Բաժիններ՝

Աղբյուրի բացահայտման պահանջ կարող է լինել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում. 1in.am

Տեղեկատվության աղբյուրի բացահայտման պահանջից առաջ պետք է լինեն մշակված մեխանիզմներ: Իրավապաշտպան Արա Ղազարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, թե դա միջամտություն է, այն պետք է իրավաչափորեն արվի: «Մենք ունենք արդեն մի գործ, որով մի լրատվամիջոցի ստիպում են բացահայտել իր աղբյուրը: Հիմա տեսեք` եթե դա արվում է քրեադատավարական մեխանիզմով, այսինքն` դատարանի որոշումով, այնտեղ բացեր կան, օրինակ, տեսեք` լրագրողը չի իմացել էդ դատական նիստի մասին, իրեն չեն հրավիրել, մինչդեռ դա իր իրավունքներին է առնչվում»,- ասաց նա:

Ղազարյանի խոսքով՝ աղբյուրի բացահայտման պահանջը պետք է լինի անպայման ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների առումով: Իրավաբանի համոզմամբ՝ առանձին մեխանիզմներ պետք է մտածվեն, քանի որ դա երբեք չի կիրառվել Հայաստանում, մեխանիզմ էլ չկա, իսկ այսօր հարաբերությունները, պահանջմունքները մի քիչ այլ են, ու մեխանիզմների բացակայությունը մի քիչ անիրավաչափ է դարձնում նման եղանակով լրագրողին ինֆորմացիայի աղբյուրը բացահայտելու պահանջ ներկայացնելը:

«Ինքնին նման պահանջ ներկայացնելն անիրավաչափ չէ, որովհետև դա ընդունված պրակտիկա է ամբողջ աշխարհում, բայց որպես կանոն, դա պետք է արվի խիստ բացառիկ դեպքերում և դատավարական երաշխիքների առկայությամբ: Այստեղ հանրային խնդիր է դրված` հանրությանը տեղեկատվություն մատուցելու, լրագրողի իրավունքն է դա, հանրային դաշտին է ծառայում: Ասում են` դու քո աղբյուրները պետք է բացահայտես, իսկ դատական նիստի մասին տեղյակ չեն պահում, բայց նա պետք է մասնակցի այդ նիստին և հնարավորություն ունենա՝ ներկայացնելու իր պնդումները, մյուս կողմից` նա բողոքարկելու իրավունք ունի և այսօր բողոքարկում է»,- ասաց նա:

Ինքնին դատարանի որոշումն, ըստ Ղազարյանի, ստացվում է շատ ցածր երաշխիքների առկայության պայմաններում, մինչդեռ այստեղ մարդու հիմնական իրավունքների հարց է դրված, ուրեմն պետք է երաշխիքները բարձր լինեն: Հարցին՝ արդյոք լրագրողին իրավունք չպիտի՞ տրվի՝ իր աղբյուրները բացահայտելուց հրաժարվելու, նա պատասխանեց, որ այդ դրույթը ԶԼՄ-ների մասին օրենքում կա` այդ պահանջը պարտադիր է ծանր ու առանձնահատուկ ծանր հանցագործությունների դեպքում, իսկ մնացած բոլոր դեպքերում լրագրողը կարող է հրաժարվել: Իրավապաշտպանը կարծում է՝ պետք է կոնկրետ գործին անհատական մոտեցում ցուցաբերվի, ծանրութեթև արվի ընդանուր շահը: Հանցավորության դեմ պայքարում հանրային շահն է, որն, ըստ Ղազարյանի, պետք է հավասարակշռել փորձել անհատականի հետ, ուստի արդեն պետք է անհատական մոտեցում լինի:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս