Ծառերի ձայների արձագանքը հայոց այբուբենում (տեսանյութ)
Նյութի շարադրանքը հասկանալու համար պետք է հստակ պատկերացնել Այբուբենի առանձնահատկությունը։
Օրինակ, Ո տառանշանի թվային արժեքը 600 է, իսկ կարգաթիվը` 24։ «Այբուբեն» բառը ստուգաբանենք ըստ կարգաթվերի (1+21+2)+(34)+(2+5+22) =24+34+29=80+7=ձ+է։ Միանգամայն տրամաբանական է ենթադրել, որ ձ-ն համապատասխանում է` «ձայն», իսկ «է»-ն էության խորհուրդներին։
Մաշտոց խորհուրդը` որպես գիտելիքի շտեմարան
Ուշադրություն դարձնենք հետևյալ կարևոր հանգամանքի վրա` մեր Այբուբենն ընդունված է անվանել մեսրոպատառ։ Իսկ ինչպե՞ս է պետք անվանել Այբուբենում գաղտնագրված ժամանակի գիտությունը, որն, ինչպես պարզվում է, գրեթե կատարյալ էր և ուրեմն` աստվածատուր։ Ո՞ր թվերն են հնում համարվել կատարյալ։ Դավիթ Անհաղթը գրել է, որ առաջին կատարյալ թիվը 6-ն է, և ահա թե ինչու. 6։6+6։3+6։2=1+2+3=6։
Ստուգաբանենք Մաշտոց խորհուրդի այբբենական կարգաթիվը` 20+1+23+31+ 24+33=132։1+3+2=6։
Վեց թվանշանին համապատասխանում է «Զ» տառը, որը, սակայն, արդեն ոչ թե հնչյունանշան է, այլ կրում է իմաստային խորհուրդ։
Փորձենք գտնել Այբուբեն և Մաշտոց խորհուրդների հնարավոր տրամաբանական կապը. 8։8+8։4+8։2=1+2+4=7։8+7=15։ 1+5=6։ Այսինքն` ձայնն ունի էություն, որը կատարյալ է։
36 և 666
Հնում գործել է կատարյալ թվերի որոշման հետևյալ ալգորիթմը. 6-ին հաջորդող կատարյալ թիվն է 6+4=10, այնուհետև` 10+5=15, 36-ը վեցերորդ կատարյալ թիվն է։ Կատարյալ թվերի բազմազանությանն է պատկանում 666-ը, որը հավասար է 1-ից մինչև 36 թվերի գումարին և թվով 34-րդն է (33+1)։
Հայոց Այբուբենը, ինչպես և Տոմարը, Արեգակնակենտրոն է։ Այբուբենը նաև ժամանակացույց է. 6-րդ (Զ), 15-րդ (Կ-թվային արժեքը` 60), 24-րդ (Ո-600) և 33-րդ (Ց-6000) տառա և թվանշաններին համապատասխանում են Տրնդեզը, մայիսյան` գյուղատնտեսական աշխատանքներին նվիրված, Նավասարդի և Նախրաթողի տոները։ Նավասարդի օրը (11.08. Ք.ա 2492թ.), որը համապատասխանում է 600 (Ո) տարեթվին` Հայկ Նահապետը (Բարին) տապալեց Բելին (Չարին)։
Հայկ Նահապետի անունով է կոչվել Օրիոն համաստեղությունը։ Գեղեցիկ օրինաչափություն են հայտնաբերել լեզվաբանները, ովքեր նկատել են, որ ոսկի, արծաթ, արճիճ, երկաթ, պղինձ և անագ մետաղների այբբենական կարգաթվերը հավասար են դրանց ատոմային թվերին։ Վերոգրյալ մետաղները հնում համապատասխանեցվել են անզեն աչքով դիտվող երկնային լուսատուներին, համապատասխանորեն` Արեգակ, Լուսին, Երևակ, Հրատ, Լուսաբեր, Լուսնթագ։ Հետագա ստուգաբանման կարիք ունի միայն սնդիկը, որի ատոմային կարգաթիվն 80 է, իսկ բառի կարգաթիվը` 81։ Այս մետաղը հնում անվանել են կենդանի կամ հեղուկ արծաթ (Մոլորակը` Փայլածու)։
Օրինակ.
Ոսկի` 24+29+15+11=79,
Արճիճ` 1+32+19+11+19=82, և այլն։
Հարց է առաջանում. եթե Հին Հայաստանում եղել է այդչափ զարգացած և համակարգված գիտություն, ապա ո՞րն է Հայկն համաստեղությանը համապատասխանող մետաղը։ Կարծում եմ, որ դա ոչ թե մեկ մետաղ է, այլ Լուսնոսկու խմբին պատկանող առնվազն երկու մետաղներ։ Ստորև բերված են Լուսնոսկու խմբի 6 մետաղների և հատկություններով դրանց շատ մոտ ռենիումի (75) ատոմային կարգաթվերը։
Ռուտենիում-ատոմային թիվը-44, ռոդիում-45, պալադիում-46, օսմիում-76, իրիդիում-77, պլատինիում-78։
Այժմ համեմատենք.
Հայկն-16+1+21+15+22=75։
ԶԿՈ-6+15+24=45։
ԶԿՈՑ-6+15+24+33=78։
Բույսերի ձայները
Առաջին հայ քրմապետը` Հայկ Նահապետի ավագ որդի Արամանյակը, հիմնադրել էր Սրբազան պուրակներ, որտեղ Հայի Ակնը (Հայ-Ակն-38+38=76) ուսումնասիրում էր Ձայների էությունը և կերտում իր գիտելիքների շտեմարանը։ Այժմ ստուգաբանենք մի քանի բույսերի այբբենական կարգաթվերը, որոնց անվանումները երևում են մեզ` որպես ստույգ հայտնի.
Բարդի-2+1+32+4+11=50։ Հիսունը Ծ տառի թվային արժեքն է, հնարավոր է, որ ունի «ծառ» իմաստը։ Հիսունը համապատասխանում է անագ մետաղի ատոմային թվին և Լուսնթագ մոլորակին։
Ծիրան-14+11+32+1+22=80. Ութսունը համապատասխանում է Ձ տառին, սնդիկ մետաղի ատոմային կարգաթվին և Փայլածու մոլորակին։
Ծիր-14+11+32=57, թիվը համապատասխանում է լանթան մետաղի ատոմային թվին։ Լանթանոիդների խումբը պարունակում է թվով 14 արծաթաճերմակ կամ թույլ դեղնագույն մետաղներ, որոնք հաճախ անվանում են «հողեր»։ Պարունակվում են հիմնականում երկրակեղևում, նաև ոչ երկաթային բնույթ ունեցող երկնաքարերում։
Կաղամախի-15+1+18+1+20+1+13+ 11=80։ Կաղամախին բարդու տեսակ է, տերևակոթունները երկար են, և անգամ օդի թեթևակի տատանումից տերևները շարժվում են և արձակում մեղմիկ սոսափյուն։
«Աղե» ուրարտական բառը ստուգաբանված է իմ հեղինակած «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գրքում և ունի` ասել, լսել, ձայն իմաստը։
Մի քանի այլ բույսերի ստուգաբանում. Ձիակասկ-89, մայրի-85, նուռ-84, սոճի-83, նոճի-76, և այլն։
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: