«Եթե կռիվ եղավ, թշնամին սահմանն անցավ՝ ճակատը օր-օրի կմոտենա. ի՞նչ տարբերություն որտեղ ես ապրում»
Ուղտասարն Արցախի երիտասարդ գյուղերից է: Կենսագրությունը սկսել է գրվել մարտական գործողությունների ավարտից հետո: Անունը պատահական չի ընտրվել:
Բարձունքը, որի ստորոտում պետական ծրագրով սկսել են տներ կառուցվել, հայտնի դարձավ պատերազմի օրերին: Ուղտի սապատի տեսք ունեցող բարձունքին հակառակորդի հարձակումներին դիմակայող կարեւոր դիրքերից մեկն էր տեղակայված:
Պատերազմից հետո բարեբեր ստորոտում շինարարություն սկսվեց: Ծնվեց Արցախի նոր սահմանամերձ գյուղերից մեկը:
Կարո Հովսեփյանին չի անհանգստացնում այն, որ ապրում է առայժմ շփման գիծ կոչվող սահմանին ավելի մոտ, քան իր հայրենակիցներից շատերը: Երբ 2003-ին որոշեց նոր վայրում հիմնավորվել, այդ մասին չէր էլ մտածում: Հիմա էլ հարցին ինչ-որ տեղ փիլիսոփայորեն է մոտենում:
«Ի՞նչ տարբերություն, այստեղ ես, Ստեփանակերտում, կամ Գորիսում եւ Երեւանում: Եթե կռիվ եղավ, թշնամին սահմանն անցավ՝ ճակատը օր-օրի կմոտենա: Ի՞նչ տարբերություն որտեղ ես ապրում»:
Կարո Հովսեփյանի կարծիքով՝ հիմա էլ պատերազմը շարունակվում է: Դիպուկահարների մասին է խոսում: Զոհեր այսօր էլ կան: «Կռիվը շարունակվում է»:
Նա էլ իր «կռիվն» ունի: Խաղաղ եւ բարեկեցիկ կյանք կառուցելու կռիվ է: Ճակատն է, տնամերձն է, գյուղամերձում գտնվող այգին, դաշտը:
Խոստովանում է, իրեն Ուղտասար բերողը հողն էր, կլիման: Մի գիշերում սիրահարվեց այս տեղերին, ընդամենը մի գիշեր հյուր լինելով բարեկամին, որոշեց գալ ու ապրել այստեղ: Եկավ որպես մասնագետ, պետությունը տուն հատկացրեց, հող ստացան: Գյուղի առաջին հաշվապահն էր, սակայն գուղը ստիպեց, որ դառնա լավ հողագործ:
Բակը, այգին… ամեն ինչ լցված է սիրով: Ընտանի թռչունների բազմաձայնին թոռների ճռվողյունն է խառնված: Ու պապիկը դրանից հինում է: Հանգստանում:
«Երեք զավակ, իննը թոռ ունեմ: Երեխաներին ասել եմ՝ ով տասերորդն ինձ պարգեւեց, մեծ նվեր կստանա»: Անկեղծանում է.
«Տղաս ունեցավ՝ մեկ միլիոն դրամ կտամ: Աղջիկներիս երեխա ծնվեց՝ ավելի քիչ: Չէ ՜, թոռներիս բոլորին էլ սիրում եմ, հավասար աչքով եմ նայում, բայց դե որդու որդին այլ քաղցրություն ունի: Տղա է: Ազգանվան շարունակողը, օջախի ծուխը վերհանողը»:
Ամռանը պապիկի տունը դառնում է զավակների եւ թոռների հավաքատեղին: Պապն ուրախանում է, որ փոքրիկները գյուղի հետ կապված են:
«Առավոտյան ժամը 5-ից մինչեւ երեկոյան ժամը 10-ը հողի հետ եմ: Հողն այստեղ աշխատողին պարգեւատրում է: Ով աշխատում է՝ բավարար ապրուստ ունի: Ով սեփական դաշտում չի բանում, օրավարձով է աշխատում: Օրական վեց հազար դրամը քիչ փող չէ: Բոլորն էլ լավ ապրում են»,- գյուղի կայնքն այսպես է ներկայացնում Կարո Հովսեփյանը:
Այս երեխաների մեջ:
Ամեն ինչ նրանց համար է:
Նրանք այստեղ են ծնվել:
Սա նրանց փոքր հայրենիքն է:
Պապի իր առօրյայի, գյուղական կյանքի, ընտանիքի եւ գյուղի ապագայի մասին մտորումների խտացումն են այս մտքերը: Համոզված է, որ մեծերն այնպես պիտի անեն, որ հողի հանդեպ իրենց սերը, մտածումները փոխանցվեն նրանց, եւ այն մանկական կապվածությունը, որ ունեն պապիկի տան հետ, դառնա ապագա կառուցելու գրավական:
«Այստեղից ոչ հեռու այգի եմ տնկել: Թոռներիս համար է:Կմեծանան, կհպարտանան պապիկի արածով, որ իրենց այգի է ժառանգել»:
Գուցե հենց թոռներին կվիճակվի գտնել սահմանից այն կողմ ապրող հարեւանների հետ հարաբերությունների ճանապարհը: Իր սերունդը հաստատ դա չի տեսնի:
Բացատրում է.
«Երբեմն ադրբեջանական հեռուստաալիքներ դիտում եմ: Լեզուն հասկանում եմ: Իրենք պատմության մասին են անընդհատ խոսում: Ավելի շատ պատմություն հնարում են, նույնիսկ հանրահայտ փաստերն են գլխիվայր ներկայացնում: Եւ դրանով սերունդ են դաստիարակում: Այդպես հարեւանների միջեւ խաղաղության չես հասնի: Ժողովրդական խոսք կա՝ «Հարեւանդ վատն է, տունդ փոխիր, վաճառիր, նույնիսկ էժան գնով»:
Մենք հիմա այդ վիճակում ենք ապրում՝ իրարից ոչ հեռու, բայց շա՜տ հեռու: Ադրբեջանում մեզ պես չեն մտածում՝ այնտեղ թշնամանք են քարոզում: Հայերին վնասելու համար պարգեւներ խոստանում: Մինչեւ Ադրբեջանում ավելի ժողովրդական մարդ չգա իշխանության՝ ոչինչ չի փոխվի: Իսկ դա շուտ չի լինի: Գուցե մինչ այդ մի հինգ-վեց սերունդ փոխվի: Մենք դա չենք տեսնի: Բայց վաղ թե ուշ հարեւանության սովորույթը վերականգնվելու է»:
Նոր կռի՞վը:
«Եթե եղավ՝ հարցին նոր լուծում կտա: Ինչ-որ որոշում կընդունվի: Չնայած հիմա էլ կռիվ է: Եթե դիպուկահարներն աշխատում են, մարդիկ են զոհվում, դա էլ կռիվ է: Ժամանակին Ադրբեջանը վախից զինադադարի համաձայնեց, տեսնելով որ ավելի շատ տարածքներ է կորցնում: Խորամանկեցին: Բայց կռիվը դրանով չվերջացավ: Զինադադարը եւ կա, եւ չկա հիմա:
Կարո Հովսեփյանը կարծում է, որ եթե Ադրբեջանում զգան, որ ուժեղ են եւ կարող են բաց պատերազմում հաղթել՝ կսկսեն ռազմական գործողությունները:
«Բայց իրենք էլ լավ հասկանում են, որ այդ գործում կապ չունի թե բանակի համար ինչ մեծ ներդրումներ եւ ծախսեր են կատարվում։ Մենք մարտունակ բանակ ունենք ու հաղթանակն ավելի հավանական է»։
Սահմանից ոչ հեռու ապրող գյուղացին սահմանը բացելու, առեւտրական կապեր հաստաելու հեռանկարից չի զարմանում, որ երբեւէ դա կլինի, համոզված է, բայց ահա տարածքային փոխզիջումների մասին զրույցներից զարմանում է: Պատճառը դարձյալ ադրբեջանական հեռուստաալիքներն են եւ ադրբեջանական քարոզչությունը.
«Ալիեւն ասում է մեր դրոշը պիտի Ստեփանակերտում ծածանենք, Ստեփանակերտ չէ, Խանքենդի է ասում: Այսինքն այդ ի՞նչ տարածք պիտի տանք իրենց, որ ախորժակները բավարարվի: Մեկը տաս՝ հաջորդն էլ կուզեն, իրենց ախորժակի սահմանը նույնիսկ Ստեփանակերտում չի … մյուս հայկական տարածքներն էլ են ուզում: Սխալ է ինչ-որ բան տալը: Չեմ կարծում, թե մեր կառավարությունը կհամաձայնի այդ առաջարկին. անհեռանկար քայլ է: Եթե ուզում են, որ այստեղ խաղաղություն լինի՝ պիտի մեզ միջազգայնորեն ճանաչեն»:
Գյուղացին իր կամքում հստակ է, թեեւ գիտակցում է, որ հարեւանների անզիջում պահվածքը հաստատուն խաղաղության չի բերելու: Բայց այդ գիտակցումը չի խանգարում, որ առօրյա հոգսերից խոսի, առօրյա, բայց գյուղի ապագան կանխորոշող: Երեխաների թիվը երիտասարդ գյուղում տարեցտարի ավելանում է, եւ դա հոգս է դարձել նրա առաջին բնակիչների համար: Մանկապարտեզ է անհրաժեշտ: Դպրոցի սենյակները չեն բավարարում՝ երկու դասարանով մի սենյակում են պարապում: Ջուրը գյուղում քիչ է: Գազ չկա, ինչն անտառազուրկ գյուղի համար մեծ խնդիր է, հատկապես այն օրերին, երբ էլեկտրականության խափանումներ են լինում: Այս խնդիրների լուծմանը սպասում են բոլոր ուղտասարցիները:
Կարո Հովսեփյանը դրա իրականացման կարեւոր պայմանը ձեւակերպում է այսպես. «Պիտի սահմանն ամուր պահես եւ ուժեղ դիվանագիտություն ունենաս»:
Էրիկ Ավանեսյա