Բաժիններ՝

Քեն Դավիդյան. «Եթե դերասան լինելը հերոինի նման չի քո համար, գնա բժիշկ դարձիր» (տեսանյութ)

Հոլիվուդյան դերասան, պրոդյուսեր, ԱՄՆ-ում բնակվող հայազգի Քեն Դավիդյանն
ուզում է «Հոլիվուդը բերել Հայաստան»: «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակներում կազմակերպված հանդիպման ժամանակ Ք. Դավիդյանը թատերական ինստիտուտի ուսանողներին և ներկա դերասաններին պատմեց իր ստեղծագործական կյանքի ընթացքի, հանդիպած դժվարությունների մասին:

Նա նշեց, որ իր կարիերայի ընթացքում իրեն հազարավոր անգամներ են «ոչ» ասել, սակայն ինքը չի հուսահատվել և համառորեն պայքարել է: Ուսանողուհիներից մեկն ասաց, որ ուզում է ռեժիսոր դառնալ, քանի որ դերասանական արվեստում միշտ իրեն «ոչ» են ասել: Ք. Դավիդյանն էլ ասաց, որ եթե ինքը հիսաթափվում է «ոչ»-ից՝ ուրեմն պետք է փոխի մասնագիտությունը:

Ken Davityan (3)

Հիշեցնենք, որ Քեն Դավիդյանը հատկապես հայտնի դարձավ «Բորատ» ֆիլմից հետո: Հումորային և հայհոյանքներով լի այդ ֆիլմը 2006թ. կինոքննադատների կողմից ամենասկանդալային և ամենաանպարկեշտ ֆիլմն էր ճանաչվել: Բորատը՝ ֆիլմի հերոսը, հեգնում էր մուսուլմաններին, ծաղրում հրեաներին ու միասեռականներին, ներկայացնում ղազախների հետամնացությունը և ամերիկացիների սահմանափակությունը: Նա վիրավորում է ֆեմինիստներին, փորձում է բռնաբարել Պամելա Անդերսոնին, նա անկիրթ է, գռեհիկ ու ցինիկ:

Կարդացեք նաև

Ռուսաստանն այս ֆիլմն արգելել էր ցուցադրել կինոթատրոններում: Իսկ մինչ ֆիլմի պրեմիերան, ԱՄՆ-ում Ղազախստանի դեսպանատունը բողոքի նոտա էր հղել Սպիտակ տուն: Այդ ֆիլմի գլխավոր դերակատարներից մեկը՝ Քեն Դավիդյանը, ըստ սցենարի՝ Բորատի պրոդյուսերն էր, ֆիլմի երկրորդ հերոսը, և խոսում էր արևմտահայերեն: Ֆիլմի վերջում նա մերկանում է, հայերեն լեզվով հայհոյանքներ է տեղում՝ կռվելով Բորատի հետ: Այդ տեսարանները միանշանակ չէին ընկալվել նաև արտասահմանում և Հայաստանում ապրող հայերի կողմից: Նրանց մի մասը նույնիսկ համացանցում շատ կոպիտ հայտարարություններ և հայհոյանքներ էին տեղում Քեն Դավիդյանի հասցեին:

Ken Davityan (2)

Ինչևէ: Այսօր Քեն Դավիդյանը, գտնվելով Հայաստանում, պատմում է, որ երբ դեռ նոր էր ավարտել դպրոցը, մտածում էր, որ ինքն ամենալավն է. «Ալբերտ Բրուքսը, որ հիմա շատ մեծ ռեժիսոր է, բայց այն ժամանակ դա նրա առաջին գործն էր, ինձ գործ տվեց, ու նա էլ ինձ ասաց՝ «դու հիանալի ես, դու հիասքանչ ես»… այնպես գլուխս լցրեց, որ ես էլ (22 տարեկան էի) մտածեցի, որ աշխարհում չափ ու սահման չկա: Այդ ֆիլմի պրեմիերային ինձ 10 տոմս տվեցին, որ հրավիրեմ՝ ում ցանկանամ: Հրավիրեցի ընկերներիս, ու իրար հետ սպասում էինք, որ պետք է ցուցադրվեր: Պրեմիերան վերջացավ, ու իմ գործն այդպես էլ ցույց չտվեցին: Արդեն սիրտս, հոգիս պայթում էր: Այնտեղ կա մի միություն, որտեղ մտնելը շատ դժվար է: Շատ գործեր պետք է անես, որ կարողանաս մտնել: Այնտեղ պետք է լինի մեկը, որ քեզ ընտրի: Այդ մարդն էլ ինձ էր ասել, ինձ քարտ էին տվել, որ ես արդեն այդ միության մեջ եմ մտել, բայց ոչ նկարի մեջ: Ես էլ 10 հոգի տարել եմ: Ի՞նչ անեմ: Ինձ չէին տեղեկացրել, գոնե ասեին: Ամոթ, նեղված, բայց ի՞նչ պետք է անես: Չես կարողանում առաջ գնալ, չես կարողանում առաջ չգնալ: Ես բոլորին ասել եմ՝ եթե դերասան լինելը հերոինի նման չէ քո համար, գնա բժիշկ դարձիր, որովհետև որ ավարտես, գոնե կիմանաս, որ գործ ունես 25-30 տարի»:

Ken Davityan (4)

Քեն Դավիդյանը պատմեց, որ Հայաստան ժամանելուց մեկ ամիս առաջ դիմել էր ինչ-որ դերի համար, քանի որ մտածել է, որ ինքն ամենաշատն է համապատասխանում այդ դերին: Երբ եկել է Հայաստան, իրեն գրել են, որ դերն ուրիշին են տվել. «Ես էլ բորբոքված այնպես հայհոյեցի (շատ դժվար է գրելով հայհոյելը), որ հաջորդ օրն ինձ գրեցին, որ փոխնախագահն ուզում է իմ գրածը կարդալ, դրանից հետո ամբողջ օրը բացվեց, ամեն ինչ շատ լավ եղավ, որովհետև այդ մարդն ասաց, որ ուզում է կարդալ»:

Ken Davityan (1)

Նա ասաց, որ այժմ որոշակի նախագծերով է զբաղված, որպեսզի «Հոլիվուդը» Հայաստան բերի: Դերասանները հետաքրքրվեցին, թե Հայաստանում աշխատելու պարագայում ինչպե՞ս է ընտրելու դերասաններին, որոնց հետ կցանկանար աշխատել: Նա պատասխանեց, որ առաջին գրավականներից մեկն անգլերենի իմացությունն է, քանի որ ինքը հայերեն լավ չգիտի: Ոմանք դժգոհեցին՝ ասելով, թե կարող է՝ լեզու չիմանան, բայց շատ լավ դերասան լինեն: Ք.Դավիդյանը բացատրեց, որ եթե ուզում են աշխատել որևէ ռեժիսորի հետ, պետք է ոչ թե իրենց պահանջները դնեն, այլ իրենք հարմարվեն ռեժիսորի պահանջներին: Նա ասաց, որ ինքը կընտրի այն մարդուն, որն ամենաշատը կհամապատասխանի տվյալ կերպարին:

Ներկայացնում ենք Քեն Դավիդյանի հետ հանդիպման տեսանյութը.

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս