա համար թույլատրեցին, բայց երբ մամուլից մենք իմացանք, որ նրանք աջակցում են ահաբեկչական խմբավորումներին, արգելեցինք: Այդ ժամանակ մի փոքր խնդիր առաջացավ ոստիկանների հետ»:

Վերջում Ասլան Ջանջըն խոսեց այն մասին, թե ինչ սկզբունքով են համշենահայերն անվանակոչում իրենց զավակներին. «Ինչպես հայտնի է` համշենահայերն իսլամացվել են 17-18րդ դարերում, որի արդյունքում կիրառում են հիմնականում թուրքական անուններ: Կան հատուկենտ օրինակներ, երբ Թուրքիայում ապրող համշենահայերը իրենց զավակներին հայկական անուններ են տալիս: Կոնկրետ իմ ազգանունը հայերեն «ճանճ» բառից է: Համշենահայերենում «ջանջ» նշանակում է մեղու. նախնիներս նախկինում զբաղվել են մեղվաբուծությամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս