Իգոր Մուրադյան․ Հայաստանի առնչությամբ ԱՄՆ-ի ազդանշանները այժմ հստակ չեն. «Ազատություն»
Հայաստանի անկախության երկու տասնամյակների ընթացքում Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է կանգնել, ասաց վերլուծաբան, տնտեսագետ Իգոր Մուրադյանը՝ «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությանը Վաշինգտոնում տված հարցազրույցում խոսելով հայ – ամերիկյան հարաբերությունների մասին:
Միաժամանակ, նա նշեց, որ «Հայաստանը միշտ չէ, որ հասկացել է Միացյալ Նահանգների առաջադրանքներն ու նպատակները, և ոչ էլ ամերիկացիներն են միշտ հասկացել Հայաստանի խնդիրներն ու նպատակները»:
«Ես կասեի, որ նախագահ Բուշի վարչակարգի տարիներին մենք մեզ շատ հանգիստ էինք զգում, քանի որ Միացյալ Նահանգները տարածաշրջանային ակտիվ քաղաքականություն էր վարում։ Այժմ կացությունը տարբեր է, և Միացյալ Նահանգները հստակ ազդանշաններ չի հաղորդում Հայաստանի նկատմամբ իր մտադրությունների մասին», – ասաց Մուրադյանը:
Վերլուծաբանը վստահ է, որ չնայած Հայաստանի դերը համաշխարհային առումով նշանակալից չէ՝ համաշխարհային անվտանգության ամերիկյան քաղաքականության մեջ կարևոր տեղ կգտնվի նաև Հայաստանի համար։
Մասնավորապես, «ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Իրանի փոխհարաբերությունների կարգավորմանը, ապա Հայաստանը հավանաբար կդառնա Իրան – Եվրոպա հարաբերություններում անկյունագծային մասնակից», ասաց Իգոր Մուրադյանը:
Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի հավանական անդամակցությանը՝ Մուրադյանը շեշտեց, թե արդեն պարզ է դարձել, որ եվրասիական համագործակցությունը որևէ իրական հեռանկար չունի:
«Ոչ ոք չի հավատում եվրասիական համագործակցության պայմանագրին։ Նույնիսկ Ռուսաստանը չի հավատում։ Այժմ Ռուսաստանը սկսել է ազդարարել, որ այնքան էլ չի հետաքրքրված Հայաստանի հետ այդ համագործակցությամբ, որովհետև վաղ թե ուշ Հայաստանը սկսելու է իր իրավունքներին առնչվող պահանջներ ներկայացնել:
Ռուսաստանը վախենում է, որ դա կհանգեցնի հարաբերությունների խզման ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի հետ», – ասաց վերլուծաբանը՝ շարունակելով․
– «Թուրքիան և Ռուսաստանը շատ լավ են համագործակցում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցությունը սահմանափակելու հարցում։ Ինչ վերաբերում է մյուս եվրասիական խմբավորումներին, ապա դրանցից ոչ մեկը կայացած չէ»։
«Իմ կարծիքով՝ Հայաստանի ներկա կառավարությունը կցանկանար, որ Ռուսաստանի հետ օբյեկտիվ համագործակցությունը ձախողվի, և որ Հայաստանը պատասխանատվություններ չունենա Ռուսաստանի նկատմամբ։ Ժամանակակից պայմաններում բոլոր շուկաները հետաքրքիր են, սակայն Հայաստանի զարգացման հեռանկարը միայն հնարավոր է եվրոպական շուկաներ մուտք գործելու դեպքում», – ասաց տնտեսագետը:
Մանրամասներն՝ այստեղ