Իշխանության մեծամտությունը
Անցնող շաբաթվա ամենացնցող լուրը, հարկավ, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին վերաբերողն էր: Մարդն իր հայրենի Կողբ գյուղում եկեղեցի է կառուցել: Նույնիսկ որմնապատկերներ է պատվիրել: Իսկ նկարիչը «Խորհրդավոր ընթրիքի» որմնապատկերում առաքյալներից մեկին նկարել է մարզպետ Հովիկ Աբովյանի նմանությամբ: Շատերն էին հուզվել: Նույնիսկ արևմտամետները: Իսկապես կատարվածը խիստ խորթ է հայկական քրիստոնեական ավանդույթներին: Բայց նման մոտեցումը խիստ տարածված էր արևմտյան քրիստոնեության մեջ: Միջնադարում, իհարկե: Օրինակ, գերմանական մշակույթի մեկենասի համբավ ունեցող կարդինալ Ալբերտ Բրանդերբուրգցին 16-րդ դարի սկզբում Լուկաս Կրանախ Ավագին պատվիրեց իրեն նկարել Հիսուսի խաչելության ֆոնին: Սույն կարդինալը հոգևոր սան ընդունելու համար ժամանակին խոշոր գումար էր պարտք վերցրել և կարդինալ դառնալուց հետո Հռոմի պապից ինդուլգենցիաներ վաճառելու իրավունք ստացավ: Գոյացած գումարի կեսը Պապին ուղարկեց, մյուս կեսով պարտքերը փակեց: Բայց նրա փառասիրությունը խաչելությանը «ներկա» գտնվելու նկարով չսահմանափակվեց: Կարդինալը Կրանախին պատվիրեց իրեն նկարել 4-րդ դարի սուրբ Հերոնիմոսի փոխարեն` աշխատասեղանի առջև նստած: Սա եզակի դեպք չէր, բայց արևմտյան մշակույթում հակառակ օրինակներն էլ կան: Լեոնարդոյի «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի մեկենաս իշխանը նկարչին տեղեկացրեց, որ վանահայրը դժգոհում է ժամկետները խախտելու փաստից: Նկարիչը բացատրեց, որ ուշացման պատճառն այն է, որ ինքը չի կարողանում բնորդ գտնել Հիսուսի և Հուդայի դիմանկարների համար և հենց հիմա կարծես գլխի ընկավ, թե ինչ դիմագծեր ուներ Հուդան: Այս պատասխանից հետո վանահայրն այլևս չէր անհանգստացնում Լեոնարդոյին: Բնորոշ է նաև հաջորդ օրինակը: Միքելանջելոյի «Ահեղ դատաստան» որմնանկարը հրապարակավ քննադատել էր Հռոմի Պողոս 3-րդ պապի արարողակարգի պատասխանատու Չեզեն: Նեղացած արվեստագետը եկեղեցական չինովնիկին պատկերեց որմանկարի դժոխքի հատվածում: Չեզեին ոչինչ չէր մնում, քան պապին խնդրել, որ կարգադրի արվեստագետին ջնջել իր նկարը: Պապի հումորով տված պատասխանը խիստ ուսուցողական էր. նա ասաց, որ իր իշխանությունը սատանայի վրա չի տարածվում և Չեզեին խորհուրդ տվեց անձամբ լեզու գտնել Միքելանջելոյի հետ: Այսպիսի դասերով էր արվեստագետներին հաջողվում զսպել իշխանավորների փառասիրությունը: Բայց նման փառասիրությունը բնորոշ չէր մեր իշխաններին: Միջնադարում բնորոշ չէր: Նրանցից շատերն իրենց գործած մեղքերը քավելու համար եկեղեցի էին կառուցում: Հուսալով, որ այդ եկեղեցիներում հնչող աղոթքը փրկության ճանապարհ կբացի իրենց մեղավոր հոգիների համար: Այս իմաստով հավանաբար ոչինչ չի փոխվում: Ալեքսանդր Մանթաշյանցն էլ Փարիզի կենտրոնում՝ Ելիսեյան դաշտերում, Սբ. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցի կառուցեց: Երբ լրագրողները զարմացած հարցրեցին, թե ինչու Փարիզն ընտրեց և ոչ թե եվրոպական այլ քաղաք, ուր ավելի շատ հայ է ապրում, նա պատասխանեց, որ ամենաշատ մեղքեր ինքը հենց Փարիզում է գործում: Բայց ակնհայտ է, որ վաղ միջնադարից մինչ մեր օրերը հայ մեծահարուստներն ու իշխանները չեն փորձել սրբապատկերներում անմահացնել իրենց: Հիմա ինչ-որ բան փոխվել է: Եվ Տավուշի մարզպետ պարոնը կարող է արդարանալ, որ ինքն առաջինը չէ: Եվրոպական Վերածննդի շրջանում հայտնի շատ ազնվականներ ու մեծահարուստներ են պատվիրել նկարել իրենց միայնակ ու սեփական ընտանիքի անդամների հետ սրբապատկերներում: Կարող է արդարանալ, առանց հաշվի առնելու, որ դա մոդայիկ էր միջնադարում: Նման փառասիրությունը ժամանակակից մարդուն դժվար թե պատիվ բերի: Մյուս կողմից` հնարավոր է, որ մենք ենք սխալ: Ազգային մեծագործ իշխանական Պռոշյանների տոհմը, օրինակ, իրենց զինանշանը պատկերել է Ս. Գեղարդ վանքի որմին: Ու այս իմաստով` ինչո՞ւ պիտի զարմանանք, որ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանն իր «Մուլտի գրուպի» առյուծը պատկերել է իր ֆինանսավորմամբ կառուցված եկեղեցու պատին: Հետո՞ ինչ, որ ազգային լրջագույն մտավորականները հատորներ են գրել Պռոշյանների մեծագործության մասին: Օրինակ, Գարեգին Հովսեփյանը երկու հատոր է գրել Պռոշյանների մասին: «Զարմացրիք»` կասեին նոր հայերը: Հիմա էլ են շատերի մասին գրքեր գրվում: Իսկ գիրք գրողները գրագետ են, հետևաբար` բոլոր հիմքերն ունեն իրենց մտավորական համարելու: Իսկապես գուցե մենք էինք սխալ, երբ Հայաստանը Սահմանադրությամբ բաժանեցինք մարզերի: Մարզերի բաժանեցինք ու այդ տարածքի կառավարչին մարզպետ կոչեցինք: Շատ ավելի ճիշտ, և, որ ավելի կարևոր է՝ շատ ավելի ազնիվ կլիներ, եթե «մարզպետի» փոխարեն նրանց «մարզպան» կոչեիք: Ի վերջո, տղերքը Մարզպանական Հայաստանի ժամանակաշրջանից առաջ չեն անցել: Ոչ աշխարհընկալման, ոչ բարքերի տեսանկյունից: Լրիվ Միջնադար: Ավելի ճիշտ՝ վաղ Միջնադար: