Բաժիններ՝

Ինչու հայկական մեղրը չի արտահանվում Եվրամիություն

Անցած տարի պաշտոնապես հայտարարվեց, որ Եվրամիությունը թույլատրել է հայկական մեղրն արտահանել Եվրոպա: Այս հնարավորությունը ոգևորել էր մեղվապահներին, և նրանք սկսել էին ԵՄ երկրներում գործընկերներ փնտրել: Սակայն մինչ օրս եվրոպացիները «չեն համտեսել» հայկական մեղրը, այն չի հասել եվրոպական շուկա:

168.am-ի հետ զրույցում Սննդի անվտանգության պետական ծառայության պետ Աբրահամ Բախչագուլյանը նշեց, որ պետությունը ստեղծում է հնարավորություն՝ մշակել է մեղրի մոնիթորինգային ծրագիր, ներկայացրել ԵՄ համապատասխան հանձնաժողովին, այն ընդունվել է, ՀՀ-ն գրանցվել է որպես մեղր արտահանող: ՍԱՊԾ-ն, ըստ Բախչագուլյանի, այլ գործառույթ չունի և ոչ մի այլ օգնություն չի կարող տրամադրել արտադրողներին. «Պետք է իրենք այնտեղ շուկաներ գտնեն: Խնդիրն ինքնակազմակերպման մեջ է: Որպես մեղր արտադրող՝ մեղվաբույծը երբեք մեղր չի արտահանի, ինչպես կաթ արտադրողը կաթ վերամշակողը չէ: Այսինքն, խնդիրն այն է, որ արտադրողները միավորեն, ստեղծեն կոոպերացիա, ստեղծեն վերամշակում, որովհետև մեղրը մեղր է դառնում ոչ թե փեթակում, այլ արտադրական գործընթացում:

Մեղվաբույծների միության նախագահ Թելման Նազարյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ հայկական մեղրն առայժմ չի հասել եվրոպացի սպառողին: Թե ինչո՞ւ, ըստ Նազարյանի, ՀՀ-ում մեղուների բուժումը կատարվում է քիմիական դեղամիջոցներով, ինչը ԵՄ ստանդարտներին չի համապատասխանում:

Թ.Նազարյանի խոսքով՝ Եվրոպայում երբեք չի արգելվել մեր մեղրի արրտահանումը, որը որակական բարձր հատկանիշներ ունի, բայց խոչընդոտը մեղվի բուժանյութերն են:

Կարդացեք նաև

Նա հայտնեց, որ կառավարությունում հանդիպումներ է ունեցել, պայմանավորվել են ինչ միջոցներ ձեռնարկել, որ հայկական մեղրը գնա Եվրոպա: Հանրային խորհրդում ստեղծվել է մեղվաբուծական և մեղվաբուժական հանձնաժողով՝ իր ղեկավարությամբ: Նազարյանը նաև տեղեկացրեց, որ գնացել է Արցախ, հանդիպումներ ունեցել, որպեսզի կարողանան այնտեղի էկո մեղրը ևս արտահանել:

«Մեր մեղրը գնալու է, և ոչ միայն մեղրը, այլև մեղվամթերքը: Միայն մեղրով բիզնես չի զարգանա»,- ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս