Վրացիներին զիջում ենք
Հայաստանի տնտեսության զարգացումը զգալիորեն զիջում է հարևան Վրաստանի տնտեսության աճին: Պաշտոնական տվյալներով` այս տարվա առաջին եռամսյակում Վրաստանի ՀՆԱ-ն կազմել է 3 մլրդ 610 մլն դոլար, աճը` 9.3%: Նույն ժամանակահատվածում Հայաստանի ՀՆԱ-ն կազմել է 1 մլրդ 830 մլն դոլար, աճը` 3.1%: Տարեկան կտրվածքով Վրաստանի ՀՆԱ-ն Հայաստանի ՀՆԱ-ից ավելի է կիսով չափ, մասնավորապես` 2013-ին Վրաստանի ՀՆԱ-ն կազմել է մոտ 15.8 մլրդ դոլար, իսկ ՀՀ-ինը` 10.4 մլրդ դոլար:
Վրաստանն ընտրեց Եվրամիության հետ ասոցացումը և արդեն ֆինանսական լուրջ աջակցություն է ստանում ԵՄ-ից: Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ինչը դեռևս չի էլ հաջողվում: Ի՞նչ է սպասվում երկու հարևաններին տնտեսական առումով:
Վրացագետ Ջոն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ նույնիսկ առանց եվրոպական կամ եվրասիական ուղղության, զուտ աշխարհագրական դիրքի առումով Վրաստանն առավել բարենպաստ դիրքում է` ունի ծով և անգամ Ռուսաստանի հետ վատ հարաբերությունների պայմաններում շարունակում է առևտուր անել ՌԴ հետ: Մինչդեռ ՀՀ-ն արդեն տարիենր շարունակ շրջափակված է և արտաքին աշխարհի հետ շփումներում հիմնական հույսը Վրաստանն է, այսինքն` շատ մեծ կախվածության մեջ է նրանից: Ըստ նրա` Հայաստանի տնտեսության զարգացման ոչ բավարար տեմպերը օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմ ունեն. «Կարելի էր ավելի արդյունավետ աշխատել և մեծ աճ ունենալ, ներդրումներ բերել: Վրաստանում ներդրումներ ներգրավելու ուղղությամբ շատ արդյունավետ են աշխատում, նույնիսկ Պարսից ծոցից են ներդրումներ բերում: ՀՀ-ն Վրաստանից կարող է փոխառել ներդրումներ ներգրավելու փորձը»:
Փորձագետի խոսքով` ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը Վրաստանում շուտով գործողության մեջ կմտնի, սակայն իրականում վրացիները չեն կարող շատ ապրանքներ արտահանել ԵՄ, քանի որ ստանդարտների համաձայնեցման խնդիր կա, արդյունաբերությունը զարգացած չէ, և տնտեսության խթանման առումով մինչ այժմ շեշտը հիմնականում դրվել է հեռահաղորդակցության ու բնական պաշարների վրա: Նրա կարծիքով` եթե Ուկրաինայի դեպքում եվրոպական ստանդարտների ներդրման համար խոսք է գնում միլիարդների մասին, ապա Վրաստանի դեպքում շատ ավելի մեծ ռեսուրսներ կպահանջվեն: Ջ.Մելիքյանը կանխատեսեց, որ առաջիկայում Վրաստանի տնտեսությունը որոշակի անկում կապրի, և միայն 5-10 տարի հետ կկարողանա վերականգնել ներկայիս մակարդակը: