
Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում կարող է հանդիպել Մերկելի հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակցելու է հուլիսի 13-ին Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը, որում իրենց ուժերը կչափեն Գերմանիայի ու Արգենտինայի հավաքականները:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Նրա խոսքերով՝ կա հավանականություն, որ Պուտինը Ռիո դե Ժանեյրոյում հանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
Ուշակովն ակնհայտ է համարել, որ եզրափակիչ հանդիպումը դիտելու համար Ռիո դե Ժանեյրո կժամանեն նաև այլ երկրների ղեկավարներ և իրենք կունենան նաև այլ հանդիպումներ:
Սրանից առաջ հաղորդվել էր, թե Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը ներկա են գտնվելու Աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպմանը: