Բաժիններ՝

Ովքեր են պարտավոր մուծել կուտակային 5%-ը

Վերջին օրերին տարբեր ահազանգեր են հնչում, որ տարբեր կազմակերպություններում պահվում է կուտակային 5% վճարը՝ չնայած աշխատակիցների կողմից գրված հրաժարման դիմումներին: «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների միջև սոցցանցում բանավեճ էր ծավալվել, որի մասնակիցներից մեկը հայտարարել էր, որ իր առջև պայման է դրվել, որ պետությունն աշխատավարձ չի տալու, մինչև չստորագրի, որ համաձայն է, որ իրենից կուտակային վճար պահեն, ինչպես նաև նախորդ ամիսների չպահածները նույնպես պահեն աշխատավարձից: Բանավեճի մյուս մասնակցի պնդմամբ, որ նույն կենտրոնի աշխատակից է, ինքը հունիսի աշխատավարձը ստացել է հուլիսի 1-ին՝ առանց որևէ խոչընդոտի: Նկատենք, որ բանավեճի այս երկրորդ կողմը չի նշել՝ կուտակային համակարգին մասնակցելուց հրաժարվելու դիմում գրե՞լ է, թե՞ ոչ, և ո՞րն է իր կարգավիճակը:

Կուտակային համակարգի իրազեկման կենտրոնի (ԿՀԻԿ) գործադիր տնօրեն Կորյուն Սարգսյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք նման ահազանգեր չեն ստացել: Նա տարակուսեց, թե ինչո՞ւ պետք է հունիսի աշխատավարձի հետ կապված որևէ խնդիր լինի, եթե հունիսի դեպքում դեռ գործում են համակարգից հրաժարվելու մասին դիմումները: Սակայն արդեն հուլիս ամսվա համար, ըստ Սարգսյանի, հարկավոր է պարզել սեփական աշխատավայրի կազմակերպաիրավական կարգավիճակը, այսինքն՝ այն պետական համակարգի կառո՞ւյց է, թե՞ ոչ:

Հուլիսի 1-ից գործում է կուտակայինի մասին նոր օրենքը, ըստ որի՝ պետական համակարգի վարձու աշխատողներ են համարվում՝

ա) հանրային ծառայողները (բացառությամբ ՀՀ պաշտպանության, ոստիկանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների և Հայաստանի փրկարար ծառայության համակարգի հրամանատարական և ոչ հրամանատարական կազմի ծառայողների, քրեակատարողական ծառայողների և դատական ակտերի հարկադիր կատարողների):

Կարդացեք նաև

բ) պետական կառավարչական հիմնարկներում, համայնքային կառավարչական հիմնարկներում և դրանց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներում, պետական ոչ առևտրային կազմակերպություններում, ՀՀ կենտրոնական բանկում աշխատանքային և/կամ քաղաքացիաիրավական պայմանագրով եկամուտ ստացող անձինք:

Օրենքի փոփոխություններով կուտակային բաղադրիչի մասնակիցներ են 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված վարձու աշխատողները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները: Կուտակային համակարգի մասնակից անձը մինչև 2017 թ. հուլիսի 1-ն իրավունք ունի հրաժարվելու սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ գործատուի միջոցով հարկային մարմնին դիմում ներկայացնելով: Համակարգից հրաժարվելու մասին դիմումը մասնակիցը գործատուին կարող է ներկայացնել մինչև 2014 թ. դեկտեմբերի 25-ը:

Սոցիալական վճարներ կատարելուց չեն կարող հրաժարվել՝

ա) 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված պետական համակարգի բոլոր վարձու աշխատողները: Ընդ որում՝ եթե նշված անձինք ընդգրկված են սոցիալական փաթեթի ծրագրում, ապա իրավունք ունեն իրենց սոցիալական փաթեթի գումարը (բացառությամբ առողջապահության փաթեթի համար նախատեսված 52 հազար դրամից)՝ որպես սոցիալական վճար, փոխանցել իրենց կենսաթոշակային հաշվին:

բ) 2014 թ. հուլիսի 1-ից հետո աշխատաշուկա մուտք գործած՝ 1974 թ. հունվարի 1-ից հետո ծնված բոլոր անձինք:

Եթե անձը ծնվել է 1996 թ. հունվարի 1-ին կամ դրանից հետո, ապա նրա կողմից վճարվող սոցիալական վճարի գումարը, մինչև 2017 թ. հուլիսի 1-ը, նվազեցվելու է մասնակցի եկամտային հարկի գումարից:

Ի դեպ, եթե անձը պետական կառույցի աշխատակից է և չի ցանկանում համակարգի մասնակից դառնալ, արդեն ուշացել է, քանի որ հուլիսի 1-ից հետո ոչ մի դիմում չի օգնի, պետության աշխատողների համար կուտակայինը պարտադիր է (1974 թ. հունվարի 1-ից հետո ծնվածների համար): Հարկ է նշել, որ օրենքի փոփոխությունները մշակող պաշտոնյաները բավականին խորամանկ են գտնվել՝ պետական աշխատողներին գրեթե զրկելով համակարգին չմասնակցելու որևէ հնարավորությունից: Խնդիրն այն է, որ օրենքի փոփոխությունները շատ արագ ընդունվեցին և մտան ուժի մեջ՝ քաղաքացիներին հնարավորություն չտալով լավ ծանոթանալ բոլոր մանրամասներին: Խնդիրն այն է, որ եթե անգամ պետական կառույցի աշխատողը հունիսին աշխատանքից դուրս գալու դիմում ներկայացնի, մեր իրականության պայմաններում նա դժվար թե հասցնի նոր աշխատանք գտնել, մինչդեռ հուլիսի 1-ի դրությամբ, եթե քաղաքացին գործազուրկ է, ապա հետագայում աշխատանքի անցնելու դեպքում նա չի կարող հրաժարվել մասնակցությունից: Սրա հիմնավորումը մեկն է՝ օրենքի փոփոխությունների հիմքում դրվել է հուլիսի 1-ի դրությամբ սպառման ծավալների նվազում թույլ չտալու սկզբունքը: Այսինքն՝ հաշվի է առնվում միայն՝ հուլիսի 1-ին անձը աշխատո՞ղ է, թե՞ ոչ, սպառման նվազում կարո՞ղ է լինել, թե՞ ոչ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս