Բաժիններ՝

Աննա Մուգլալիսը պատահականորեն է դերասանուհի դարձել

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում երեկ կազմակերպել էր հանդիպում այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից մեկի՝ ֆրանսիացի դերասանուհի Աննա Մուգլալիսի հետ:

Դերասանուհին նկարահանվել է մոտ երեք տասնյակ ֆիլմերում: Նա առավել հայտնի է իր՝ «Կոկո Շանելը և Իգոր Ստավրինսկին» ֆիլմով:
Դերասանուհին պատմեց, որ ինքը պատահականորեն է մտել կինոարվեստ.
«Ես չէի մտածում դերասան դառնալու մասին, լրիվ բավարարված էի հանդիսատես լինելով: Ուղղակի մի անգամ մետրոյում պատահական տրորեցի մեկի ոտքը, և ասացի՝ վայ, կներեք: Այդ մարդն ինձ ասաց՝ դուք շատ հետաքրքիր ձայն ունեք: Դուք պետք է կարդաք իմ տեքստը,- ասաց ֆրանսիացի դերասանուհի Աննա Մուգլալիսը,- Սկզբում ես մերժեցի նրա առաջարկը, ասացի, որ ես դրանք չեմ հավանում: Նա էլ ասաց՝ լավ է, դուք ցույց տվեք, թե ի՞նչ եք հավանում: Ես դա կարդացի, և հետո նա այդ տեքստը վաճառեց ֆրանսիական հեռուստաընկերությանը»:

Այդ ռեժիսորը խնդրել է աշխատել թատրոնում՝ որպես դերասանների օգնական: Եվ, այդ ընթացքում թատրոնի դերասաններից մեկը խորհուրդ է տվել նրան դիմել Դրամատիկ արվեստների ակադեմիան և ասել, որ իր մոտ կստացվի:
Այն ժամանակ, երբ նա մասնակցեց ակադեմիայի ընդունելության լսումներին, ժյուրիի անդամ երկու ռեժիսորները՝ մեկը կինոյի, մյուսը՝ թատրոնի, նրան միանգամից դեր առաջարկեցին.

«Այդ նախագծերին մասնակցելու համար ինձ նույնիսկ տվեցին մեկ տարի ժամանակ, որ այդ մեկ տարվա ընթացքում ես հասցնեմ սովորել: Սկզբի շրջանում ես շատ էի հուզվում, դողում էի ելույթների ժամանակ, բայց հետո ես սովորեցի դա փոխակերպել ոգեշնչման »:
Աննա Մուգլալիսի համար դերասան լինելը ներկան ներկայացնելն է. «Եվ, կինոյի և թատրոնի դեպքում շատ տարբեր է: Հանգստանալու համար շատ արդյունավետ ձև ունեմ: Շատ եմ սիրում կարդալ, և դա մի ձև է, որով սանձում եմ իմ վախը»:

Բավական Ափիցարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս